Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրու
Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով Հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար ավելի գործարք, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին․ «Դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31․4 մլրդ դրամով։ Էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ հավելեց, որ դրամաշրջանառության մասով գրանցված աճը հիմնականում վերաբերում է երեք ոլորտի․ «Սպառման, արտադրության և ծառայությունների մատուցման ծավալներն են ավելացել։ 604 հազար գործարքները հավասարապես վերաբերում են ներկայացված ոլորտներին։ 80 տոկոսը վերաբերում է ՀԴՄ կտրոններով իրացման շրջանառությանը, իսկ 20 տոկոսը՝ հաշվարկային փաստաթղթերով իրացման շրջանառությանը»,-նշեց ՊԵԿ նախագահը։
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ մեծագույն խնդիրներից մեկը սպառման ծավալների էական անկումն է․ «Սրանով կարող ենք հույս ունենալ, որ սպառման ծավալները կվերականգնվեն»։