Տեսանյութ.Հնարավորինս արագ փակել մերսման սրահները,որոնք թրաֆիքինգի օջախներ են
«Գաղտնիք չէ, որ այսօր ՀՀ-ում՝ հատկապես Երևան քաղաքում լայն տարածում ունեն մերսման սրահները. այդ անվան տակ բազմաթիվ երևույթներ են կատարվում, որոնք լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Հիմա թրաֆիքինգ է համարվում նաև սեռական շահագործումը: Թրաֆիքինգի նշաններից է անկանոն աշխատանքային գրաֆիկը: Այս երկու կետերն էլ կարող ենք այդ մերսման սրահներին բնորոշել»:
Այս մասին ԱԺ-ում «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Գեմաֆին Գասպարյանին:
«Առաջարկում եմ, որ ձեր կառույցն ուսումնասիրի այս երևույթը և արգելող դրույթների մեջ նաև նշի Երևանում գործող մերսման սրահները, որ հնարավորինս արագ փակվեն այդ թրաֆիքինգի օջախները»,- ասաց Բագրատյանը:
Փոխնախարարն էլ նշեց, որ թրաֆիքինգի զոհերի հետ կապված երկու գործընթաց կա՝ աջակցության և պաշտպանության: «Աջակցության գործընթացն իրականացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, պաշտպանության գործընթացը՝ Ոստիկանությունը: Ես կարող եմ ասել, որ 2018 թվականին 9 քրեական գործ է հարուցվել, որից երկուսը կարճվել է, մեկը վերաորակավորվել է և միայն մեկն է սեռական շահագործման հիմքով եղել: Ինչ վերաբերում է աջակցության գործընթացին, մենք միշտ պատրաստ ենք և աջակցում ենք»,- ասաց փոխնախարարը:
Սակայն Բագրատյանին այս պատասխանը դուր չեկավ: «Հարգելի պաշտոնյա, ես Ձեզ չեմ հարցնում, որ Դուք ինձ ուղղորդեք ինչը՝ որտեղ: Ես Ձեզ ասում եմ՝ ուսումնասիրեք այդ երևույթները, համապատասխան եզրակացություն ներկայացրեք ԱԺ-ին:Ճիշտ կլինի, որ առաջինից երկրորդ ընթերցում ներկայացնեք այդ ուսումնասիրությունները, թե չէ ով պետք է զբաղվի դրանով՝ Ձեզանից լավ գիտենք»,- ասաց Բագրատյանը:
Բագրատյանի այս դիտարկմանն էլ փոխնախարարը շատ կարճ պատասխանեց. «Ուրախ եմ»: