«Ծնունդդ շնորհավո՛ր, առնե՛տ»՝ այսպես շնորհավորեցին Լուկաշենկոյի ծննդյան 66-ամյակը. ֆոտոներ

Օգոստոսի 30-ի բողոքի ակցիային Բելառուսի մայրաքաղաքում մասնակցել է առնվազն 100 հազար մարդ:
Իր ծննդյան օրը Լուկաշենկոն անցկացրել է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող իր նստավայրում, որտեղ նրան կրկին նկատել են ինքնաձիգը ձեռքին: Նրան զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և հրավիրել Մոսկվա, ինչը խորհրդանշում է Ռուսաստանի աջակցությունը Լուկաշենկոյին, չնայած նրան, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն չեն ընդունում օգոստոսի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների կասկածելի արդյունքները:
Ինչպես գրում է լրատվամիջոցը, Լուկաշենկոն այդպես էլ ի վիճակի չեղավ ճնշելու 9,5 միլիոն բնակչությամբ արևելաեվրոպական երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաները: Նա հրաժարվել է կրկնակի ընտրություն անցկացնելու առաջարկից, չնայած նրան, որ և ԵՄ-ն և ԱՄՆ-ն հայտարարել էին, որ անցկացված ընտրություններն ազատ և արդար չեն եղել, ինչպես նաև հրաժարվել է իրավիճակը կայունացնելու գործում մերձբալթյան երկրների առաջարկած օգնությունից:
Լուկաշենկոն հայտարարել է, որ համաձայնության է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այն հարցում, որ Ռուսաստանն անվտանգության ոլորտում անհրաժեշտության դեպքում կաջակցի Բելառուսին, սակայն, ինչպես երևում է, Ռուսաստանը մտադիր չէ ակտիվ մասնակցություն ունենալ Բելառուսում տեղի ունեցող անկարգություններին:
Ընտրություններում Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան, որն անվտանգության նկատառումներով գտնվում է Լիտվայում, հեռախոսով իր մաղթանքն է հայտնել Լուկաշենկոյին:
«Ես նրան ցանկանում եմ հաղթահարել իր բոլոր վախերը, նայել ճշմարտության աչքերին, լսել ժողովրդի ձայնն ու հեռանալ»,-ասել է Տիխանովսկայան:



