89 կոնգրեսականներ միավորվել են ընդդեմ Թրամփի փորձի՝ կրճատել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը

Աղբյուրի համաձայն՝ Կոնգրեսի անդամները, որոնցից շատերը Ներկայացուցիչների պալատի առանցքային կոմիտեներ են գլխավորում, միացել են դեմոկրատներ Բրեդ Շերմանի եւ Թիջեյ Կոքսի նախաձեռնությանը: Նրանք Կոնգրեսում արշավ են անցկացնում, որով կոչ են անում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին պահպանել Արցախում ականազերծման ծրագիրը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Թուլսի Հաբբարդը և Թիմ Ռայանը, որոնք մրցակցում են ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, նույնպես միացել են նախաձեռնությանը, Twitter-ում նշել է ANCA-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տրվելով Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի ճնշմանը, թիրախավորել է Արցախում հումնաիտար օգնության ծրագիրը՝ փորձելով դադարեցնել HALO Trust ականազերծման ծրագրի ֆինանսավորումը, որն ամբողջ հանրապետությունով անթիվ կյանքեր է փրկել:
«Նախագահ Թրամփը սխալ է գործում՝ խոնարհվելով Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւի անխոհեմ պահանջների առջեւ, որպեսզի ԱՄՆ-ն դադարեցնի Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերել», - նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: