Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել          Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք       «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել    

13 ապր 2022 16:49

Մեր ժողովրդի մոտ մի քանի սխալ սովորույթներ կան Սուրբ Զատիկի հետ կապված

Ժողովրդական սխալներ

Մեր ժողովրդի մոտ մի քանի սխալ սովորույթներ կան. եթե տանը մինչև Սուրբ Զատիկ ընտանիքի անդամներից մեկը մահացած է լինում, ապա տանեցիները ձու չեն ներկում և փլավի մեջ չամիչ չեն գցում։ Սա անտեղյակ տրամաբանության արդյունք է, ըստ որի` կարմիրը տոնական գույն է, և սգի մեջ եղող մարդիկ չպետք է ուրախանան։ Սակայն սա հանգուցյալի նկատմամբ հարգանքի արտահայտություն չէ, քանի որ Զատկի ձուն Հարության, կյանքի հավերժության խորհրդանշան է, հետևաբար, պիտի ներկվի հենց ա՛յդ ընտանիքներում` իբրև հոգևոր մխիթարություն, ի նշան կորցրած հարազատի հոգու անմահության և Երկնքի Արքայության համար հարություն առնելու։ Իսկ զատկական փլավի մեջ բրնձի հատիկները խորհրդանշում են մարդկությունը, չամչի հատիկները` առաքյալներին, ովքեր Քրիստոսի Ավետարանի քարոզությամբ քաղցրություն բերեցին մարդկային կյանքում։ Սուրբ Զատկի տոնի հետ կապված նաև այլ նախապաշարումներ կան մեր ժողովրդի կենցաղում` օճառով ձեռքերը չեն լվանում, կար չեն անում և այլն։ Սակայն Եկեղեցին երբեք այսպիսի հրահանգներ չի տվել հավատացյալներին, և սրանք ևս համարվում են անտեղյակությունից ծագած ժողովրդական անիմաստ սնոտիապաշտություններ։ Այսպիսի անտեղյակության հետևանք են նաև ժողովրդի կողմից սխալ կերպով գործածվող փոքր և մեծ զատիկ արտահայտությունները։ Զատիկ բառը գործածվում է միայն Սուրբ Հարության տոնի համար, իսկ հունվարի 6-ը ոչ թե Հարության տոնին` Զատիկին նախորդող փոքր զատիկն է, այլ Տիրոջ Ծննդյան տոնը:

Պետք է նշել, որ գերեզմաններ գնալու օրը մեռելոցի օրն է և ոչ թե դրան նախորդող եկեղեցական մեծ տոնի օրը, անկախ նրանից, թե մարդը երբ է մահացել։ Մեռելոցի օրերը հիմնականում լինում են երկուշաբթի օրերը, բացի Սուրբ Ծննդյան մեռելոցից, որը հունվարի 7-ին է անկախ շաբաթվա օրից: Մեռելոցների նախորդ կիրակի օրը տերունական ցնծալի տոն է տոնվում, և տոնի օրը սխալ է գերեզման գնալը։ Մեզանից ոչ ոք չի թողնի իր սիրելի հարազատի հարսանիքը` նույնպես սիրելի, սակայն մահացած բարեկամի գերեզմանը գնալու համար։ Եվ եթե այսպես ենք վարվում մեր մարմնավոր հարազատների պարագային, ուրեմն որքան առավել ևս չպետք է Տիրոջը նվիրված ուրախությունն ու ցնծությունը թողնելով` գնանք գերեզմաններ։

Զատկական ձու

Ավագ Շաբաթ երեկոյան ավարտվում է Մեծ Պահքը: Այդ երեկո սեղաններին արդեն լինում են բրնձով և չամիչով փլավ, ձուկ, ներկած ձու, գինի: Այս օրը զատկական ձվերը տարբեր գույնի են ներկում: Դա ցույց է տալիս ուրախ տրամադրությունը, ինչպես նաև գեղեցկության համար է: Սակայն հիմնականում զատկական ձուն պետք է կարմիր գույնի լինի: Ձու ներկելու խորհուրդը շատ լավ է բացատրում Սուրբ Գրիգոր Տաթևացին: Ձվի դեղնուցը խորհրդանշում է երկիրը, սպիտակուցը` ջրերը, թաղանթը խորհրդանշում է օդը, իսկ կեղևը` երկինքը: Կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, և կարմիր ներկված ձուն ցույց է տալիս, որ ողջ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյամբ:

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր