Ով է սպանել Բենիկին և Յուրիին. BBC-ն մանրակրկիտ ուսումնասիրել է ԼՂ-ում հայ գերիների գնդակահարության կադրերը (լուսանկարներ)
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2020-10/1602852515_geriner.jpg)
Հայկական իշխանությունները պարզել են մահացածների ինքնությունը. նրանցից մեկը 1947թ. ծնված Բենիկ Հակոբյանն է, մյուսը 1995թ. ծնված Յուրա Ադամյանը:
BBC-ն ուսումնասիրել է մի քանի տեսագրություններ, որոնք տարածվում են սոցկայքերում որպես այս պատերազմում գերիների սպանության կադրեր: Սակայն միայն 2 դեպքում հայ գերիների տեսանյութերի մասին կարելի է վստահորեն խոսել տեղի ունեցածի բնույթի մասին:
Տեսանյութերից մեկում, ենթադրաբար, երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինվորականները գերի վերցնում 2 հայի՝ Բենիկ Հակոբյանին և Յուրա Ադամյանին:
![](https://ichef.bbci.co.uk/news/640/cpsprodpb/1336F/production/_115030787_screenshot2020-10-20at12.45.50.png)
Կադրից այն կողմ տղամարդու ձայնը ռուսերեն կարգադրում է բարձրացնել ձեռքերը և գնալ դեպի իրենց: Նա նաև դիմում է զինված ադրբեջանցի զինվորներին իրենց լեզվով և ասում չհարվածել գերիներին: Երկրորդ տեսանյութը ենթադրաբար ցույց է տալիս նրանց գնդակահարման պահը: Կադրերից դատելով՝ գերիների ձեռքերը կապված են: Նրանց ուսերին Հայաստանի և Արցախի դրոշներն են: Կադրի ետևում ձայնը հրամայում է՝ «Նշան բռնեք գլխին»: Հնչում են կրակոցներ, և տղամարդիկ ընկնում են:
![](https://ichef.bbci.co.uk/news/640/cpsprodpb/10C5F/production/_115030786_cb3909cc-70b8-4d14-801e-3f478706a565.png)
BBC-ն հաստատել է, որ կադրի ետևում հրաման տվողն ադրբեջաներեն լեզվի կրող է՝ տարածաշրջանային ակցենտով: Հագուստից դատելով՝ գերեվարված հայերն առաջին տեսանյութում և գնդակահարության զոհերը մյուսում, նույն մարդիկ են:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է իր զինվորականների մասնակցությունը գնդակահարությանը և տեսանյութը սադրանք անվանել: Նույն օրը Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է հետաքննություն սկսելու մասին: Հետագայում այնտեղից հայտնել են, որ հետաքննությունն ավարտվել է, իսկ տեսանյութը կեղծ է: BBC-ն, սակայն, ուսումնասիրել և պարզել է, որ տեսագրություններն արվել են Հադրութ քաղաքում՝ այս պատերազմում թեժ մարտերի վայրում: Հնարավոր է՝ տեսանյութերն արվել են հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում:
![](https://ichef.bbci.co.uk/news/640/cpsprodpb/D3A5/production/_115018145_hadrut-video2-ru-nc.png)
Ադրբեջանը հայտարարել է Հադրութը գրավելու մասին հոկտեմբերի 9-ին, սակայն հետագայում թողարկված նյութերը վկայում են այն մասին, որ ադրբեջանական բանակը միայն որոշ բարձունքների վերահսկողությունն է վերցրել: Առաջին տեսանյութերը Հադրութի կենտրոնից ադրբեջանցիները հրապարակել են միայն հոկտեմբերի 15-ին: Երկու գերիների մասին տեսանյութերը սոցկայքերում են հայտնվել հոկտեմբերի 15-ին:
![](https://ichef.bbci.co.uk/news/640/cpsprodpb/8585/production/_115018143_hadrut-video1-ru-nc.png)
Առաջինը ձայնագրվել է քաղաքի հյուսիսում ճանապարհի մոտ թմբի վրա: Այնտեղ երևում են 4 շինություններ, որոնք հեշտությամբ կարելի է տեսնել արբանյակային նկարներում: Իսկ գնդակահարության տեսանյութը, ամենայն հավանականությամբ, արվել է զբոսայգում՝ Մկրտչյան փողոցի վրա քաղաքի հարավում:
Bellingcat պարբերականի հետաքննողներն առաջինն են հրապարակել տեսագրությունների վերլուծությունը և ենթադրել, որ դրանք իրական են: Երկու հայերի գերեվարման և սպանության վայրերը համընկնում են այն վայրերի հետ, որոնք պարզել է BBC-ն:
Bellingcat-ի լրագրողները գտել են նաև հաստատումն այն բանի, որ զինվորների սաղավարտները և հրացանները համապատասխանում են նրանց, որոնք ավելի վաղ օգտագործել են ադրբեջանցի զինվորականները:
Ադրբեջանցի օգտատերերը կասկածի տակ են առել տեսանյութերի իսկությունը՝ նշելով կադրերում արյան բացակայությունը: Սակայն BBC-ի կողմից հարցաքննված ռազմական փորձագետները վստահ են տեսագրությունների իսկության հարցում:
Ձայնագրությունը ցույց են տվել նաև բրիտանական ռազմական հետախուզության նախկի սպայի: Վերջինս համաձայնվել է մեկնաբանել ձայնագրությունը անանունության պայմանով՝ անվտանգության նկատառումներով:
«Դրանք իսկական փամփուշտներ են, և սա իրական սպանություն է: Սա գնդակահարության իրական պահ է, և ես չեմ տեսնում ոչ մի պատճառ այն բեմադրություն համարելու համար»,- ասել է փորձագետը:
BBC-ն հայցումներ է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցով հանձնակատարի գրասենյակ, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային հանձնաժողով: