Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

20 հուն 2020 10:56

Հակահայկական քարոզչությունը շարունակվում է.Հայ «ջարդարարները» ողողել են ռուսական ԶԼՄ-ները

Ռուսական մամուլում չի դադարում հակահայկական քարոզչությունը 7/24 ռեժիմով, իսկ վերջին «թեման» Բաքվի 1990 թ. հունվարյան իրադարձություններն են: Մոսկվայում եւ Բաքվում գրված կեղծ նյութերում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ հայկական ջարդերի կազմակերպիչները իրենք հայերն են եղել:


Այս թեզը նոր չէ իհարկե եւ այն տարիներ շարունակ շրջանառում է Բաքուն, միաժամանակ մեծ շուքով «նշելով» մերձկասպյան թուրքերի՝ խորհրդային բանակի կողմից  բռնության «շահիդ» դառնալը: Սակայն Պուտին-Ալիեւ ռազմավարական գործընկերության հռչակումից ի վեր Բաքվում փորձում են այս ուղղությամբ առանձնապես չծավալվել: Պարզ էր, որ թուրքերի չքմեղանալու ջանքերը միակողմանի մնալ չէին կարող: Եվ ահա, ռուսական ԶԼՄ-ները միաբերան ձայնակցում են Բաքվին, եւ երեւի հեռու չէ այն օրը, երբ կհայտարարվի, որ ռուս զինվորները Բաքվում իբր բռնություններ էին գործում Խորհրդային բանակում ծվարած հայ գործակալների հրամանատարությամբ:
Հարկ է նշել, որ իրականում ռուս-խորհրդային զինծառայողները օրերով հանգիստ հետեւում էին Բաքվի փողոցներում հայերի դեմ ծավալված ցեղասպան գործողություններին եւ միջամտել են լիովին այլ պատճառով: Բաքվում առաջացել էր Մոսկվայի համար անբարենպաստ քաղաքական իրավիճակ: Ռուս զինվորներն ու սպաները հարձակման էին ենթարկվել եւ կրել մեծ կորուստներ: Հրապարակով անարգվել ու նվաստացվել էին նրանց կանայք ու երեխաները:
Այս իրավիճակը հիշեցնում է Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռների խոցման մոսկովյան պաշտոնական արձագանքը: Առաջին օդանավի խոցումից հետո Կրեմլը հայտարարեց, որ դա թուրքերի կողմից դաշույն էր մեջքին, հետո սկսեց արդեն արդարացնել թուրքերին, հայտարարելով, որ մեղավորն ամերիկացիներն են: Իսկ ինքնաթիռի խոցման երկրորդ դեպքի մասին ընդհանրապես կցկտուր լուրեր տրվեցին:
Ինչն է այստեղ հետաքրքիր. Մոսկվայում մոռացության են մատնում Բաքվում եւ Կիրովաբադում ռուս զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների զանգվածային սպանությունները: Ճիշտ է, ռուս զինվորի, ընդհանրապես ռուս մարդու կյանքը Ռուսաստանում շատ չարժե, բայց տվյալ պարագայում գործ ունենք լիովին այլ երեւույթի հետ: Դա եւս մեկ անգամ վառ ընդգծվեց Անկարայում ռուս դեսպանի ցուցադրական գնդակահարության հարցում ռուսական պահվածքից: Թուրքական գործոնին թույլատրված է ամեն բան, նկատի առնելով դրա նշանակությունը Մոսկվայի՝ դեռեւս 1921-ից որդեգրած հակահայ դիրքորոշման համար:
Ռուս-մերձկասպյան համակարգեցված քարոզչության ֆոնին Զատուլին-Մարգարիտա Սիմոնյան զույգի պահանջով Ռուսաստանում արգելվում է ճշմարտությունը ներկայացնող հայկական կայքերի հասանելիությունը: Երկու գործիչն էլ «անամպ ռուս-հայկական հարաբերություններ» թեզի կողմնակից են եւ Ռուսաստանի ու ռուսների մասին «բացառապես դրական ինֆորմացիայի տարածման» պահանջ են ներկայացրել: Այն, որ Հայաստանի եւ հայերի մասին տարածվում են բացառապես բացասական նյութեր, պրոհայկական ներկայացող այդ գործիչներին զարմանալի կերպով չի հուզում:
Ի դեպ, ռուսական ԶԼՄ-ներից մեկը նման մի ստահոդ հոդվածի տակ տեղ էր թողել ընթերցողների մեկնաբանությունների համար: Դրանց արժե ծանոթանալ: Ազնիվ շատ ռուսներ, որ կյանքի փորձից լավ են պատկերացնում թե ով ով է, անթաքույց ցասումով են ընդունում Ռուսաստանում սփռվող հակահայ կեղծիքն ու զրպարտանքը:
Մոսկվան, ստրատեգիական կողմնորոշիչներից բոլորովին զրկված եւ ափերը կորցրած, անցնում է շատ սահմաններ, հատում «կարմիր գծեր»: Այս օրերին Կրեմլը մեծ թափով պատրաստվում է Հայրենական պատերազմի 75-ամյակի միջոցառումներին, եւ արժե՞, որ ՀՀ վարչապետը կանգնի Սումգայիթի համար հայերին մեղադրած Ալիեւի հետ մի շարքում: Դա վիրավորանք է Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ջարդերի զոհերի հիշատակի հանդեպ: Դա վիրավորանք է Հայրենականում 60 հազար մերձկասպյանների դիմաց 330 հազար կյանք զոհաբերած հայ ժողովրդի հանդեպ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր