Ալիևը դեմ է Հայաստանի կողմից սահմանային խնդիրները միջազգայնացնելու փորձերին, ինչը կարող է հանգեցնել լարվածության աճին տարածաշրջանում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ «Հայաստանի ոչ ադեկվատ արձագանքը սահմանային խնդիրներին և այս հարցը միջազգայնացնելու փորձերը կարող են հանգեցնել լարվածության աճին տարածաշրջանում»: Այս մասին, ըստ Interfax-ի, Ալիևն ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցում։
«Հայաստանի կողմից ոչ ադեկվատ արձագանքը սահմանային լարվածությանը և այս հարցը միջազգայնացնելու փորձերը կարող են հանգեցնել լարվածության աճին տարածաշրջանում: Կարևոր է բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով և բանակցային գործընթացի շրջանակներում», - ասել է Ալիևը։
Ալիևը համաձայնել է Սալիվանի կարծիքի հետ`Ադրբեջանի և Հայաստանի միջև միջազգային սահմանի դեմարկացիայի- դելիմիտացիայի շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին և ընդգծել այդ գործընթացի իրականացման կարևորությունը` համաձայն 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության:
Ալիևն ասել է, թե Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը, դրական գնահատել տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակը` նշելով, որ հակամարտության ավարտից 6 ամիս անց իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում`ադրբեջանա-հայկական սահմանին, կայուն է։
Հիշեցնենք, որ Սալիվանը նախօրեին հեռախոսազրույց էր ունեցել նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ էր համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները:
Հեռախոսազրույցները տեղի էին ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։