Տեսանյութ. Եթե երեխաներս ապագայում գեյ կամ լեսբուհի դառնան, ինձ համար դա նորմալ կլինի. արքայազն Ուիլյամ

Ինչպես նշում է The Guardian-ը, արքայազնը միևնույն ժամանակ ընդգծել է, որ իրեն անհանգստացնում են այն ճնշումը, հետապնդումները, որոնք կարող են կիրառվել իր երեխաների նկատմամբ, եթե նրանք ապագայում գեյ կամ լեսբուհի դառնան:
Բրիտանական գահի հավակնորդը հավելել է, որ այս հարցը քննարկել է կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ արքայազն Ուիլյամն այս մասին ասել է ԼԳԲՏ համայնքի բարեգործական կազմակերպության գլխամաս կատարած այցելության ժամանակ:
Հանդիպմանը ներկա միասեռական երիտասարդներից մեկը հետաքրքրվել է՝ ինչպես արքայազնը կարձագանքի, եթե իր երեխաները մի օր ասեն. «Հայրի՛կ, ես գեյ եմ կամ, հայրի՛կ, ես լեսբուհի եմ»:
«Կարծում եմ՝ դու այդ մասին չես մտածում, քանի դեռ ծնող չես: Իմ դեպքում ակնհայտ է, որ ես դա միանշանակ նորմալ կընդունեմ: Ինձ ավելի շատ կանհանգստացնի ոչ թե նրանց միասեռական լինելը, այլ այն, թե ինչպես են մյուսներն արձագանքելու դրան, ընդունելու այդ փաստը, ինչպես նաև այն ճշումը, որ գործադրվելու է նրանց նկատմամբ»,-նշել է նա:
Արքայազնը խոստովանել է, որ երեխաներ ունենալուց հետո հաճախ է մտածել այդ հարցի շուրջ:
«Կցանկանայի, որ ապրեինք մի աշխարհում, որտեղ դա նորմալ կլիներ: Բայց հատկապես իմ ընտանիքի, մեր զբաղեցրած դիրքի դեպքում, դա ինձ ստիպում է մի քիչ անհանգստանալ»,-ասել է Ուիլյամը:
Նշենք, որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ունեն երեք երեխա՝ հնգամյա արքայազն Ջորջը, չորսամյա արքայադուստր Շառլոթն ու մեկամյա արքայազն Լուին: