Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

13 մայիս 2021 10:00

Թշնամին առաջ է գալիս իրեն փոխանցված տարածքում.ձյունը հալվել է, թշնամին էլ դիրքավորվում է ավելի մեզ մոտ հատվածներում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմաններին տեղի ունեցածը եկավ ապացուցելու, որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ճիշտ էր, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սխալ: Բանն այն է, որ մայիսի 3-ին՝ խորհրդարանում վարչապետի ընտրության առաջին փորձի ժամանակ, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սահմանների անվտանգության մասին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն սփոփող պատասխանի փոխարեն Փաշինյանն ինքնավստահ հայտարարություններ արեց եւ ավելին՝ պատգամավորին մեղադրեց գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու մեջ: «Մենք չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ, եւ մեր անվտանգությունը, ըստ էության, գտնվում է, մեղմ ասած, մտահոգիչ վիճակում: Ես ուզում եմ հասկանալ, թե… ինչու մենք չունենք կահավորված առաջնագիծ»,- հետաքրքրվեց Թովմասյանը: Նիկոլ Փաշինյանը կտրուկ արձագանքեց. «Շատ դեպքերում, երբ մեր հանրային դիսկուրսը լսում եմ, ես հասկանում եմ, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ Դուք չեք կարող տեսնել այն ամեն ինչը, ինչ արվում է, որովհետեւ այդ արվողի հսկայական մեծամասնությունը արվում է գաղտնի»:


Ստացվում է՝ անգամ եթե վարչապետին զեկուցվել է, որ առաջնագծում ինչ-որ բաներ են արվում, ամեն դեպքում, երեկ սահմաններում տեղի ունեցածն իրոք մտահոգիչ է: Մասնավորապես, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երեկ՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Սահմանային նման շարժի մասին տեղեկություն էր առկա նաեւ Գեղարքունիքի մարզում: «Նոյեմբերի 9-10-ի չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո, երբ հանձնվեց Քարվաճառը, ադրբեջանական զինուժը դիրքավորվել է այդ հատվածներում՝ այնպիսի դիրքերում, որտեղ հնարավոր է եղել՝ պայմանավորված առատ ձյան հանգամանքով: Հիմա ձյունը հալվել է, նրանք իրենց տիրապետության տակ անցած հատվածներում առաջ են գալիս, դիրքավորվում են ավելի մեզ մոտ հատվածներում»,-հայտնել է անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Պատգամավորին փոխանցել են, որ Հայաստանի պետական սահմանի նկատմամբ որեւէ ոտնձգություն չի իրականացվել Գեղարքունիքի մարզի հատվածում: Թշնամին առաջ է գալիս իրեն փոխանցված տարածքում»:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 13․05.21թ համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր