Հայաստանի ղեկավարությունը չէր հասկանում, որ նման ձևով պատերազմ են հրահրում.Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը Թուրքիան է

Նա ընդգծել է, որ գործընթացը սկսել է փակուղի մտնել, երբ հայկական կողմը սկսել է անհասկանալի բնույթի նոր պահանջներ առաջադրել։ «Սկզբում հայտարարություն կար, որ նոր իշխանությունը մտադիր Է բանակցություններ սկսել նոր կետից, այսինքն բանակցությունները, որոնք ընթանում էին 1992-ից, զրոյացվել են։ Այնուհետև իշխանությունները հայտարարեցին, որ բանակցություններն առանց Արցախի ներկայացուցիչների մասնակցության չեն շարունակվի։ Եվ վերջում կար «Ղարաբաղը Հայաստանն է և վերջ» բանաձևը։
Այսինքն՝ բավական կարճ ժամանակահատվածում տեղի է ունեցել նոր պոստուլատների կուտակում, որոնք ստեղծում էին տպավորություն, որ հայկական կողմը պարզապես հեռանում է առարկայական բանակցություններից», - հավելել է Քոչարյանը։ Երկրորդ նախագահը հայտարարեց, որ Հայաստանի ղեկավարությունը չէր հասկանում, որ նման ձևով պատերազմ են հրահրում։
Քոչարյանի խոսքով՝ դա շատ պարզունակ միջոց էր՝ խուսափելու ծանր ու պատասխանատու բանակցություններից։ Այսինքն՝ նման պահվածքը փախուստ էր բանակցությունների պատասխանատու մոտեցումից։ Քոչարյանն ընդգծել է, որ լավագույն դեպքում բանակցային գործընթացը կարող է հանգեցնել հայկական կողմից պահված տարածքների փոխանակմանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ:
Նա պարզաբանել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների փոփոխության ինչ-որ հնարավորություն ընդհանուր առմամբ է դիտարկվել։ «Կա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածք, իսկ կա տարածք, որի մասին մենք ասում ենք ազատագրված, իսկ միջնորդներն ասում են՝ զբաղված։ Այն ներառվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում, սակայն Սահմանադրությունը ենթադրում էր որոշակի փոփոխության հնարավորություն։ Ըստ էության, այդ տարածքը ընկալվում էր որպես բուֆերային գոտի, բայց նաև ենթադրվում էր, որ դա այն թեման է, որի շուրջ մենք կարող ենք բանակցել», - ասել է Քոչարյանը։
Հայաստանի երկրորդ նախագահը նաեւ նկատել է, որ եթե չլիներ Ռուսաստանի նախագահ Պուտինի ակտիվ, անձնական միջամտությունը, ապա, հնարավոր է, ողջ Լեռնային Ղարաբաղը կորսվեր: Նա համաձայնեց, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը եղել և մնում է Ռուսաստանը, և Երևանի մասնակցությունը ինտեգրացիոն միություններին (ԵԱՏՄ և ՀԱՊԿ) արտացոլում է հենց այդ իրողությունը, իսկ Մոսկվայի հասցեին հնչեցված մեղադրանքները հայկական կողմի պարտության հետ կապված անհիմն է անվանել, քանի որ ՌԴ-ն, իր գնահատմամբ, ամեն ինչ արել է՝ պատերազմը դադարեցնելու համար:
Երկրորդ նախագահը հավելել է, որ Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը Թուրքիան է, ավելին, ըստ Քոչարյանի՝ Հայաստանը նույնպես Թուրքիայի կողմից ընկալվում է որպես սպառնալիք: