ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

14 սեպ 2020 16:16

Քանի միլիոն կարժենա զինծառայությունից խուսափելու դեպքում քրեական հետապնդումից ազատվելը

«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունն աշխատանքի մեկուկես տարվա ընթացքում հարյուրավոր դիմումներ է ստացել արտերկրում գտնվող ու Հայաստան վերադառնալ ցանկացող զինապարտներից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ մեկնաբանելով արտերկրում գտնվող զինապարտներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին իր հեղինակած օրինագիծը:


Հայրապետյանը հիշեցրեց, որ 2019թ-ի մարտից այս խնդիրը կարգավորող իրավական նորմ այլևս գոյություն չունի, և խնդիրը մնացել էր չկարգավորված:


«Եթե կհիշեք` շուրջ 10 տարի այդ օրենքն ամեն տարի երկարաձգվում էր պառլամենտի կողմից: Մենք հանդես եկանք նոր լուծումներով: Մեր նպատակը հետևյալն է, որ պետք է օգտագործենք այն ռեսուրսը, որ ունենք սփյուռքում՝ առաջարկելով նրանց մի քանի տարբերակ»,- ասաց նա:
Հայրապետյանը մեկնաբանեց, որ նոր նախագծով իրենք առաջարկում են 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին վերադառնալ Հայաստան, վճարել պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձը՝ գումարած հավելավճարները և ազատվել քրեական հետապնդումից։
Նախնական հաշվարկով, ըստ Հայրապետյանի, այդ գումարը կկազմի 5-5.5մլն դրամ, իսկ աշխատավարձի բարձրացման դեպքում կավելանա:
Իսկ եթե վճարելուց հետո փոշմանեն ու որոշեն 3 տարի ծառայել բանակում, ապա հետ կստանան իրենց վճարած գումարները:


Դե, իսկ եթե զինապարտը չարձագանքի ՀՀ նոր իշխանությունների առաջարկությանը, ապա նրա նկատմամբ ավելի խիստ միջոցներ կկիրառվեն. եթե գործող օրենքով նա քրեական պատասխանատվությունից ազատվում է 39 տարեկանը լրանալուց հետո, ապա նոր նախագծով առաջարկվում է դարձնել 47 տարեկան:


«Մարդիկ, որոնք կփորձեն այսօր խուսափել զինծառայությունից, կհասկանան, որ այլևս մինչև 47 տարեկանը իրենց վրա տարածվելու է այս օրենքը»,- ասաց Հայրապետյանը:
Պատգամավորը հայտնեց նաև, որ կառավարության տեսակետն օրինագիծի վերաբերյա դեռ հայտնի չէ, բայց ինքը վստահ չէ, որ ՀՀ պաշտպանության նախարարության եզրակացությունը դրական է լինելու:


«Մենք հասկանում ենք, որ ՊՆ-ն ունի իր հստակ դիրքորոշումը, որ բոլորը պետք է ծառայեն բանակում: Բայց մյուս կողմից մենք մի քանի հազար քաղաքացիներ ունենք, որոնք նման խնդրի առաջ են կանգնած. 33, 35 տարեկան են, երեխաներ ունեն ու գտնվում են քրեական հետախուզման մեջ: Սա դիսկուրս է. մենք բերել ենք օրակարգ, կլսենք ՊՆ դիրքորոշումը, կքննարկենք ԱԺ-ում ու կկայացնենք մեր որոշումը»,- ասաց պատգամավորը:


Հայրապետյանը նաև պարզաբանեց, որ 39-ի փոխարեն 47 տարեկանը սահմանելը չի նշանակում, որ փոխվում է նաև զինապարտության տարիքը: Այս կարգավորումն, ըստ նրա, վերաբերում է բացառապես այս օրենքին:
















Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր