Վազգեն Մանուկյանի դեմ սկսված արշավի «հեղափոխականների» հրճվանքը մեկ պատճառ ունի

«Վազգեն Մանուկյանն ընտրություններ չի կեղծել, չի թալանել, մարդ չի սպանել, օլիգարխ չի եղել, Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի հետ կապ չի ունեցել, ավազակապետ չի եղել, ՍԴ անդամ չի, անգամ սովորական դատավոր չի եղել ու նույնիսկ թաթար-մոնղոլ լինելու մեջ չի մեղադրվել։
Սակայն մի մեծ մեղք ունի՝ եղել է Ղարաբաղյան շարժման ղեկավար ու երբ Արցսխի 40 %-ը ադրբեջանցիները գրավել էին, իսկ մնացած 60%-ը հարցականի տակ էր, նշանակվել է ՊՆ նախարար ու հաղթանակներով հեռացել է պաշտոնից։ Այ դա աններելի հանցանք է։
Այս ամենն արդեն օրինաչափություն է։
Վազգեն Մանուկյանի դեմ սկսված արշավն արդեն մաքուր վիճակով ցույց է տալիս, թե ինչը չի ներում գործող հեղափոխական իշխանությունը՝ թիրախում Արցախն է ու զինված ուժերը»,-գրել է քաղաքագետը ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանի հետ տեսակցությունից հետո հայտարարել է.
«Հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած կարևոր որոշ իրադարձություններ և զարգացումներ և, իհարկե, ներքաղաքական համատեքստը՝ դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով»։
Բաբաջանյանը հայտարարել է. «Վազգեն Մանուկյանը, ի շարս այլոց, ոռոգել է Նաիրի Հունանյանի ոճրագործ մտադրությունը։ Ենթադրում եմ, որ 96թ.-ից հետո Վազգեն Մանուկյանը քաղաքական վենդետա է պլանավորել։ Պատկերը ամբողջանում է, ՀԽ պաշտոնում նշանակվել է մի մարդ, որը ներդրում է ունեցել Նաիրի Հունանյանի գծագրերում»։