Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

11 օգոս 2022 12:43

Ադրբեջանը մերձեցել է Կիպրոսի թուրքերին ղարաբաղյան 2-րդ պատերազմում տարած ռազմական հաղթանակի ֆոնին

Քանի դեռ Արևմուտքը և Ռուսաստանը դիմադրում են միմյանց տնտեսական և ռազմական ճակատներում, աշխարհի մյուս երկրները ձեռքները ծալած չեն նստում: Այդպիսի երկրների թվում է Ադրբեջանը:


 Օգոստոսի 9-ին Թուրքիայի Քոնյա [Կուվանա, Կոնիա] քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարի հետ: Բանակցությունների մասին կիպրոսցի թուրքերի առաջնորդը գրել է իր թվիթերյան էջում.


«Ես շատ անկեղծ հանդիպում ունեցա Քոնյայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ուր ինձ հրավիրել էր Թուրքիայի Հանրապետության նախագահ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մենք գնահատեցինք երկրների միջև հարաբերությունների զարգացումը»:


 Բանակցությունների մանրամասները հաղորդեց azertag.az աղբյուրը.


«… հանդիպման ժամանակ ընդգծվել է Թուրքիայում V Իսլամական համերաշխության խաղերի անցկացման նշանակությունը, որոնք ծառայում են թուրքական աշխարհի ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը: Նշվել է գոհունակությամբ, որ Բաքվում նույնպես այդ  վիթխարի միջազգային մարզական միջոցառումը կազմակերպվել է բարձր մակարդակով:


Զրույցի ընթացքում արծարծվել է թուրքական աշխարհի ժողովուրդների պատմական կապերի վրա հիմնված շփումների ընդլայնման նշանակությունը մարդասիրական և մշակութային, կրթության և սպորտի ոլորտներում»:


Ուշագրավ է, որ նույն օրը Թուրքիայի նախագահը ընթրիք տվեց V Իսլամական համերաշխության խաղերի մասնակից երկրնեի կառավարությունների ղեկավարների և ներկայացուցիչների պատվին: Բացի Ալիևից և Թաթարից, ընթրիքին ներկա են եղել նաև ուրիշ արտասահմանյան գործիչներ, օրինակ՝ Պաղեստինի վարչապետ Մուհամմեդ Շտայեն, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման և Ալժիրի վարչապետ Այման բին Աբդուռահմանը:


Կարծես թե  որևէ արտասովոր բան չկար կիպրոսցի թուրքերի առաջնորդի հետ Ադրբեջանի նախագահի հանդիպման մեջ: Սակայն 2022 թվականի համար տվյալ իրադարձությունը չի կարելի  լրիվ շարքային համարել: Ճիշտ է, դեռ Հեյդար Ալիևի օրոք՝ 1997 թ. է Ադրբեջանում բացվել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) ներկայացուցչությունը: Սակայն այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է: Մինչև հիմա ՀԿԹՀ-ի անկախությունը պաշտոնապես ճանաչել է միայն Թուրքիան: Եվրոպական միությունը, Հունաստանը և մնացած աշխարհը պաշտոնապես հանդես են գալիս կոնֆլիկտի լուծման օգտին՝ ելնելով Կիպրոսի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքից, թեպետ 2017 թ. այդ տարբերակը վերջնականապես բաց թողնվեց: Այսուհանդերձ, եթե ամերիկացիները և եվրոպացիները իրականում չեն ճանաչում  ՀԿԹՀ-ն, ապա մյուս երկրները դրան քիչ այլ կերպ են նայում, մանավանդ եթե Թուրքիայի դաշնակիցն են:


Այսպես, վերջերս Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Իսլամաբադը պաշտպանում է Անկարայի դիրքորոշումը կիպրոսյան կոնֆլիկտի հարցում: Իսկ Թուրքիայի դիրքորոշումը շատ պարզ է՝ Անկարան պնդում է ՀԿԹՀ-ի անկախության ճանաչումը: Եթե ոչթուրքական Պակիստանը, որ ապրում է քաշմիրյան խնդրով, դե ֆակտո ճանաչում է ՀԿԹՀ-ի անկախությունը, ապա էլ ի՞նչ կարելի է ասել Ադրբեջանի մասին: Միայն «Մեկ ազգ՝  երկու պետություն» տիպի կարգախոսները քիչ են, իրական գործեր են անհրաժեշտ: Քեզ հռչակել ես թուրքի եղբա՞յր, դե ուրեմն բարի եղիր աջակցել կիպրոսցի թուրքերին:


Ներկայումս Բաքուն կարող է ավելի համարձակ գործել կիպրոսյան կոնֆլիկտում, չէ՞ որ 1997 թ. ավագ Ալիևի օրոք Ղարաբաղը և հարակից շրջանները ընդմիշտ կորուսյալ էին համարվում Ադրբեջանի համար: Սակայն երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում (2020 թ.) Թուրքիայի զենքի և համակողմանի աջակցության շնորհիվ Ադրբեջանը վերադարձրեց կորցրած տարածքների մեծ մասը: Մինչև 2020 թ. Հայաստանում կարող էին հույս ունենալ, որ Ադրբեջանը անհեռատեսորեն կճանաչի ՀԿԹՀ-ի անկախությունը, իսկ Կիպրոսն ու Հունաստանն էլ ի հեճուկս կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սակայն 2020 թ. հետո դա արդեն տեղի չի ունենա:


Հիմա ի՞նչն է կարևոր, հենց կիպրոսցի թուրքերի՝ Ադրբեջանի հետ միավորվելու ձգտումը: Այսպես, ՀԿԹՀ-ի նախորդ նախագահ Մուստաֆա Աքընջին հանդես էր գալիս Կիպրոսի  միավորման օգտին և անգամ իրեն թույլ տվեց քննադատել Էրդողանի մերձավորարևելյան քաղաքականությունը, միաժամանակ երկրորդ ղարաբաղյան պատերազմի հենց սկզբից համերաշխություն հայտնեց ադրբեջանցիներին: Իսկ ՀԿԹՀ-ի խորհրդարանի նախագահ Թեբերրյուքեն Ուլուչայը 2020 թ. հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակի հետ զրույցում առհասարակ հայտարարեց Ադրբեջանի զինված ուժերի գործողություններին աջակցելու մասին: ՀԿԹՀ-ի ներկայիս նախագահ Էրսին Թաթարը 2020 թ. ընտրություններում հաղթեց Թուրքիայի օժանդակությամբ: Նա հավատարիմ է Էրդողանին և բնականաբար պաշտպանում է ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը Ադրբեջանի օգտին:


Կարելի է վստահ պնդել, որ Ադրբեջանի ռազմական հաղթանակը երկրորդ ղարաբաղյան պատերազմում նպաստեց Բաքվի և Լևքոշայի շփումների աշխուժացմանը: Ահավասիկ, 2021 թ. հուլիսին Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակությունն առաջին անգամ այցելեց ՀԿԹՀ: Իսկ 2022 թ. ապրիլին ՀԿԹՀ-ում սկսեց գործել կիրակնօրյա դպրոց ՀԿԹՀ-ում ապրող ադրբեջանցիների համար: Այսինքն՝ կոպիտ ասած՝ Ադրբեջանը ղարաբաղյան ճակատում ունեցած հաջողությունների շնորհիվ դարձավ Կիպրոսի միջազգայնորեն ճանաչված տարածքի թուրքական օկուպացիայի մասնակից: Այնպես որ, ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմանը զուգահեռ, Ադրբեջանն էլ ավելի ակտիվորեն կմասնակցի կիպրոսյան կոնֆլիկտի լուծմանը: Եվ քանի որ Կիպրոսը կապված է Հունաստանի հետ, որից Թուրքիան մտադիր է պոկել Արևմտյան Թրակիան և կղզիներ Էգեյան ծովում (տե՛ս Турция готовится отобрать территории у Греции), Ադրբեջանն ու Պակիստանն էլ այս կամ այն կերպ կմասնակցեն Անկարայի քաղաքական և ռազմական արկածներին:


Չնայած նման սցենարի որոշ անիրականությանը, վերջին շրջանում դեպքերի այդպիսի զարգացումն ավելի հավանական է դարձել: ԱՄՆ-ն, Եվրոպական միությունը և Մեծ Բրիտանիան իրենց ուժերի զգալի մասը տրամադրել են Ռուսաստանի դեմ պայքարին, որը պարտք չմնաց, հակապատժամիջոցներ սահմանեց ամերիկացիների և եվրոպացիների նկատմամբ: Հունաստանն էլ հայտնվեց Ռուսաստանին ոչ բարեկամ երկրների ցուցակում: Միաժամանակ Թուրքիան և Ադրբեջանը հրաժարվեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց և մտադիր են պաշտոնապես չեզոքություն պահպանել այդ հակամարտությունում, մանավանդ որ նրանց համար եվրոպացիների և ռուսների հաշվին շահույթ ստանալու լավ հնարավորություն է առաջացել: Մինչ ամերիկացիները և եվրոպացիները վարձկաններ և զենք են ուղարկում Ուկրաինա, Անկարան, Իսլամաբադը և Բաքուն կարող են հանգիստ ամրապնդել իրենց ռազմա-քաղաքական դաշինքը, ինչը շատ պետք կլինի Հունաստանի և Կիպոսի հետ առճակատման ժամանակ (տե՛ս Турция, Пакистан, Азербайджан: Анкара собирает антиевропейскую коалицию): Անհրաժեշտ պահին այդ դաշինքը, որին կարող են միանալ ուրիշ երկրներ, Թուրքիայի համար ՆԱՏՕ-ի հուսալի այլընտրանք կդառնա, քանի որ խելքը գլխին որևէ մեկը չի կարող երևակայել մի իրավիճակ, որում Հունաստանի հետ պաշտպանական համաձայնություն կնքած Ֆրանսիան ռազմական օգնություն ցույց կտա Թուրքիային:


Ռուսաստանի համար նույնպես Ադրբեջանի աշխուժացումը կիպրոսյան ուղղությամբ կարևոր նշանակություն ունի: Այդ նույն ՀԿԹՀ-ի նախագահի հետ հանդիպող Ալիևը 2022 թ. ապրիլի 29-ին «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային խորհրդաժողովում հարցերին պատասխանելիս խորհուրդներ է տվել Ուկրաինային Ռուսաստանի հետ հարաբերությունների առնչությամբ.


«Ելնելով մեր փորձից՝ գլխավորը՝ երբեք չհաշտվել օկուպացիայի հետ… Ահա, հիմնվելով նախ և առաջ մեր փորձի վրա, կարող եմ ասել. երբեք, որևէ հանգամանքներում մի համաձայնեք տարածքային ամբողջականության խախտմանը: Երկրորդ՝ ի՞նչ դաս քաղեցի ես օկուպացիայի շրջանից: Հույսդ դիր միայն սեփական ռեսուրսների վրա: Երրորդ՝ հույսեր մի կապիր միջազգային կազմակերպությունների բանաձևերի ու որոշումների հետ: Դրանք որևէ արժեք չունեն… Երկրորդը կրթությունն էր, դա նույնպես իր հերթին կարևոր է: Այլապես հնարավոր չէ հայրենասերներ դաստիարակել, որոնք կվերադարձնեն հողերը: Իհարկե բարձր մոտիվացիան. մենք  մոտիվացրել ենք նրանց…


Եթե հարցնեք ինձ, թե այդ ամենի մեջ որն է ամենից կարևորը, կարող եմ ասել՝ բացարձակապես համոզված եմ, որ դա վճռականությունն է: Ահա ամենակարևորը: Այն ժողովրդին, որը լի է պաշտպանվելու վճռականությամբ, երբեք չես հաղթի: Դա կարող է միայն ժամանակավոր լինել: Մենք ցույց ենք տվել դա: Այսօր ես հպարատ եմ նրանով, որ մենք բացահայտ պաշտպանում ենք Ուկրաինայի և ուրիշ երկրների տարածքային ամբողջականությունը, չենք թաքցնում դա մեծ ծառերի հետևում: Ասում ենք այն, ինչ ուզում ենք ասել:


Այո, մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Միաժամանակ Ուկրաինայի հետ էլ լավ հարաբերություններ են: Միջազգային իրավունքի սկզբունքները չպետք է դասակարգվեն՝ ելնելով քաղաքական նախապատվություններից: Մենք ինքներս միշտ էլ դրա սուբյեկտն ենք եղել, քանի որ դեռ մինչև Ուկրաինայի իրադարձությունները միջազգային հանրությունը միշտ էլ բացահայտ պաշտպանել է Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը: Կարծում եմ, որ մեր փորձը կարևոր է բոլոր երկրների համար՝ հանուն արժանապատվության, տարածքային ամբողջականության և արդարության»:


Նկատենք, որ ինքը՝ Ադրբեջանի նախագահը, որ օրենսդրի ու օրինապահի կերպար է հագել, խախտում է Կիպրոսի տարածքային ամբողջականությունը և այժմ արդեն երբեք չի խոսի «Կիպրոսի տարածքի թուրքական օկուպացիայի» մասին: Եվ ի՞նչ:


Կարելի է սպասել, որ մոտ ժամանակներս նույն ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք չարությամբ գրում են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մասին, ամեն կերպ կպաշտպանեն ՀԿԹՀ-ի անկախության միջազգային ճանաչումը, այդ թվում և Թուրքական պետությունների կազմակերպության կողմից: 


Պյոտր Մակեդոնցև


Աղբյուրը՝ EA Daily


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր