Սահմանադրական դատարանի քաղաքական ուղերձը

Բայց հարցն ունի նաեւ քաղաքական կողմ, եւ անկախ նրանից՝ ՍԴ-ն իրավունք ունե՞ր հաշվի առնել նաեւ խնդրի քաղաքական կողմը, թե ոչ, ակնհայտ է, որ ՍԴ որոշումը նաեւ քաղաքական հետեւանքներ է ունենալու, ընդ որում՝ նաեւ երկարաժամկետ կտրվածքով:
Ի վերջո ի՞նչ քաղաքական ազդակներ է հաղորդում ՍԴ որոշումը: Փաստորեն ստացվում է, որ հետագայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը (կամ Հայաստանի որեւէ այլ ղեկավար) հանգիստ կարող է կեղծել ընտրությունները, իր մերձավոր ազգականներին դարձնել մուլտիմիլիոնատերեր (կարեւորը՝ որ «թղթերով» ամեն ինչ կարգին լինի), իսկ եթե քաղաքացիներն ընդվզեն՝ կարող է բանակն օգտագործել ժողովրդի դեմ, հատուկ ստորաբաժանումներ բերել, ասենք, Իջեւանից, կրակել ցուցարարների վրա, եւ որեւէ դատարան նրան կալանավորելու որոշում կայացնելու իրավունք չի ունենա: Քրեական գործեր հարուցել կարող են սրտների ուզածի չափ, բայց այդ ընթացքում նա պիտի մնա ազատության մեջ: Եվ իհարկե՝ իր վճարովի կողմնակիցների միջոցով ցույցեր անի, ձեռք բերած լրատվամիջոցներով պղտորի հանրային կարծիքը եւ այլն: Սահմանադրական դատարանի որոշման քաղաքական բովանդակությունը սա է: Հիմա հարց է ծագում՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք ոգեւորված են ՍԴ որոշմամբ եւ Քոչարյանին շուտափույթ ազատության մեջ տեսնելու հեռանկարով (կապ չունի՝ դա անում են հանուն փողի՞, թե իսկապես էլ Քոչարյանին «հերոս» են համարում), համաձա՞յն են, որ հետագայում Քոչարյանի արածները կրկնի Նիկոլ Փաշինյանը (կամ Հայաստանի մեկ այլ ղեկավար)՝ որպես «իրավական հիմք» ընդունելով ՍԴ որոշումը:
Ընդ որում, երբ խոսում ենք «Քոչարյանի արածները կրկնելու» մասին, պիտի հիշենք նաեւ, որ ՀՀ Սահմանադրությունը ոտնահարելու հարցում նա բացահայտ առաջատարն է՝ սկսած 1998-ի նախագահական ընտրություններից, երբ առաջադրվեց որպես թեկնածու, թեեւ վերջին տասը տարիներին մշտապես չէր բնակվել Հայաստանում: Ակնհայտ է, չէ՞, որ նրան բացարձակապես չէր հետաքրքրում ոչ ՀՀ Սահմանադրությունը, ոչ էլ Սահմանադրական դատարանը (որն իբր պիտի հետեւեր Սահմանադրության պահպանմանը):
Փաստորեն ստացվում է, որ իրենք իրենց հիմնական ընդդիմություն համարող նախկին իշխանություններն ու նրանց «վերջին բաստիոն» Սահմանադրական դատարանը Նիկոլ Փաշինյանին ստիպում են գնալ նախորդների ճանապարհով՝ խախտել ցանկացած օրենք՝ առանց հետեւանքներից վախենալու: Իսկ նա դիմադրում է, որովհետեւ համարում է, որ ապագայում «մարտի 1» կամ համակարգային այլ հանցագործություն թույլ չտալու լավագույն ձեւը նախկինում կատարվածների մեղավորներին պատժելն է:
Ու շատ ցավալի է, որ այս հարցում Սահմանադրական դատարանը գտնվում է «առճակատման գծի»՝ քաղաքական իմաստով ոչ ճիշտ կողմում: Որքան էլ ձեւացնի, թե քաղաքականությամբ չի զբաղվում ու զբաղվելու իրավունք չունի: