Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը    

02 սեպ 2022 10:17

Մի շարք զինվորականներ կարող են ձերբակալվել հենց Ադրբեջանի ուղղակի պահանջով. Ադրբեջանը Հայաստանի 4 մարզից տարածքներ վերցնելու հավակնություն ունի

Ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը համոզված է, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը շղթայական էֆեկտ է ունենալու եւ չի բացառվում, որ որոշ զինվորականներ, որոնք պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել պատերազմի օրերին եւս ենթարկվեն քրեական հետապնդման, քանի որ պատերազմում պարտության համար մեղավորներ են պետք:

«Թիվ մեկ մեղավորներ պետք է կարգվեն»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հայկ Նահապետյանը: Անդրադառնալով ՔԿ-ի ներկայացրած մեղադրանքին, մասնավորապես Շուշիի հանձնումը Արզումանյանին վերագրելու հանգամանքին՝ փորձագետը շեշտեց, որ մինչեւ այդ հայկական կողմը ուրջ պարտություն էր կրել նաեւ Ջաբրայիլի ուղղությամբ, երբ հակառակորդը կարողացավ լայնածավալ հարձակում սկսել: Ըստ Նահապետյանի, դեպքեր են եղել, որտեղ զինծառայողներ են են գերեվարվել եւ այստեղ եւս մեղավորներ պետք է լինեն, սակայն, խոսքը անաչառ քննության մասին է, մինչդեռ գործող իշխանության պարագայում դրա մասին խոսք անգամ լինել չի կարող:

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի ձերբակալվել է օգոստոսի 30-ին՝ Արցախից Հայաստան գալու ճանապարհին։ Նույն օրը ՔԿ-ն հայտարարեց, թե Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար ս.թ. օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք էր ներկայացվել: Սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և Մ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ երկու ամիս ժամանակով։ Ապա ՔԿ-ն հայտնեց, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (համապատասխանում է գործողՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասին): Ըստ ՔԿ-ի ներկայացրած հաղորդագրության, 44-օրյա պատերազմում անձնակազմը ազատագրել է «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերը, սակայն Միքայել Արզումանյանը «նահանջ» հրաման է տվել:

Հայկ Նահապետյանը շեշտում է՝ Շուշին պարտության վերջին դրվագն է, հետեւաբար, քննությունը պետք է սկսել ոչ թե վերջից, այլ սկզբից: Ռազմական փորձագետը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություն առ այն, որ պատերազմի մասին դրանից 3 օր առաջ գիտեին, ինչը նշանակում է, որ ՀՀ-ի եւ Արցախի բոլոր զորամասերից զինանձնակազմը եւ ռազմական տեխնիկան պետք է իրենց մշտական տեղակայման վայրերից տեղափոխվեին պահեստային տարածքներ, որոնք վաղօրոք պլանավորված են լինում, քանի որ հակառակորդը, որպես կանոն, նախ հարվածում է սահմանում կանգնած զորքին, ապա՝ հրթիռներին: Հայկ Նահապետյանն արձանագրում է, որ այդ քայլը չի իրականացվել եւ փաստ է, որ հակառակորդը էական հարված է հասցրել Արցախի զորամասերին, ինչի հետեւանքով ունեցանք ե՛ւ անձնակազմի կորուստներ ե՛ւ զինտխնիկայի: «Սա նշանակում է, որ իմանալով հանդերձ, բացթողումներ են արվել՝ ինչու՞ դուրս չեն բերվել անձնակազմն ու տեխնիկան: Հակառակորդի հետախուզությունն աշխատում է, պետք է դուրս բերվեին եւ փոխարենը մակետներ տեղադրվեին: Դա չի արվել: Կա նաեւ այլ կարեւոր փաստ, սեպտեմբերի 1-ին ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշեւի ստորագրությամբ հրամանատարաշտաբային համատեղ զորավարժություններ սկսելու վերաբերյալ փասթաթուղթ է ուղարկվում Հայաստան: Հայկական կողմը ընդունում է փաստաթուղթը, այն բաց է եւ համացանցում կա: Տեսական զորավարժություններում Ադրբեջան պետության եւ այլ պետությունների անվանումները որոշակիորեն փոփոխված են եւ ներկայացվում էր, թե Ադրբեջանը ինչ ռազմական գործողություն է պատրաստվում իրականացնել՝ ներառյալ Սիրիայից ահաբեկիչներ բերվելը: Այսինքն, Ռուսաստանը՝ պատերազմն սկսելուց 26 օր առաջ, մեզ փաստաթղթային մակարդակով ՝ ԱԽ քարտուղարի ստոորագրությամբ զգուշացնում է, ինչը նշանակում է, որ հայկական կողմը պետք է շատ արագ միջոցներ ձեռնարկեր ու նախ եւ առաջ դիմեր մեր ռազմավարական գործընկերոջը, քննարկեր, թե ինչպես դիմագրավել կամ կանխարգելել»,-մանրամասնում է Հայկ Նահապետյանը՝ նկատելով, որ հայկական կողմը անհրաժեշտ այս քայլերից ոչ մեկը չի արել։

Ռազմական փորձագետը մեկ հանգամանք եւս առանձնացնում է՝ մինչեւ պատերազմը բանակում եւ ԱԱԾ-ում իրականացված կադրային փոփոխությունները, որոնք, ըստ էության, այդ համակարգերը թուլացնելու քաղաքականություն էին: Օրինակ, ԱԱԾ տնօրեն է նշանակվում համակարգի հետ կապ չունեցող անձը, մինչդեռ ԱԱԾ-ում նաեւ ռազմական հակահետախուզությունն է գործում: Հայկ Նահապետյանի խոսքով, գործող իշխանությունը նաեւ լուծարել է մինչեւ պատերազմը փաստաթղթով գոյություն ունեցող 5 հրաձգային ռեզերվային գնդերը: «Հարց է առաջանում՝ ինչու՞: Բացի այս, 2016 թվականին, ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, առաջին անգամ Ադրբեջանը կիրառեց ԱԹՍ-ներ, որից հետո 2017 թվականի բյուջեով նախատեսվեց 100 միլիոն դոլարի վարկ վերցնել ՌԴ-ից՝ ԱԹՍ-ներ հայտնաբերող եւ խոցող ՀՕՊ եւ ՌԷՊ միջոցներ ձեռք բերելու համար: Նիկոլ Փաշինյանի ՝ իշխանության գալուց հետո այդ վարկը չեղյալ է հայտարարվել»,-նշում է փորձագետը՝ շարունակելով, որ փոխարենը նոր իշխանությունը գնեց առանց մարտական գլխիկների ինքնաթիռները:

Ներկայացնելով այս փաստերը, Հայկ Նահապետյանը շեշտում է՝ պատերազմում պարտության պատճառները վերլուծելու համար պետք է սկսել հենց վերոնշյալ հանգամանքներն ուսումնասիրելուց:

Սրանք, նրա խոսքով, որոշումներ են, որոնք կայացվել են ոչ թե ռազմական , այլ քաղաքական իշխանության կողմից, եւ անկախ ու օբյեկտիվ իրավական քննությունը պետք է տա հարցի պատասխանը, թե արդյո՞ք այդտեղ միտում կար: «Փաստը մնում է փաստ, որ այս իրողությունների պայմաններում մեր բանակը զգալիորեն թուլացավ, բացի այս, Արցախում կադրային սխալ քաղաքականության հետեւանքով, ՊԲ հրամանատար նշանակվեց մարդ, որը համազորային կրթություն չունի: Խոսքը Ջալալ Հարությունյանի մասին է, որը հրետանավոր է, իսկ մարտը վարելու համար համապատասխան կրթություն են ստանում»,-ասում է Նահապետյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է Շուշիի հանձնման խնդրին իշխանությունն անդրադառնում այսօր, Նահապետյանը նշեց՝ կարոող է լինել երկու հանգամանք: Առաջինը , Փաշինյանը Բրյուսելում Ալիեւի եւ Միշելի հետ հանդիպմանն ընդառաջ ցանկանում էր ցույց տալ, որ իր երկրում ինքն իշխանություն է եւ իրավիճակին տիրապետում է այնքանով, որքանով ցանկացած պահի կարող է նախկին բարձրաստիճան զինվորականի նկատմամբ հետապնդում սկսել: Մյուս հանգամանքը, ըստ փորձագետի, կարող է լինել այն, որ մի շարք զինվորականներ հենց Ադրբեջանի ուղղակի պահանջի եւ պարտադրանքի ներքո կարող են ձերբակալվել:

«Սա առաջին հայացքից կարող է աբսուրդ լինել, բայց, օրինակ, ո՞վ էր խնդրել Փաշինյանին, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ պարբերությունը խախտի, որով Բերձորի այլընտրանքային միջանցքի ստեղծման համար եռամյա ժամկետ է սահմանվում: Հայկական կողմը նման պարտավորություն չուներ, հետեւաբար, եթե այդ մասով կա պարտադրանք, ինչու՞ չի կարող լինել զինվորականների վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է հենց Միքայել Արզումանյանի նկատմամբ սկսվել քրեական գործընթացը, որը պատերազմի վերջին 12 օրերին է զբաղեցրել Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնը, մինչդեռ պատերազմի ողջ ընթացքում հրամանատարական կետում բոլորովին այլ անձինք են եղել, Հայկ Նահապետյանը նշում է. «Տասնյակ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Հրամանատարական կետ հատուկ անցաթղթով են մտնում, այնտեղ սահմանափակ թվող մարդիկ կարող են գտնվել, իսկ այն անձանց, որոնց մենք տեսնում էինք հրամանատարական կետում կամ ժողովրդի ասած՝ բունկերում, իրենք իրավունք չունեին այնտեղ գտնվելու եւ կարող ենք ենթադրել, որ նրանք այնտեղ «ականջ» են աշխատել, չեմ բացառում, որ նաեւ ձայնագրություններ են իրականացրել, այլապես նրանց՝ այնտեղ գտնվելը անտրամաբանական է: Իսկ թե ով է թույլ տվել այդ անձանց այնտեղ գտնվելը, հնարավոր է ճշտել՝ տեսնելով անցաթղթի վրա դրված ստորագրությունը»:

Հայկ Նահապետյանը չի բացառում, որ օրինակ, Երեւանից զանգ է եղել եւ տվյալ անձինք մուտք են ունեցել հրամկետ, բայց անհայտ է հարցի պատասխանը, թե ի՞նչ նպատակով են նրանք այնտեղ գտնվել, որովհետեւ նրանց՝ այնտեղ գտնվելու ՕԳԳ-ն ուղղակի զրո է:

Ամփոփելով, ռազմական փորձագետն ընդգծեց՝ տեղի ունեցող գործընթացը իրականում քաղաքական է եւ Փաշինյանը, ըստ էության, պատասխանատվության հարց է փորձում լուծել: Նահապետյանը չի բացառում, որ մեղավոր կարգվեն նաեւ նախկինները, օրինակ, 2-րդ եւ 3-րդ նախագահները եւ փորձ արվի զինվորականությանը կապել նրանց հետ: Նման եզրահանգման համար Նահապետյանը հիմք է ընդունում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան գրառման ակնարկը, որտեղ Շուշիի հանձնման համատեքստում նա խոսում էր այն մասին, թե ընդդիմությունն է խնդիր ունենալու:

«Մի կարեւոր հանգամանք եւս, Մոսկվայում տեղի է ունեցել սահմանազատման հարցով հանձնաժողովի նիստը եւ ամենայն հավանականությամբ, այդ գործընթացը շուտով կյանքի կկոչվի: Ադրբեջանը Հայաստանի 4 մարզից՝ Սյունիքից, Արարարտից,Գեղարքունիքից, Տավուշից տարածքներ վերցնելու հավակնություն ունի, ինչը համաժողովրդական հերթական ընդվզման առիթը կարող է դառնալ, ուստի, իշխանությունը քրեական գործընթացներով ինֆորմացիոն դաշտում փորձում է շեղել հասարակության ուշադրությունը, մյուս կողմից էլ՝ նախկին պաշտոնյաների հետապնդումներով թուլացնել ընդդիմադիր դաշտը»,- եզրափակել է Հայկ Նահապետյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր