Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

04 փետ 2021 15:30

Շուրջ 1.2 մլրդ ՀՀ դրամի առերևույթ չարաշահումներ՝ Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնումների գործընթացում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կարիքների համար 2013-2020թթ.-ին կազմակերպված գնման ընթացակարգերի նկատմամբ իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվել և ստացվել նաև նշված ՊՈԱԿ-ից:


Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012-2015թ. ընթացքում յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսին ՊՈԱԿ-ի պատասխանատու ստորաբաժանման կողմից նախապատրաստվել և ներկայացվել են Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների ձեռքբերման համար գնման հայտերը՝ ծառայությունների ձեռքբերման նախահաշվային գինը յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 700 մլն 344 հազար ՀՀ դրամ: Հայտարարված գնումների ընթացակարգերում յուրաքանչյուր տարի հաղթող է ճանաչվել միակ մասնակից «Յ...» ՍՊԸ-ն, որի հետ էլ կնքվել են հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնման պայմանագրեր՝ համապատասխանաբար՝ շուրջ 716մլն ՀՀ դրամ, 700մլն ՀՀ դրամ, 700մլն ՀՀ դրամ և 703մլն ՀՀ դրամ արժեքներով:


Համաձայն նշված ծառայությունների ձեռքբերման ժամանակահատվածում գործող ՀՀ կառավարության «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» որոշման՝ մինչև գնումների հրավերների հաստատումը, բացառությամբ շինարարական ծրագրերի, գնահատող հանձնաժողովի անդամները պարտավոր են ուսումնասիրել ՀՀ համապատասխան շուկաները և կազմել գրավոր երաշխավորություն տվյալ հրավերի շրջանակում իրականացվելիք գնումների շուկայական գների մասին՝ կցելով մանրամասն բացատրագիր նախահաշվային գնի ու շուկայական գնի համեմատության վերաբերյալ և ուսումնասիրությունը հիմնավորող փաստաթղթերը:




Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնման գործընթացի շրջանակում ծառայությունների նախահաշվային գինը սահմանելու համար շուկայի ուսումնասիրություն չի կատարվել:


Իսկ նույն Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների նպատակով 2017-2019թթ. նույն ընկերության հետ կնքված պայմանագրերի արժեքը յուրաքանչյուր տարվա համար կազմել է շուրջ 400մլն ՀՀ դրամ, ինչը 300մլն դրամով ավելի պակաս է 2012-2015թթ. կնքված պայմանագրերից:


Այսինքն՝ ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, առերևույթ խախտելով գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ իրավանորմերի պահանջները, Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնումների ընթացակարգերում չեն իրականացրել շուկայի ուսումնասիրություն, ինչի արդյունքում սահմանվել են չհիմնավորված նախահաշվային գներ, որոնց հիման վրա 2012-2015թթ. ընկերության հետ կնքված պայմանագրերի կատարման արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր շուրջ 1մլրդ 200մլն ՀՀ դրամի վնաս:


Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել առերևույթ հանցավոր արաքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր