Այս ախտանիշներն առկա են հիվանդների 90 տոկոսի մոտ․ԱՀԿ․ «ՌԻԱ Նովոստի»
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին ախտանիշները բարձր ջերմաստիճանն ու տենդն են: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը, գրում է ria.ru-ն։
Նրա խոսքով՝ վարակվածների մեծ մասի մոտ մարմնի ջերմաստիճանի բարձրացում և տենդ է նկատվում։ Հիվանդների մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մոտ 38 աստիճան։
Կորոնավիրուսով հիվանդացողները գիշերը հաճախ արթնանում են անգիտակից վիճակում և չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց հետ:
«Մարդիկ պատմում են, որ գիշերվա կեսին արթնանում են մթության մեջ, իրենց սարսափելի են զգում, չեն հասկանում՝ ինչ է կատարվում»,-հայտարարել է Հարիսը:
ԱՀԿ-ի ներկայացուցիչը հավելել է, որ հիշյալ ախտանիշներն առկա են հիվանդների 90 տոկոսի մոտ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 274 022 դեպք, 69 465-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 264 807 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 208 երկրում: