Տեսանյութ.Թշնամին արդեն խռխռում է, մի քիչ էլ հրետանային կրակ, ու ամբողջ ճակատում կհաղթենք. Մանվել Եղիազարյան
![Տեսանյութ.Թշնամին արդեն խռխռում է, մի քիչ էլ հրետանային կրակ, ու ամբողջ ճակատում կհաղթենք. Մանվել Եղիազարյան Տեսանյութ.Թշնամին արդեն խռխռում է, մի քիչ էլ հրետանային կրակ, ու ամբողջ ճակատում կհաղթենք. Մանվել Եղիազարյան](https://mail.hayacq.com/uploads/posts/2020-10/medium/1602760861_manvel-exiazaryan.jpg)
«Թշնամու ավիացիան, ԱԹՍ-ները, հրետանին են մեզ կորուստներ պատճառում, նրանց հետևակը հաջողություն չունի: Դիվերսիոն խմբերն առնետների պես գալիս են, շան ձագերի պես սատկացնում ենք, ինչպես Հադրութում: Երանի ենք տալիս, որ բանը հասնի գնդացիրներին, տեսնենք՝ նրանց հետևակն ինչ է անելու: Ադրբեջանի էլիտար զորքից մարդ չի մնացել, կա՛մ կոտորվել, կա՛մ վիրավորվել են, առաջվա թափը չկա: Թշնամին արդեն խռխռում է, մի քիչ էլ ակտիվացնենք մեր հրետանային կրակը, և իրավիճակը փոխվելու է, հաղթելու ենք»,- ասել է ազատամարտիկը:
Ըստ Եղիազարյանի՝ Արցախում այսօր խոր էշելոնացված մի քանի բնագիծ է պետք ձևավորել, որ մեր զինվորները պաշտպանված լինեն բեկորային վնասվածքներից. «Ամբողջ թափով պետք է ռմբակոծել Ադրբեջանը, սա ոչնչացման պատերազմ է: Մեզ պետք են երկաթբետոնե կառույցներ, մեր խրամատները պետք է ամրացվեն: Հենց թշնամին խռխռաց, մենք պետք է նախահարձակ լինենք ու ավերենք այդ փուչ երկիրը: Մենք կռվում ենք պատվի համար, ոչ թե հողակտորի: Եթե տանք Արցախը, գոյություն չունենք: Մենք ՀԱՊԿ անդամ ենք, Ռուսաստանը Հայաստանին կպաշտպանի, եթե անգամ այստեղ մենակ մնանք, կդիմենք Իրանին ու Չինաստանին: Մենք պետք է մեր պատիվը պահենք»:
Ազատամարտիկի կարծիքով՝ Ադրբեջանի պոտենցիալը սպառվել է, պատերազմը չի կարող հավերժ շարունակվել, այնտեղի ազգային փոքրամասնություններն էլ անհնազանդության ակցիաներ են անում. «Ադրբեջանը պետք է ավերվի, այդ արհեստական փուշը պետք է հանել ու տալ կրակին: Որքան էլ Թուրքիան օգնի նրան, մենք կարող ենք դա անել: Վարձկանը չի կռվելու, նրանք խուճապահար փախչում են, գիտեն, որ մեռնելու են: Պետք է ամրացնել մեր բնագծերը, որ չկարողանան ճեղքել մեր պաշտպանությունը: Բոլոր այն մարդիկ, որոնք կարող են ինժեներական աշխատանքներ անել, պետք է ոտքի ելնեն»:
Մանվել Եղիազարյանի պնդմամբ՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զենք չկար, կար ոգի, այսօր կա և՛ ոգի, և՛ զենք. «Թշնամու հույսը հրետանին է, կարծում են՝ դրանով կարող են մեզ ընկճել: Այո՛, ունենք զոհեր ու վիրավորներ, բայց եթե այդ զոհերը չունենանք, հարյուրհազարավոր մարդիկ ստորացված կկոտորվեն: Որոշում ենք՝ ստորացված ապրե՞լ, թե՞ տղամարդավարի՝ զենքը ձեռքներիս կռվել: Թող բախտները փորձեն, տեսնենք՝ ոչխար պահելուց բացի՝ այլ բան գիտե՞ն, տղամարդ դարձե՞լ են: Պետք է մաշել թշնամուն, որ աղաչի զինադադար, մինչև չաղաչեն, չենք կանգնելու»:
Ազատամարտիկի պնդմամբ՝ 1992-ի ամռանը թշնամին Ստեփանակերտ էր հասնում, բայց հայոց զորքը քշեց նրան, հիմա էլ այդպես կլինի: «Մեր հրետանին հրաշքներ է գործում, ունենք փայլուն մասնագետներ, Ադրբեջանը մոտ 600 միավոր տեխնիկա է կորցրել: Այս պատերազմն աշխարհինն է, եթե այս տարածաշրջանը կորավ, պանթուրքական աղեղը ձգվելու է մինչև Չինաստան, վարձկաններն արդեն Չեչնիա են հասել»,- ամփոփել է «Արաբո» ջոկատի հրամանատարը: