«Mercedes»-ը ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պատնեշին, կա վիրավոր          Վաղը կմատուցվի տարվա վերջին Սուրբ Պատարագը, մտածեք, թե որքան մոտեցաք Աստծուն կամ հեռացաք Նրանից․ Հայր Զաքարիա       Այս կենդանակերպի նշանները 2026 թվականին իրական ֆինանսական բում կապրեն    

05 հուն 2020 12:53

Մեկ տարեկան աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել բուժող բժշկին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է մեկամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:


Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մանկահասակ երեխայի մահվան մի շարք հանգամանքներ, պատճառը:


Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018 թվականի ապրիլի 4-ին ծնված փոքրիկը 2019 թվականի մարտի 18-19-նն ունեցել է բարձր ջերմություն, ինչի կապակցությամբ երեխայի ծնողները դիմել են «Թումանյանի առողջության կենտրոն» ՊՓԲ ընկերություն: Մանկահասակ երեխայի բժշկական հսկողությունը վարող բժիշկը՝ հիշյալ առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, հետազոտել ու երեխայի մոտ ախտորոշել է շնչուղիների սուր վիրուսային վարակ, բրոնխիտ, ինչի կապակցությամբ նշանակել է բակտերիալ վարակի դեմ ուղղված բուժում:


Բուժման ընթացքում փոքրիկի մոտ բրոնխիտն արդեն իսկ բակտերիալ թարախային թոքաբորբի զարգացումով բարդացած լինելու և տևական ժամանակ 39,1 աստիճան ջերմություն արձանագրված լինելու պայմաններում բուժող բժիշկը խորհուրդ է տվել շարունակել իր կողմից նշանակված բուժումը, այնինչ, ըստ փորձագետի եզրակացության, դրական դինամիկայի բացակայության պայմաններում անհրաժեշտ է եղել երեխային անհապաղ ուղեգրել ստացիոնար բուժման կամ նշանակել թոքերի ռենտգեն հետազոտություն` թոքաբորբի առկայությունը բացահայտելու նպատակով, կատարել արյան ընդհանուր քննություն, ինչպես նաև՝ հետագա սպեցիֆիկ ախտորոշման նպատակային հետազոտություններ: Մինչդեռ 2019 թվականի մարտի 26-ից մինչև նույն ամսվա 29-նն ընկած ժամանակահատվածում երեխայի բուժող բժիշկը փոքրիկին չի ուղեգրել մասնագիտացված կլինիկա և չի իրականացրել համարժեք հետազոտություններ ու բուժումներ:




2019 թվականի մարտի 31-ին երեխայի ծնողները դիմել են «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մանկաբույժին, ով հետազոտել ու երեխայի մոտ ախտորոշել է «լեյշմանիոզ» հիվանդություն և հայտնել, որ անհրաժեշտ է երեխային շտապ տեղափոխել մասնագիտացված ՝ Երևանի «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»:


Նույն օրը, սակայն ուշացումով, փոքրիկին բուժող բժիշկն  ուղեգրել է մասնագիտացված` «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲ ընկերություն, որտեղ երեխայի վիճակը վատթարացել է. նրա մոտ զարգացել է լյարդ-երիկամային, թոք-սրտային անբավարարություն, ասցիտ, հիդրոթորաքս, երկկողմանի օջախային թոքաբորբ, հարաճուն պոլիօրգանային անբավարարություն և օրգան-համակարգերում անվերադարձ փոփոխություններ, ինչի հետևանքով երեխան 3 օր անց` 2019 թվականի ապրիլի 3-ին` ժամը 13:55-ին, «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»-ում մահացել է:


Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Թումանյանի առողջության կենտրոն» ՊՓԲ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:


Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր