Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

23 ապր 2020 17:02

Մտավախություն կա, որ քաղաքացիների ավանդները կարող են դուրս բերվել երկրից. տնտեսագետը՝ ՊԵԿ–ի նախագծի մասին

Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմիններին տրամադրելու վերաբերյալ նախագիծը դուռ կբացի նոր ստվերի ձևավորման առաջ, իսկ հայաստանյան բանկերի նկատմամբ վստահության պակասը կարող է բերել ֆինանսական արտահոսքի: Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց  ՀՅԴ Էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով  բանկային գաղտնիքին առնչվող ՊԵԿ–ի նոր օրենսդրական նախաձեռնությանը։


Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ըստ որի՝ հարկային հսկողության նպատակով բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները պետք է տրամադրի Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին, մինչդեռ գործող օրենսդրությամբ նման տեղեկատվության տրամադրումը հնարավոր է բացառապես դատարանի թույլտվությամբ։


-Պարոն Գրիգորյան, արդյոք նախագծով հետապնդվող նպատակն իրավաչափ և համաչափ է։


«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքն այս իշխանությունների կողմից արդեն մեկ անգամ փորձ արվել է փոփոխության ենթարկել, ինչն արժանացել է մասնագիտական հանրության կոշտ գնահատականին: ԱԺ–ի կողմից ընդունված օրենքը ՀՀ նախագահը ուղարկեց Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Հիմա էլ այս տխրահռչակ փոփոխություններին անդրադառնալու գործառույթը ստանձնել է ՊԵԿ-ը:


-Առաջարկվող փոփոխություններով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի սահմանումը փոխարինվել է հարկային մարմնի ղեկավարի օրինական և պատճառաբանված հիմնավորմամբ եզրույթով: Կարծում եմ ՊԵԿ-ը ունի բավարար գործիքներ վարչարարություն իրականացնելու համար և լրացուցիչ գործիքների կարիք չունի: Եթե որևէ դեպքում կարիք է լինում բռնագանձում կատարելու, ապա ինչու՞ չդիմել դատարանին և հարցը լուծել իրավական ընթացակարգերով: Կարծում եմ, ոչ միայն չպետք է փոփոխության ենթարկել այս հոդվածը, այլ հակառակը՝ անհրաժեշտ է արմատապես փոփոխության ենթարկել հարկային օրենսգիրքը: Այն հարկային օրենսգիրքը, որը ամբողջապես գործում է 2018 թվականի հունվարի 1-ից, 30 անգամ  ենթարկվել է փոփոխությունների, որից 23 անգամն այս իշխանությունների ժամանակ:


-Ըստ ձեզ, առաջարկվող նախագիծն ի՞նչ ռիսկեր է պարունակում։


-Նախքան ռիսկերին անդրադառնալը մի քանի դիտարկում անեմ. նախ, այս փոփոխություններով առաջարկվում է, որ բանկը բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը պետք է տրամադրի հարկային մարմիններին ԿԲ-ի և հարկային մարմնի համատեղ սահմանված կարգով: Լավ կլինի այս փոփոխությունների մասին հստակ տեսակետ ասի նաև ԿԲ-ն: Երկրորդ՝ հիմնավորման մեջ նշված է, որ հարկային ծառայողը նույնպես հանդիսանում է գաղտնիքի տիրապետող և ունի պահպանման պարտականություն: Այսինքն  ի՞նչ են ասում. ասում են բանկը պետք է հրաժարվի իր պարտականությունից, քանի որ այն այլևս մեր իրավունքն է: Սա նշանակում է մտնել դատական համակարգի և բանկային համակարգի գործառույթների տիրույթ: Ռիսկերի մասին կարելի է երկար խոսել. ամենամեծ ռիսկն այն է, որ վտանգվում են բանկ-հաճախորդ գործընկերային հարաբերությունները, կարող է խաթարվել նաև հայաստանյան բանկերի և միջազգային բանկերի գործընկերային հարաբերությունների որակը, խնդիրներ առաջանան բանկային փոխանցումների և կանխիկի շրջանառության հարաբերակցության առումով, ինչպես նաև ստվերը կրճատելու փոխարեն դուռ կբացի նոր ստվերի ձևավորման առաջ:


-Մտավախություն չունե՞ք, որ նախագծի ընդունումից հետո ֆիզիկական և իրավաբանական անձինք կխուսափեն բանկերի միջոցով գործարքներ կատարելուց և հնարավո՞ր է արդյոք քաղաքացիներն իրենց գումարները (ավանդներ, ընթացիկ հաշիվներ) հանեն բանկերից։


-Կարծում եմ, այս նախագիծը հայաստանյան բանկերի նկատմամբ վստահության պակաս կձևավորի, ինչն էլ իր հերթին կարող է բերել ֆինանսական արտահոսքի: Այո, նման մտավախություն կա, որ ավանդները դուրս կբերվեն բանկերից և առհասարակ կարող են դուրս բերվել երկրից: Սա լուրջ ֆինանսական շոկի կենթարկի բանկային համակարգը: Եթե իշխանությունները ցանկություն ունեն որևէ ընկերության կամ ֆիզիակական անձի բանկային հաշիվների հոսքերին, գործարքներին տիրապետել, ապա դա պետք է անեն միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով, հակառակ պարագայում բանկը որպես ֆինանսական շուկայի կարևորագույն օղակ կկորցնի իր դիրքերը: Կենտրոնական Բանկը այս նախագծի վերաբերյալ պետք է գնահատական տա և պարզաբանում տրամադրի մեր հանրությանը:


-Արդյոք առաջարկվող իրավակարգավորումը բացասական ազդակ չի հղի ներդրողներին։


-Ներդրողների և պոտենցիալ ներդրումներ կատարողների համար խոչընդոտ են բոլոր այն փոփոխությունները, որոնք միտված են բանկային գաղտնիքի ինստիտուտի թուկացմանը: Ներդրողներին առաջին հերթին հետաքրքրում է իր ներդրման հետգնման ժամկետը, ստացվելիք շահույթը և շարունականությունը: Ներդրողը բիզնես շահ հետապնդող անձ է, նրան պետք է շահագրգռել, խրախուսել, երաշխիքներ տալ, ուսումնասիրություններ տրամադրել: Նա պետք է վստահ լինի, որ կա անկախ և կայացած դատական համակարգ, հստակ խաղի կանոններ, երաշխավորված միջավայր: Իսկ բանկային գաղտնիքի մասին օրենքը այդ երաշխիքներից մեկն է, որն այս կերպ փոփոխության ենթարկելով ուղղակի վիճակն էլ ավելի է վատացնելու:


Նշենք, որ մինչ նյութը պատրաստվում էր, ՊԵԿ–ը տեղեկություն տարածեց, որ հաշվի առնելով ներկայացված նախագծերի վերաբերյալ հանրային արձագանքը, եւ նկատի ունենալով, որ խնդրի կարգավորմանը հնարավոր է հասնել նշված տեղեկությունների ստացման համար դատավարական այլ ընթացակարգեր սահմանելու միջոցով` ՊԵԿ-ն այս փուլում ձեռնպահ է մնում ներկայացված նախագծերի քննարկման հետագա ընթացքից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր