Կան շատ հուշագրեր, որոնցով Փաշինյանը տարածքներ է հանձնելու, պարզապես չի կարող միանգամից, ներքին ընդվզման լուրջ ալիք կբարձրանա

«Կապանի քաղաքապետն ասում է՝ ադրբեջանցիները վերցրել են, ԱԱԾ-ն հերքում է, ասում է՝ նման բան չկա։ Ձեզ չի՞ հիշեցնում Սև լճի տարածքները վերցնելու օպերացիան։ Վաղը չէ, մյուս օրը կպարզվի, որ «մի քիչ»՝ 5 կմ, 10 կմ խորացել են, կամ կարևոր բարձունքները վերցրել են։ Սև լճի ժամանակ իշխանությունները, կոկորդ պատռելով, ասում էին՝ նման բան չկա։ Հետո Փաշինյանն ասաց՝ Սև լճի չգիտեմ, թե քանի տոկոսի համար հո կռիվ չե՞մ տալու։ Հիշո՞ւմ եք նրա խոսքերը։ Նույնն արվել է Սոթք-Խոզնավարում, նույնը՝ Փայլասարի հետ կապված», - ասել է Նահապետյանը։
Ռազմական փորձագետը համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը տարածքներ հանձնելու կոնկրետ պայմանավորվածություններ ունի։
«Այդ տարածքները տալու պայմանավորվածություն Փաշինյան Նիկոլը շատ վաղուց ունի, ուղղակի մեկը բացահայտվեց։ Օրինակ՝ Զանգելանում և Կուբաթլիում։ Ադրբեջանական անուններն ասեմ, որովհետև մեզ լսողները հայկական անունները հաճախ չգիտեն։ Այդ տարածքներից հայկական զինուժի դուրսբերումը և Կապան-Գորիս 21 կմ-անոց հատվածն Ադրբեջանին տալը, պարզվեց, ստորագրված հուշագրով է, որը պատահմամբ ձեռք էր գցել ՀՀ նախկին վարչապետերից Հրանտ Բագրատյանը և որի մասին բարձրաձայնեց․ այնտեղ հստակ կետեր էին գրված», - ասել է նա։
Ըստ փորձագետի՝ տարածքներն աստիճանաբար են հանձնվում հանրային ընդվզումից խուսափելու համար, իսկ հասարակությանը մոլորեցնում են «սպիտակ աղմուկով»։
«Ես առավել, քան համոզված եմ․ կան շատ հուշագրեր, որոնցով Փաշինյան Նիկոլը շատ տարածքներ հանձնելու է։ Պարզապես չի կարող միանգամից, համատարած տարբեր շրջաններում տարածքներ հանձնել, դա ներքին ընդվզման լուրջ ալիք կբարձրացնի։ Աստիճանաբար է անում։ Հիմա ո՞վ է հիշում Սև լճից հանձնված բարձունքներն ու տարածքները․ այդ բարձունքներից Սիսիանի օդանավակայանը ափի մեջ է, վերահսկվում է ամբողջովին։ Դա համեմում են հանրապետությունում ներքաղաքական ինչ-որ իրադարձություններով, տարբեր թեմաներով․ օրինակ՝ ծառերի սերտիֆիկացում։ Թեմա է, գցում են շրջանառության մեջ։ Շուն ու կատու են հաշվառում։ Դա այս քարոզչական պատերազմում կոչվում է «սպիտակ աղմուկ»։ Իրական, բուն խնդրից մարդկանց շեղելու համար այնքան թեմաներ են գցում, որ մարդիկ լուրջ, կարևոր ինֆորմացիան այդ թեմաների մեջ չեն ըմբռնում և չեն ընդվզում այդ վտանգների կամ մեր երկրի կորստի՝ սահմանների, բարձունքների, պաշտպանական բնագծերի կորստի դեմ։ Չեն կարևորում, որովհետև կարևոր ինֆորմացիան այդպես խեղում են», - ասել է Հայկ Նահապետյանը։
Մյուս կողմից էլ նա մատնանշել է հանրության մի հատվածի անտարբերությունը՝ ազգային շահի ու սեփական անվտանգության նկատմամբ։
«Ձեր կարծիքով՝ Սյունիքի ամբողջ բնակչությունը ստուգո՞ւմ է՝ այդ սարը տվե՞լ են, թե՞ չեն տվել։ Եթե այդքան ստուգող, սրտացավ լինեին, Փաշինյան Նիկոլը կամ նրա թեկնածուն այնտեղ ձայն կհավաքե՞ր։ Ավելին ասեմ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ Շուռնուխում Փաշինյան Նիկոլը պիտի ստանար զրո ձայն, բայց իրողությունն այլ է», - ասել է նա։