Զգուշացում. Ջավախահայերի ոգևորությունը կարող է խնդիրներ հարուցել՝ իրենց բողոքի ալիքներով
Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ջավախքում տեղի ունեցած բողոքի ակցիային
Ջոնի Մելիքյանը նշում է` այն ամենը, ինչ վերջին երկու օրերին տեղի ունեցավ Ջավախքում, հիմք է տալիս մեր հայրենակիցներին զգուշացնելու հնարավոր ռիսկերի մասին։
«Վրաստանի հայ համայնքն Ադրբեջանի կողմից միշտ եղել է թիրախավորված, հետևաբար ցանկացած միջադեպ, որը տեղի է ունենում Վրաստանում, փորձում է օգտագործել ի շահ իրեն և ի վնաս մեզ, ի վնաս հայ–վրացական հարաբերությունների։ Շատ կարևոր է, որ Ջավախքից ունենք աջակցություն, կան բազմաթիվ մարդիկ, որոնք պատրաստ են մեկնել Արցախ, սակայն նրանք Վրաստանի քաղաքացիներ են, կա նաև այդ երկրի օրենսդրությունը, որն արգելում է իր հպատակներին մասնակցել օտար երկրներում ընթացող մարտական գործողություններին»,– Sputnik Արմենիային ասաց վրացագետը։
Մելիքյանի կարծիքով` Վրաստանը Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ որդեգրել է շատ ճիշտ, չեզոք դիրքորոշում և նույնիսկ հայտարարություն է արել, որ փակում է իր տարածքը Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական կարիքների համար։ Պաշտոնական Թբիլիսիի շահերից է բխում այն, որ իր քաղաքացիները ներգրավված չլինեն ռազմական գործողություններում, որ պատերազմը չներթափանցի իր տարածք, որտեղ կան լուրջ հայկական և ադրբեջանական համայնքներ։
«Ջավախքում կա նաև ներքաղաքական էլեմենտ` տարբեր քաղաքական գործիչներ, տարբեր ժամանակների պաշտոնյաներ պայքարում են մաժորիտար մանդատների համար, հայտնի կուսակցությունները նույնպես մրցում են խորհրդարան անցնելու համար` փորձելով օգուտ քաղել նաև տարաբնույթ միջադեպերից, հետևաբար սահման կամ ճանապարհ փակելը կապում եմ նման փորձերի հետ»,– նշեց վրացագետը։
Մելիքյանի դիտարկմամբ` հայրենասիրության հողի վրա բարձրանում է ալիք, մինչդեռ Վրաստանի սահմանը համավարակի պատճառով փակ է, կան սահմանափակումներ, և ջավախահայերի ոգևորությունը կարող է օրենսդրական դաշտում հարուցել որոշ խնդիրներ, ինչից օգտվելով` ոմանք փորձում են բարձրացնել իրենց վարկանիշը` նշելով, թե վրաց իշխանությունը չի կառավարում իրավիճակը կամ ունի սխալ դիրքորոշում։ Ըստ վրացագետի` փակ սահմանների պարագայում դժվար է պատկերացնել որևէ գործընթաց, եթե այն չի փաստաթղթավորվում կամ չի համաձայնեցվում իշխանությունների հետ։