Տեսանյութ.Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը ավելանում է, կան նաև զոհեր          Տեսանյութ.Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին       Մերսման սրահներից մեկում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ    

21 հուն 2020 15:23

Տեսանյութ. Մեզ հրամայված է չխառնվել, թող կոտորեն. ադրբեջանցի գործիչները Բաքվում հայերի ջարդերի մասին

1990 թ. հունվարի Բաքվի հայերի ջարդերի մասին վկայել են ոչ միայն հայ, ռուս և այլազգի ականատեսները, այլ նաև իրենց ելույթներում ջարդերի իրականացման փաստն արձանագրել են մի շարք ադրբեջանցի գործիչներ: Այսօր Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն փորձում են մոռացության տալ այս փաստերը, այլև ակնհայտորեն կեղծ և իրականության հետ որևէ առնչություն չունեցող հակագիտական թեզերի միջոցով մեղավորությունը փորձում են բարդել հայերի վրա: Անգամ 1990թ. հունվարի 20-ի իրադարձությունները, երբ Բաքվի փողոցներում զինված բախում է եղել խորհրդային ներքին զորքերի զինծառայողների և զինված ադրբեջանցիների խմբերի միջև՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից օգտագործվում է հակահայկական ատելության քարոզի սերմանման նպատակով:


1988-1990 թթ. Խորհրդային Ադրբեջանում հայերի ջարդերը ուղեկցվում էին հակահայկական ատելության և ռասիզմի քարոզով, որն իրականցվում էր թե՛ ընդդիմադիր ուժերի կողմից, թե՛ պետական մակարդակով։ 1990թ. հայերի կազմակերպված ջարդերի սկսվելու նախօրեին՝ հունվարի 12-ին, «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» (ԱԺՃ) շարժման ներկայացուցիչ Նեյմաթ Փանահլին, հանդես գալով տեղական հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ Բաքուն լի է անօթևան փախստականներով, իսկ «հազարավոր հայեր մինչև հիմա ապրում են հարմարավետության մեջ»: Հունվարի 13-ին ԱԺՃ-ն կազմակերպել էր հանրահավաք, որի ընթացքում շուրջ 50 հազարանոց ամբոխը վանկարկել է հայատյաց կարգախոսներ. «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի»: Հանրահավաքի ժամանակ ԱԺՃ առաջնորդ, հետագայում Ադրբեջանի երկրորդ նախագահ (1992-1993 թթ.) Աբուլֆազ Ալիևը (Էլչիբեյ) ներկայացրել է ԱԺՃ-ի պահանջները՝ 1990թ․ մայիսի 28-ին ԽՍՀՄ-ից դուրս գալու հանրաքվե անցկացնել, խզել բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ և կազմալուծել ԼՂԻՄ-ը: Հանրահավաքից հետո ամբոխը՝ խմբերի բաժանված, ԱԺՃ-ի ակտիվիստների ղեկավարությամբ սկսել է տուն առ տուն  քաղաքը «մաքրել» հայերից:
Հայերի հունվարյան ջարդերը կազմակերպվել և իրականացվել են ԱԺՃ շարժման անդամների կողմից՝ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության թողտվությամբ և հրահրմամբ: Սրա մասին են փաստել ոչ միայն հայ, ռուս և այլազգի ականատեսները, այլև հենց ադրբեջանցիներ, այդ թվում՝ ԱԺՃ-ի որոշ նախկին անդամներ:
Ադրբեջանի ԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Աբդուլրահման Վեզիրովն իր հարցազրույցներից մեկում ընդունել է, որ Բաքվում հայերի ջարդեր են իրականացվել:

Ա. Վեզիրովի խոսքում նկատվում է մեղադրանք՝ ուղղված «Ժողճակատ»-ին: 1989 - 1991թթ. Ադրբեջանի ԽՍՀ Պետանվտանգության կոմիտեի ղեկավար Վագիֆ  Հուսեյնովն ասել է, որ Բաքվում անկարգությունները մանրակրկտորեն նախապատրաստվել էին «Ժողովրդական ճակատի» կողմից:
ԱԺՃ-ի որոշ անդամներ իրենց հերթին նույնպես ընդունել են ջարդերի իրականացման փաստը՝ դրա համար մեղադրելով ԱԽՍՀ իշխանություներին, իսկ ԱԺՃ նախկին անդամ Արիֆ Յունուսովը՝ Հեյդար Ալիևին:
ԱԺՃ փոխնախագահ Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի ԽՍՀ մշտական ներկայացուցչությունում լրագրողներին հայտնել է, որ հայերի ջարդերը նախապես պլանավորել էին «իշխանությունները»՝ ընտրությունները տապալելու համար, որի արդյունքում, ըստ նրա պնդման, ԱԺՃ-ն խորհրդարանական ճանապարհով կստանար իշխանությունը: Ադրբեջանական կայքերից մեկը տարածել է  Է. Մամեդովի մամուլի ասուլիսի ձայնագրությունը, որից պարզ է դառնում, որ վերջինս հայերի ջարդերի կազմակերպման, իրագործման և կանխման ուղղությամբ որևէ քայլ չանելու համար մեղադրում է ոչ միայն ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին, այլ նաև անմիջականորեն Ադրբեջանի ԽՍՀ իշխանություներին:

Մասնավորապես Է. Մամեդովը նշում է, որ հունվարի 13-ին ինքը տեղեկություն է  ստացել, որ ժամը 13:00-ին Բաքվում սկսվելու են հայերի կազմակերպված ջարդեր, դրա մասին ինքը տեղյակ է պահել ԱԽՍՀ ներքին գործերի նախարար Ա. Մամեդովին: Է. Մամեդովը նշում է, որ, չնայած բոլորը տեղյակ էին, որևէ քայլ չի իրականացվել ջարդերը կանխելու ուղղությամբ:
Նա նշել է նաև. «Ես անձամբ ականատես եղա, թե ինչպես երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի․ հավաքվեց ամբոխը, նրանց վրա բենզին լցրեցին ու այրեցին: Իսկ դրանից 200 մետր հեռավորության վրա Նասիմի շրջանի ոստիկանական բաժանմունքն էր, և այնտեղ շուրջ 400-500 ներքին զորքերի զինծառայողներ կային, որոնք մեքենաներով անցնում էին այդ այրված դիակներից 20 մետր հեռավորության վրա, և ոչ ոք շրջանի շրջափակման ու ամբոխը ցրելու փորձեր չձեռնարկեց»:

Ակնհայտ է, որ Է. Մամեդովն իր հայտարարությամբ փորձում է հերքել հայերի ջարդերի իրականացմանն ԱԺՃ-ի ու անձամբ իր մեղավորությունը և դրանով ողջ մեղավորությունը բարդել միայն իշխանությունների վրա: Նույն պատկերը նաև Ա. Վեզիրովի հայտարարության մեջ է նկատվում՝ այս անգամ արդեն ողջ մեղավորությունը ԱԺՃ-ի վրա բարդելու միջոցով: Երկու կողմերի հայտարարությունները, սակայն, ևս մեկ անգամ փաստում են, որ Բաքվում հայերի ջարդերը եղել են կազմակերպված, նախապես ծրագրված, և այդ ամենի համար մեղավորությունը հավասարապես կրում են թե՛ Ադրբեջանի իշխանությունները, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները:
Ջարդերին իշխանությունների չմիջամտելու մասին են վկայել նաև ադրբեջանցի իրավապաշտպան Արզու Աբդուլլաևան ու գրող Յուսիֆ Սամեդօղլուն: Աբդուլլաևայի վկայության համաձայն՝ երբ ինքը դիմել է ոստիկաններին՝ հայերին ադրբեջանցիների ամբոխից պաշտպանելու համար, լսել է «մեզ հրամայված է չխառնվել» պատասխանը: Սամեդօղլուի խոսքերով՝ ինքը զանգահարել է Կոմկուսի Կենտկոմ և խնդրել միջամտել, սակայն լսել է «թող կոտորեն» պատասխանը:
ԱԺՃ նախկին անդամ, իրավապաշտպան, քաղաքական էմիգրանտ, 1992-1993թթ․ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահի վարչակազմի տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Արիֆ Յունուսովը 2018թ. հունվարի 20-ին ադրբեջանական «Օբյեկտիվ» առցանց հեռուստատեսության հրապարակած հարցազրույցում պնդում է, որ 1990թ․ Բաքվի հայկական ջարդերն ու «Սև հունվարը» կազմակերպվել են Հեյդար Ալիևի հրահանգով՝ հետագայում նրա իշխանության գալու նպատակով: Ըստ Ա. Յունուսովի՝ ԱԺՃ ղեկավարներից Նեյմաթ Փանահլին Հեյդար Ալիևի կամակատարն էր: Նրա խոսքերով՝ այս ամենի մասին Մոսկվան տեղյակ էր, բայց չէր կանխում հայկական ջարդերը, և իրադարձություններն օգտագործեց խորհրդային զորքերը Բաքու մտցնելու համար:
Հատկապես կարևոր է Ա. Յունուսի վկայությունը, որ ջարդերի օրերին իր կինը՝ Լեյլա Յունուսը, ԱԺՃ գրասենյակներում տեսել է սպանվելու ենթակա հայերի ցուցակներ՝ նրանց հասցեներով: Լ. Յունուսը քննադատել է ԱԺՃ ղեկավարներին, նշել, որ նրանք Եվրոպայում փորձում են ցույց տալ, թե ԱԺՃ-ն ժողովրդավարական ուժ է, սակայն նրանք Բաքվում հայերի ջարդեր են կազմակերպում: Սա իր հերթին ցույց է տալիս «Ժողճակատի» անմիջական մասնակցությունը ջարդերին, և ջարդերի նախապես պլանավորված լինելը: 
Ադրբեջանցի գործիչների այս և այլ վկայությունները պարզ կերպով ի ցույց են դնում, որ Բաքվում հայերի ջարդերը կազմակերպելու և իրագործելու հարցում հավասարապես պատասխանատվություն են կրում այդ ժամանակի ադրբեջանական իշխանությունները և ընդդիմադիր ուժերը: Չնայած այս ամենին՝ Ադրբեջանի այսօրվա իշխանությունները շարունակում են հայատյացության և ռասիզմի քաղաքականությունը՝ կեղծելով հայերի ջարդերի վերաբերյալ առկա անհերքելի փաստերը և խրախուսելով ու իրականացնելով մարդկության դեմ ուղղված նոր հանցագործություններ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր