Ի՞նչ առավելություններ ունեն հաստ աղիի լապարոսկոպիկ վիրահատությունները բաց վիրահատությունների համեմատ

Լապարասկոպիան այսօր ակտիվորեն կիրառվում է հաստ աղիի ամենատարբեր վիրահատությունների ժամանակ, այդ թվում՝ ուռուցքային նորագոյացությունները հեռացնելիս։ Շատերը մտահոգվում են, թե կարող է արդյոք վիրաբույժը նման վիրահատության ընթացքում չնկատել ինչ-որ մի բան եւ լրիվ չհեռացնել ուռուցքը։ Ջենարո ԼաԲելայի խոսքով՝ այդ մտահոգությունները սովորաբար անհիմն են, չէ՞ որ ժամանակակից լապարասկոպիկ սարքավորումը ներառում է մեծ հնարավորություններ ունեցող տեսախցիկներ, որոնց օգնությամբ վիրաբույժը հիանալի տեսնում է վիրահատական հատվածը։
«Հաճախ մենք կարող ենք խցիկները տեղադրել տեսնելու համար դժվարհասանելի տեղերում, որպեսզի կարողանանք դրանք ավելի մոտիկից տեսնել։ Իսկ ինչ վերաբերում է ռոբոտացված վիրաբուժությանը, Davinci պլատֆորմի հիման վրա խցիկների համակարգերը նույնպես հնարավորություն են տալիս մեծացնել խորության եռաչափ ընկալումը»,- ասել է մասնագետը։
Ջենարո ԼաԲելան նախատեսում է Հայաստան գալ ընթացիկ տարվա օգոստոսի 23-ին։ Ազգային ուռուցքաբանական կենտրոնում հայ գործընկերոջ՝ Ավետիք Պետրոսյանի հետ օգոստոսի 23-26-ը նա կատարելու է հաստ աղիի չարորակ ուռուցքների հեռացման մի շարք լապարասկոպիկ վիրահատություններ։ Այդ բոլոր վիրահատությունները լինելու են անվճար պացիենտների համար, քանի որ Հայաստանում ներկայում գործում է չարորակ ուռուցքների հեռացման պետպատվեր։
Օգոստոսի 27-ին ԼաԲելան մաստեր-կլաս կանցկացնի հայ ուռուցքաբանների համար։
Մասնագետի այցը Հայաստան կազմակերպել է «Մեդունի» բարեգործական ընկերությունը։ Պացիենտների գրանցումը կտեւի մինչեւ օգոստոսի 13-ը։