Ռուսաստանը նախատեսում է տասնյակ հազարավոր զինվորականներ տեղափոխել ,հարձակումների է պատրաստվում Ուկրաինայի արևելքում և հարավում
Ներկա պահին Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, փոխում է նպատակները, որոնց պատրաստվում էր հասնել ուկրաինական պատերազմի ընթացքում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
ԱՄՆ-ի տվյալներով, Ռուսաստանը նախատեսում է տասնյակ հազարավոր զինվորականներ տեղափոխել Ուկրաինայի արևելք և երկրի հարավ՝ կենտրոնանալով այդ տարածաշրջանների վրա։ Առաջնայինը նրանց համար այդ տարածաշրջաններում ուկրաինական զորախումբը «շրջափակելն ու ջախջախելն է,- ասել է Սալիվանը,- հետո Ռուսաստանը կարող է օգտվել մարտավարական ցանկացած հաջողությունից՝ այն որպես ձեռքբերում ներկայացնելու և նախկին ռազմական ձախողումները քողարկելու համար»:
Պատերազմի հաջորդ փուլը կարող է ձգձգվել, ասել է Սալիվանը, քանի որ ռուսական ուժերը թվային առավելություն ունեն Ուկրաինայի արևելքում և մտադիր են վերահսկողության տակ վերցնել ավելի շատ տարածքներ, քան մինչ պատերազմը անջատողականների վերահսկողության տակ գտնվողները: Հարավում Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, կփորձի իր ձեռքում պահել Խերսոնը։
Միևնույն ժամանակ, ՌԴ-ն կշարունակի հրթիռակոծել Ուկրաինայի ողջ տարածքը՝ ներառյալ Կիևը, Խարկովը, Լվովը և Օդեսան։ Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ առաջիկա օրերին Բայդենի վարչակազմը կհայտարարի Ուկրաինային նոր ռազմական օգնություն հատկացնելու մասին։ Սպիտակ տունը նաև դաշնակիցների հետ բանակցություններ է վարում ռուսական էներգակիրների արտահանման դեմ նոր պատժամիջոցների շուրջ։