Սրանք ներսից քանդում ամեն ինչ, խորհուրդներ չեն ընդունում, ինչ որոշել են, դա անելու են.«Փաստ»

Սա պատերազմող երկրի, փոքր պետության, փոքր ազգի պահպանության բոլոր տեսակի վահանների վերացում է, այսինքն՝ եթե ցանկանում ենք դիմակայել գլոբալիզացիայի վտանգներին, բոլոր մարտահրավերներին և սպառնալիքներին, մեր ուժերը պետք է կենտրոնացնենք արտաքին աշխարհից եկող երևույթների դեմ, բայց ներսից քանդում ենք մեր ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչները, հիմնասյուները, որոնց վրա ձևավորվում է ազգը, որոնց վրա պահպանվում է ազգային դիմագիծը, որն աշխարհի գեղեցկության, կատարելության գրավականներից մեկն է:
Փաստորեն, ավելի կաթոլիկ դուրս եկանք, քան Հռոմի պապը: Ինքներս ենք մղվում դեպի տարաբնույթ կոնվենցիաները: Սա մի ճանապարհ է, որով եվրոպական երկրներն անցել են և հիմա հետդարձ են ուզում անել, ինչը որոշ երկրների համար անհնարին է: Եթե երեխայի մեջ դնում ենք սեռական դաստիարակության գաղափարը, նրա մեջ սպանում ենք մանկությունը: Բաներ կան, որոնք տարիքի հետ պետք է գան:
Ի վերջո, մարդկությունը հազարամյակների պատմություն է անցել, այս նորաթուխ գործիչները կարծում են, որ իրենք ստեղծեցին պետություն, ազգ, իրենք էլ պետք է վերացնեն: Դա այդպես չէ: Այսօր Եվրոպայում չկան ազգային մշակույթներ, իսկ մշակույթն ազգի ինքնության գլխավոր գործոններից մեկն է:
Կա եվրոպական մշակույթ, ո՞ւր է իտալական միջնադարյան մշակույթը, հունական, անգլիական, ֆրանսիական մշակույթը, ամեն ինչը լղոզվել է: Եվրոպան այսօր կաթվածահար է, կործանվում է իր իսկ կեղծ ժողովրդավարական, մարդու կեղծ իրավունքների, երկակի, քառակի կեղծ ստանդարտների ճանապարհը բռնելու պատճառով: Հիմա անում ենք բան, որը պարզապես դավաճանություն է մեր տեսակին:
30 տարվա մեջ պետք է ունենայինք մեր պետական ազգային քաղաքականությունը: Չի կարելի վերցնել դասագրքերի ամերիկյան, սինգապուրյան ձևը: Ունենք մեր ձևը, եթե տգետ են, թող հարցնեն, ասենք: Դասագրքերից հանում են Ղազարոս Աղայանին: Թող նրա կրթական գործերը կարդան:
Չի կարելի Շառլ Պեռոյի հեքիաթներով ապրել, պետք է մի քիչ էլ սեփական հեքիաթներին ծանոթ լինել, մշակույթի ղեկավարներն էլ գոնե մեկ քառատող Թումանյանից անգիր իմանան: Սա մի չար երազ է, բայց եթե նույնիսկ չար երազ լիներ, արթնանայիր, չէիր հավատա, որ նման երազ ես տեսնում:
Ասում են՝ սևագրությունն են ներկայացրել հանրությանը: Սուտ են ասում, սևագրությունը երբեք հանրությանը չի ներկայացվում, ներկայացվում է տարբերակը: Պետք չէ դեմագոգիա անելով խաբել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:
Անդրադառնում է բուհ չընդունված ուսանողների բողոքի ակցիաներին: «Երեխաներն ուզում են սովորել: Չեն ասում՝ հեռացի՛ր, չեն ասում՝ ամբարտավան և գռեհիկ եք, ասում են՝ թողեք, սովորենք: Ինչո՞ւ եք կոտրում այդ երեխաներին:
Դժվար է տեղերը շատացնել, ուզում են եվրոպական փորձը կիրառել, այնտեղ կա ազատ ունկնդրի կարգավիճակ, թող ընդունվեն, առաջին կիսամյակից հետո պարզ կլինեն սովորող-չսովորողները: Նրանց ակցիաների մեջ փորձում են քաղաքական տարրեր մտցնել, կապում են այս կամ այն գործիչների անվան հետ:
Այս ի՞նչ եք անում: Հետախուզությամբ, հակահետախուզությամբ և քննչական գործունեությամբ զբաղվելու փոխարեն ձեր գործով զբաղվեք: Մի՞թե փողոց փակելը բողոքի ակցիա չէ, իրենք փողոց փակելով են եկել:
Փողոց փակելը մտնում է բողոքի ակցիաների տրամաբանության մեջ: Կարող է ռադիո մտնեն, դուռը կոտրեն: Կուզենան դատարանները կփակեն, դրանք մեթոդներ են, որոնց համար ոչ ոք չի պատժվել: Առողջապահության նախարարն ասում է՝ դատարանի վճիռը չեմ կատարելու, ներողություն չեմ խնդրելու: Դատարանի վճիռը չկատարելու համար պետք է ցմահ դատապարտեն: Դատարանի վճիռը չի քննարկվում այդ ձևով»,նշում է մեր զրուցակիցը:
Նա հիշեցնում է՝ երբ կատարվեցին կառուցվածքային փոփոխություններ, միավորվեցին նախարարությունները, միաժամանակ փակվեց սփյուռքի նախարարությունը: «Սփյուռքի հետ հանձնակատարով չեն աշխատում: Սփյուռքը բավականին նուրբ, բազմաշերտ, բազմաբնույթ երևույթ է, ընդ որում, ծավալով 3-4 անգամ ավելի, քան մեր հանրապետության ներսում են ապրում: Նրանք ապրում են ցաքուցրիվ, տարբեր երկրներում, տարբեր օրենքների ենթակայության ներքո:
Հարություն Մարությանը (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն-խմբ.) Ստամբուլի կոնֆերանսում ասում է՝ ես ցեղասպանագետ չեմ: Այդ դեպքում ինչո՞ւ ես գնացել ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, դա բավական չէ, ասում ես՝ մենք հիշում ենք, իսկ հիշողությունը տրանսֆորմացիայի է ենթարկվում ժամանակի ընթացքում, բայց չենք պահանջում:
Սա ի՞նչ է: Հիմա էլ Մատենադարան են մտել, այնտեղ են ցեցը գցել: Այս ամենը շղթայի օղակներ են, որոնք գործում են հայ գաղափարի, հայի տեսակի դեմ: Սա պետք է թույլ չտալ: Ովքե՞ր են ընդգրկված հանձնաժողովներում, ի՞նչ կապ ունեն մշակույթի, գրականության, պատմության, մեր նկարագրի հետ: Խորհուրդներ չեն ընդունում, ինչ որոշել են, դա անելու են:
Իրենց գիծն ունեն, և այդ ռելսերով գնալու են, «տրամվայը գծերից չպետք է հետ ընկնի»: Այստեղ խնդիրը հակամշակութային և ապազգային տեսակն է: Այս ամենի մեջ սատանայական, չար ուժի նմանվող մի բան կա: Այս ընթացքում մի բարի բան չարվեց: Ամեն ինչ գլխիվայր շրջվել է»,-եզրափակում է Դավիթ Սարգսյանը: