Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

24 հուն 2020 11:55

ԼՀԿ-ն չի միանա ԲՀԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին, բայց կդիմի ՍԴ

«Լուսավոր Հայաստանը» ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագծի առնչությամբ Սահմանադրական դատարան կդիմի, սակայն նրանց դիմումը կունենա այլ հիմքեր։ Այսօր ասուլիսի ժամանակ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց` ՍԴ կդիմեն, երբ կավարտվի նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ–ում նախատեսված նիստը։
ԲՀԿ–ն հայտնել էր, որ դիմելու է ՍԴ` սահմանադրական բարեփոխումների նախագծի սահմանադրականությունը վիճարկելու։ Նրանք կոչով դիմել էին ԼՀԿ իրենց գործընկերներին` միանալ իրենց, որպեսզի պատգամավորների` անհրաժեշտ թվով ստորագրություն ունենան։
«Երեկ Քոչարյանի պաշտպանն ասաց, որ սահմանադրական փոփոխությունների ողջ գործընթացն արվում է, որպեսզի ՍԴ–ում եղած Քոչարյանի գործն իր ավարտին չհասնի այս ՍԴ կազմով։ Մեր խմբակցությունը քննարկել է ու որոշել` չմիջամտել այդ գործընթացին, թողնել, որ այն մնա իրավական սահմաններում: Եվ հենց Քոչարյանի գործի քննությունն ավարտվի, ՍԴ կդիմենք»,–ասաց Մարուքյանը` հավելելով, որ ԲՀԿ–ի նախաձեռնությանը չեն միանա, քանի որ նրանց ներկայացրած հիմքով պատգամավորները ՍԴ դիմելու իրավունք չունեն։
Նրա խոսքով` ՍԴ դիմումի վրա աշխատանքներն արդեն սկսել են, և դեռ աշխատանքներ կտարվեն` «ուժեղացնելու» այն: Մարուքյանը հայտնեց` ամենևին կապ չունի, թե ում գործի քննություն է ՍԴ–ում, սակայն հարցն այն է, որ ՍԴ–ն հենց այն օրը, երբ ԱԺ–ում քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, միանգամից հուլիսի 7-ին Քոչարյանի գործով նիստ նշանակեց։
ԼՀԿ ղեկավարը նշեց, որ ուզում են զուլալ մնա իրավական տիրույթում իրենց գործունեությունը` չծառայելով ո՛չ գործող, ո՛չ նախկին իշխանության շահերին։ Մարուքյանի գնահատմամբ` իշխանության գործողությունները թնդանոթներ են, տանկեր` սահմանադրական փոփոխություններին ուղղված։
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:
Հետո խորհրդարանը ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն: ՀՀ նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, որից հետո այն ուժի մեջ կմտնի, և ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր