«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

03 օգոս 2021 12:22

Բաքուն մտավախություն ունի, որ ճանաչելով Հյուսիսային Կիպրոսը՝ երկիրը կհրահրի ԼՂ-ի միջազգային ճանաչման գործընթացին.Արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունն իրականում հայամետ է

ng.ru-ն «Բաքուն և Վաշինգտոնը հայտնվել են կոնֆլիկտի եզրին» վերնագրով հոդվածում գրում է, որ ԱՄՆ-ի Սենատը սկսել է քննարկել 2022 թվականի ԱՄՆ-ի արտաքին օգնության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Սկզբում այդ փոփոխությունները կգնան համապատասխան հանձնաժողովներ, այնուհետև կքննարկվեն Վերին պալատի կողմից: Նախորդ շաբաթ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ընդունած այդ փոփոխությունը հատկանշական է Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ-ի ռազմական օգնության կրճատման տեսակետից: Դա տեղի է ունենում ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման, այլ նաև Թուրքիայի՝ Հյուսիսային Կիպրոսի անկախության ճանաչմանը նպատակաուղղված որոշման ֆոնին:


Փոփոխությունը, որը հաստատվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամների կողմից, կոչվում է «Փալլոնի ուղղում» հեղինակի՝ դեմոկրատ կոնգրեսական Ֆրենկ Փալլոնի անունով: Ըստ այդ փաստաթղթի, «Միջազգային ռազմական կրթության և ուսուցման» և «Արտասահմանյան ռազմական ֆինանսավորման» ծրագրերի շրջանակներում սույն օրենքին համապատասխան հատկացվող կամ այլ կերպ տրամադրվող միջոցները չեն կարող հասանելի լինել Ադրբեջանի համար: Այսինքն, պարզ ասած, ադրբեջանցի զինծառայողները չեն վերապատրաստվի ամերիկյան փողերով և ամերիկացի զինծառայողների կողմից: Միևնույն ժամանակ, ոչինչ չի խանգարում Պենտագոնին ԱՄՆ -ի պաշտպանական բյուջեի հաշվին Ադրբեջանին մատակարարել ռազմական տեխնիկա: Այն, որ, այնուամենայնիվ, ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցությունը չի սահմանափակվել, վկայում են նաև ՆԱՏՕ -ի հովանու ներքո անցկացվող զորավարժությունները, որոնք ներկայումս ընթանում են Վրաստանում և կավարտվեն օգոստոսի 6-ին: Այդ զորավարժություններին մասնակցում են նաև Ադրբեջանի զինծառայողները:


Այնուամենայնիվ, Ներկայացուցիչների պալատի կողմից օրինագծին տրված հավանությունն արդեն իսկ շատ բանի մասին է խոսում: Իհարկե, դրա ընդունման վրա ազդել են բախումները հայ-ադրբեջանական սահմանին: Ներկայացուցիչների պալատի՝ օրինագծին հավանություն տալու հաջորդ օրը պետքարտուղարությունը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով երկու երկրներին դադարեցնել բռնությունները: «Հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային քննարկումների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- ասված է փաստաթղթում:


Նկատի առնելով այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի թաքցնում իր սառը վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության նկատմամբ՝ համարելով այդ կառույցը անարդյունավետ և սպառված, պետքարտուղարության այս հայտարարությունը առավելապես հայամետ է: Ադրբեջանի հետ հակամարտության մեջ Հայաստանի նկատմամբ իրենց համակրանքը օրինագծի հեղինակները չեն թաքցրել: Նույն Փալլոնը Ադրբեջանի իշխանություններին անվանում է ոչ այլ կերպ, քան «բռնապետական ռեժիմ»: Իր հերթին, պաշտոնական Բաքուն ընդունված օրինագիծը մեկնաբանել է որպես «հայկական լոբբիի» ինտրիգների արդյունք:


Մասնավորապես այդ մասին ասված է ԱՄՆ -ում Ադրբեջանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ: Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ -ի հետ համագործակցության խզումից երկրի պաշտպանական բյուջեի կրած վնասներն այնքան էլ մեծ չեն լինի: Պաշտպանության ոլորտում ԱՄՆ -ի կողմից այդ երկրին տրամադրվող տարեկան օգնությունը չի գերազանցում 100 մլն դոլարը: Ի դեպ, Ամերիկայի կողմից Հայաստանին տրամադրվող նմանատիպ օգնությունը շատ ավելի քիչ է եղել: Պետք է նշել, որ Ադրբեջանի պաշտպանական բյուջեն կազմում է մի քանի միլիարդ դոլար: Սակայն այստեղ ուշագրավ է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման բուն փաստը: Եթե դա իսկապես տեղի ունենա, ապա կնշանակի, որ ԱՄՆ -ի հատուկ հարաբերություններն այդ երկրի հետ ավարտվել են:


Դոնալդ Թրամփի օրոք Վաշինգտոնում Ադրբեջանին միանշանակորեն դիտարկել են որպես Իրանի հակակշիռ: Պատահական չէ, որ ադրբեջանաիսրայելական ռազմական համագործակցությունն ակտիվորեն զարգանում էր: Օրինակ՝ Ղարաբաղում պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի կողմից օգտագործված անօդաչու թռչող սարքերի մի մասը իսրայելական արտադրության էին: Դա, ի դեպ, հանգեցրել է Իսրայելից Հայաստանի դեսպանի հետկանչին: Դեմոկրատական վարչակազմի իշխանության գալը կարող է շատ բան փոխել պաշտոնական Բաքվի նկատմամբ Սպիտակ տան վերաբերմունքում: Միացյալ Նահանգների էթնիկ հայերն ավանդաբար քվեարկում են Դեմոկրատական կուսակցության օգտին, և Ջո Բայդենի թիմը ստիպված կլինի հաշվի նստել դրա հետ:


Ընդունված օրինագծի շուրջ բանավեճի մեջ ևս մեկ նրբերանգ կա. այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի հետ Արևմուտքի հարաբերությունների հերթական սրման ֆոնին: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է հույների և կիպրոսյան թուրքերի միասնական պետության ստեղծման վերաբերյալ երկխոսության ընդհատման մասին: Այնուհետ Անկարան անցել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքներին: Այս հայտարարությունը հաստատվել է ցուցադրական քայլով. հակառակ ՄԱԿ -ի ընդունած բանաձևի՝ բացվել է Ֆամագուստա քաղաքի Վարոշա թաղամասը: Նախկինում այնտեղ կիպրոսցի հույներ են ապրել, բայց այժմ այն գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ: Այս որոշումը դատապարտել են Եվրամիությունը, ՄԱԿ -ի Անվտանգության խորհուրդը և ԱՄՆ-ը:


Ոչ մի երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, չի հայտարարել Հյուսիսային Կիպրոսը ճանաչելու պատրաստակամության մասին: Թերևս, Բաքուն մտավախություն ունի, որ ճանաչելով Հյուսիսային Կիպրոսը՝ երկիրը կհրահրի Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթաց: Այնուամենայնիվ, եթե Ադրբեջանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ կտրուկ վատանան, ապա Ադրբեջանին այլ ելք չի մնա, քան Թուրքիայի հետ էլ ավելի սերտ համագործակցելը և, ի վերջո, նրա բոլոր պահանջները կատարելը:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր