Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

20 փետ 2020 11:02

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը

95 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը։ Այս մասին տեղեկանում ենք որդու՝ Քրիստ Մանարյանի  ֆեյսբուքյան էջից։
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-1959թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։ Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։
Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։

Մանարյանը 2003  թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր արտիստի կոչման, 2005 թվականին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2018թ-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման, 2019-ին՝ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչման։
«Մենք պարզապես չենք կարողանում ճիշտ չափորոշել, թե ո՞րը, ինչպե՞ս, ինչքա՞ն… էստեղ մեր ազգային բնավորությունն էլ է իրենը անում, գիտե՞ք։ Եթե մեկը իմ կարծիքին դեմ բան է ասում, ես դա չեմ ընդունում  որպես բազմակարծություն, ես դա ընդունում եմ որպես թշնամանք, և էստեղ ամեն ինչ փչանում է: Էդպես հասարակությունը դժվար վիճակների մեջ հաճախ կհայտնվի: Ես կարծում եմ, որ մեր հասարակության ծանր, դժվարին հարցերի (իսկ դրանք կան և ոչ ոք ժխտել չի կարող) մեծագույն պատճառներից մեկն է դա: Մենք իրար լսել և լսածը մտքի ջաղացով, աղորիքով անցկացնել, ապա՝ որոշել «ինչն ու ինչպեսը» չենք կարողանում: Գուցե դիմացինը իրավացի՞ է, չէ՞...
Այսօր արվեստը, թատրոնը՝ մասնավորապես, դժբախտաբար զբաղված է հիմնականում միայն զվարճացնելով: Ծիծաղն ու քրքիջը չեն միայն, լաց լինելն էլ է զվարճանալու տեսակ: Կան իհարկե լուրջ ներկայացումներ, և ես անչափ ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ դրանք երիտասարդների գործերն են: Բայց, բոլոր դեպքերում, այսօր մեր արվեստը ավելի շատ զվարճացնող է՝ ծիծաղի միջոցով, թե լացի, միևնույն է՝ ժամանցային է: Մեզ չի խոցում, ցավ չի պատճառում: Սա շատ կարևոր բան է, մեզ պետք է այն ցավ պատճառի: Մենք պիտի ընդվզենք էդ ցավի դեմ, որպեսզի իմանանք, որ նա կա: Մինչդեռ փոխարենը՝ հանգիստ ընդունում ենք, գալիս ենք տուն, մեծ մասամբ չենք հիշում, թե ինչ ենք դիտել: Որովհետև հիշարժան բան չէ: Դա ժամանց է, որի իրավունքը ամեն մարդ ունի, բայց միայն դրանով ժամանակն անցկացնել, կնշանակի՝ ինքնասպանություն գործել»- «Հետքին» տված հարցազրույցում ասել էր Երվանդ Մանարյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր