Տղամարդը պետք է աջակցի իր կնոջ նախաձեռնություններին և օգնության հասնի դժվար պահերին
Կանանց
մեկ ամսյա տոների շրջանակում Hayacq.com-ի հարցազրույցը ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը»
խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանի հետ:
-Ըստ Ձեզ, Հայաստանում այսօր կանայք որքանո՞վ են ներգրավված հասարակական-քաղաքական գործընթացներում:
-Հայաստանն այն յուրահատուկ երկրներից մեկն է, որտեղ կանայք դեռևս 20-րդ դարի սկզբից նկատելի դեր են խաղացել հասարակական-քաղաքական կյանքում: Նաև այսօր, կանայք ներկայացված են տարբեր քաղաքական ուժերի կազմում, իշխանության բոլոր ճյուղերում, հասարակական ակտիվիստներ, լրագրողներ, դասախոսներ են՝ և այլն:
-ԱԺ-ում կին պատգամավորները132 –ից ընդամենը 32-ն են: Գոհացուցի՞չ է:
-Համեմատ անցյալ գումարումների՝ կին պատգամավորների թիվը աճել է: Սակայն, կարծում եմ, մենք դեռ ականատես կլինենք կանանց դերի ամրապնդմանը և հետևաբար, կանանց ներկայացվածության աճին:
-Կին պատգամավորն ի տարբերություն տղամարդու ի՞նչ խոչընդոտների կարող է հանդիպել:
-Որևէ ֆորմալ խոչընդոտների կին պատգամավորները չեն հանդիպում, սակայն հասարակական տիրույթում հաճախ ստիպված են լրացուցիչ ջանքեր գործադրել, իրենց մասնագիտական արժանիքներն ապացուցելու համար: Ես կարծում եմ սա ժամանակավոր երևույթ է՝ կին քաղաքական գործիչների թվի աճի հետ կվերանա նաև այդ հանգամանքը: Մի օր հասարակությունը կտեսնի, որ հաջողված և անհաջող քաղաքական գործիչների տոկոսային հարաբերակցությունը տղամարդկանց և կանանց շրջանում նույնն է:
-Իսկ որո՞նք են առավելությունները:
-Կարող եմ միայն սեփական անունից խոսել՝ ես երբևէ որևէ առավելություններ չեմ փնտրել և չգիտեմ որոնք են դրանք:
-Կա նման կարծրատիպ, որ քաղաքականությունում տղամարդիկ առավել հաջողակ են:
-Քանի որ քաղաքականության մեջ տղամարդկանց թիվը ավելի մեծ է, պարզ է, որ հաջողության հասնում են ավելի մեծ քանակով տղամարդիկ:
-Արդյո՞ք կնոջ համար դժվար չէ համատեղել ընտանիքը, կենցաղը և քաղաքականությամբ զբաղվելը:
-Դժվար է, եթե կինը միայնակ է փորձում լուծել բոլոր խնդիրները: Սակայն սիրող և համերաշխ ընտանիքում դժվարությունները հաղթահարվում են համատեղ:
-Եթե համեմատելու լինենք 20 և 21-րդ դարի կին քաղաքական գործիչներին:
-Տեխնոլոգիաների զարգացումը, տղամարդկանց և կանանց ավելի շատ հավասար հնարավորություններ տվեց ներկայանալ հանրությանը, լինել ճանաչելի, լսված ու համոզիչ, ներկայանալ նաև իրենց գաղափարներով և ռեալ ժամանակում երկխոսել հանրության լայն շերտերի հետ:
-Ի՞նչ է երջանկությունը կնոջ համար:
-Երջանկություն է գիտակցել, որ պետության և հասարակության կողմից քեզ տրված են բոլոր հնարավորությունները հասնել քո նպատակներին:
-Ի՞նչ պետք է անի տղամարդը կողքին երջանիկ կին ունենալու համար:
-Աջակցի իր կնոջ նախաձեռնություններին, ուրախանա նրա հաջողություններով և օգնության հասնի դժվար պահերին:
-Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ կին ու հաջողակ քաղաքական գործիչ:
-Ես անկասկած շատ երջանիկ կին եմ, իսկ ինչպիսի քաղաքական գործիչ եմ և կլինեմ՝ թող գնահատեն իմ ընտրողները:
-Ձեր մաղթանքը կանանց տոների առթիվ:
-Սիրելի մայրեր, քույրեր, աղջիկներ ցանկանում եմ ձեզ սիրել և լինել սիրված, երազել և իրականացնել ձեր երազանքները: Թող ձեր կյանքի յուրաքանչյուր օրը բերի նոր հնարավորություններ, եղեք հաջողակ և խելացի: