Տեսանյութ.Մինչեւ փետրվարի 1-ը Էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա, իսկ գազի գնի որոշակի բարձրացման անհրաժեշտություն կա
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդիր այսօր չենք դնում առնվազն մինչեւ փետրվարի 1-ը: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույց նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Որովհետեւ այն գումարները, որոնք այս գազի գնի բարձրացման պարագայում կառաջանան էներգահամակարգում, կառավարելի են, համակարգի ներքին ռեսուրսների հաշվին այդ հարցը հնարավոր է լուծել»,-ասաց նա:
Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել, որպեսզի գազի սակագինը Հայաստանում բարձրանա 11 տոկոսով, իսկ ՀԽԿ հանձնաժողովը առաջարկներ է արել, ըստ որի գազի սակագինը կբարձրանա 4,5 տոկոսով: Ընդ որում սակագինը չի բարձրանա բնակիչ բաժանորդների, ինչպես նաեւ սոցիալապես անապահով խմբերի համար: Այն կբարձրանա մասնավորապես ջերմոցների եւ վերամշակող ընկերությունների համար:
«Դեռեւս քննարկումներում ես փաստական հանգամանք չեմ տեսել, որ մեր աշխատակազմի արած հաշվարկները ենթարկվեն փոփոխության, բայց դեռ վերջնական չէ»,-ասաց Բաղրամյանը:
Դիտարկմանը, որ «Գազպրոմ Արմենիայի» տնօրենը հանձնաժողովի նիստում նշել է, որ եթե սակագնի բարձրացում չլինի, իրենք չեն կարողանա անհրաժեշտ սպասարկումն ապահովել, ՀԾԿՀ նախագահն ասաց. «Չեմ կարծում, որ նա այն ենթատեքստում է ասել, որ այլեւս չեն կարող շահագործել: Ինձ թվում է՝ դա ընդհանուր ասվեց՝ այսօր գործող գների համեմատությամբ: Մեր աշխատակազմի հաշվարկներն էլ են դա ցույց տալիս, որ այսօրվա գները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն»:
Հարցին, թե ինչպես ստացվեց, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում էր գները բարձրացնել 11 տոկոսով, իսկ Հանձնաժողովն առաջարկել է դա անել 4,5 տոկոս, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց. «Մենք քննարկում ենք առաջիկա 10 տարվա ավելի կայուն եւ կանխատեսելի սակագնային քաղաքականություն ունենալու հնարավորություն «Գազպրոմ Արմենիայի» հետ: Այդ հաշվարկները եւ իրավական դաշտը, այսինքն սակագնի հաշվարկման մեթոդիկան ներկայացված է հանրությանը: Դա նախատեսում է առաջիկա 10 տարիների համար կապիտալ ներդրումների մի մեծ փաթեթ, շուրջ 500 մլն դոլար: Նախատեսում է այդ ներդրումների դիմաց արդյունքների ակնկալում, եւ առաջիկա 10 տարիներին բավականին կանխատեսելի սակագնային մարժա ենք ունենալու: Այսինքն կախված նրանից, թե սահմանին ինչ գազի գին կունենանք, այդ գնից կախված բավականին կանխատեսելի կլինի մարժան եւ սպառողների համար վերջնական գները»:
Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել, որպեսզի գազի սակագինը Հայաստանում բարձրանա 11 տոկոսով, իսկ ՀԽԿ հանձնաժողովը առաջարկներ է արել, ըստ որի գազի սակագինը կբարձրանա 4,5 տոկոսով: Ընդ որում սակագինը չի բարձրանա բնակիչ բաժանորդների, ինչպես նաեւ սոցիալապես անապահով խմբերի համար: Այն կբարձրանա մասնավորապես ջերմոցների եւ վերամշակող ընկերությունների համար: