Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

04 փետ 2021 19:07

Սեռական փոքրամասնություններին ուղղված ատելության խոսքի համար ԱՄՆ-ն դատապարտել է Թուրքիային

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը մամուլի ասուլիսին անդրադարձել է Թուրքիայում ուսանողության կողմից Բողազիչի համալսարանի նորանշանակ ռեկտորի դեմ կազմակերպված բողոքի ակցիային:

Նա մտահոգություն հայտնելով բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված ցուցարարների համար, խստորեն դատապարտել է սեռական փոքրամասնությունների դեմ ուղղված ատելության խոսքերը:

«Մենք հետևում ենք նորանշանակ ռեկտորի դեմ իրականացվող խաղաղ ցույցերին: Մտահոգ ենք ուսանողների և մյուս ցուցարարների ձերբակալությունների համար: Խոսքի ազատությունը գործող ժողովրդավարության կարևոր բաղադրիչն է, ներառյալ, երբ որոշ բառեր տհաճ են մյուսների համար, այն պետք է պաշտպանված լինի»,- ասել է նա:

Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ն մարդու իրավունքների պաշտպանությունը առաջնահերթություն է համարում և աջակցում է ժողովրդավարության հիմնարար ազատություների համար պայքարողներին:

Ինչպես գրում է ermenihaber-ը, ցուցարարների գլխավոր պահանջը դրսից նշանակված ռեկտորի հրաժարականն ու ընտրություններ անցկացնելն է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Բողազիչիի համալսարանի ռեկտորի նշանակման դեմ բողոքի ցույցեր իրականացնող ուսանողներին և դասախոսներին մեղադրում է ահաբեկչության մեջ։

Փետրվարի 2-ի երեկոյան զանգվածային ձերբակալություններից հետո ուսանողները և նրանց սատարողները շարունակում են իրենց բողոքի ակցիաները ոչ միայն Ստամբուլում, Անկարայում, այլև երկրի այլ քաղաքներում, նաև երկրից դուրս։ Սոցիալական հարթակներում նրանց սատարողների մեջ է նաև պոլսահայ մտավորականությունը։ Ցույցերի հետևանքով ընդհանուր առմամբ կալանավորվել է ակցիայի 30 մասնակից:

Նշենք, որ Թուրքիայում կան հազարավոր կալանավորված և դատված ընդդիմադիր ուսանողներ: Նրանց 2019թ դրությամբ կազմում էր 36.300։

Բողազիչիի համալսարանը տարածաշրջանում հեղինակավոր համալսարաններից մեկն է, որտեղ կրթություն է ստանում շուրջ 16 000 ուսանող։ Ակադեմիական լեզուն Բողազիչիում անգլերենն է։ Համալսարանը հայտնի է որպես երկրի ամենաառաջադեմ կրթական հաստատություններից մեկը։ Նորանշանակ ռեկտորն ասել է, որ առաջիկայում նպատակ ունի համալսարանը ընդգրկել աշխարհի լավագույն հարյուր համալսարանների ցանկի մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր