Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

28 մար 2018 12:16

Ի՞նչ են խորհրդանշում կարմիր ձուն, ձուկը, գինին, ե՞րբ այցելել հին և նոր հանգուցյալներին՝ բոլոր մանրամասները Սուրբ Հարության տոնի և Ավագ շաբաթվա մասին

Ի՞նչ են խորհրդանշում կարմիր ձուն, ձուկը, գինին, ե՞րբ այցելել հին և նոր հանգուցյալներին՝ բոլոր մանրամասները Սուրբ Հարության տոնի և Ավագ շաբաթվա մասինՀայացք մամուլի ակումբում ՀՀ ՄՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ գիտաշխատող, ազգագրագետ  Խորեն Գրիգորյանը և ԱՀԹ Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը խոսեցին Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա՝ Ավագ շաբաթվա խորհրդի, և թե տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր հայկական գավառներում, ինչպես են նշել Սուրբ Հարության տոնը և ինչ կերակրատեսակներ են օգտագործել:
Տեր Ղազար քահանա Պետրոսյանը նշեց, որ Քրիստոսի հրաշափառ Հարության  տոնակատարությունը տարվա մեծագույն տոնն է. «Այս բարի լուրն էր, որ սկսվելով Երուսաղեմից, տարածվեց ամբողջ աշխարհով և այն ընդունողները, հավատացողները կոչվեցին քրիստոնյաներ: Քրիստոսի Հարությունը 35 օրվա շարժականություն ունի, քանի որ լուսնամսով է կարգավորվում և իր հետ,  մոտ 150 օր շարժականություն է տալիս ամբողջ տարվա մեջ: Զատիկը որտեղ պատահեց, նրանից սկսվում է կարգավորումը,  մնացած տոնական համակարգերի համար»:
 
Քահանան նաև ասաց, որ կիրակի օրը մեռելներին այցելելը անհեթեթություն է, քանի որ այդ օրը տոն է, իսկ շաբաթ անընդունելի է, քանզի դեռ Քրիստոսը Հարություն չի առել: Ննջեցյալներին պետք է այցելել երկուշաբթի, որը նշվում է որպես մեռելոց՝ հանգուցյալների հիշատակության օր: 
Անդրադառնալով հին և նոր հանգուցյալներին Տեր Ղազար քահանա Պետրոսյանը նշեց, որ նորը՝ դեռ տարին չլրացածների մասին է, որոնց պետք է այցելել բոլոր մեռելոցների օրերին. «Երկուշաբթի օրը, միջօրեյի ժամերին, հարազատությունով հավաքված գնում են այցելության նոր հանգուցյալներին, իսկ հին հանգուցյալներին, ամեն մարդ ինքն է որոշում, օրվա ընթացքում, երբ հարմար կլինի՝ առավոտյան, երեկոյան, իր ընտանիքով, կամ հարազատներով գնալ գերեզմաններ, եթե երկուշաբթի չի հասցնում, ծայրահեղ դեպքում կարող է գնալ երեքշաբթի, բայց ոչ շաբաթ կամ կիրակի ինչն անհեթեթություն է և անընդունելի»:
 
Նա նաև նշեց, որ շաբաթ օրը պետք է ծոմ պահել, ապա երեկոյան, Պատարագից հետո,  «Հաղորդություն» ստանալով Պահքը լուծվում է: Կիրակի օրը՝ Քրիստոսի հրաշափառ Հարության օրը, մեծագույն տոնն է և այդ օրը կարելի է սեղաններ բացել, նաև մատաղ անել, մարդկանց շնորհավորել: Այնուհետև սկսվում է Տնօրհնեքի երկրորդ շրջանը, առաջինը Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնից հետո է: Տնօրհնեքի ժամանակ քահանաները այցելում են բնակարանները  և օրհնության կարգ կատարում՝ բաղադրիչներն են աղը, հացը ջուրը:
 
Խորեն Գրիգորյանն էլ նշեց, որ Քրիստոսի Սուրբ Հարության  տոնը, տարբեր ազգագրական գավառներում, տարբեր ձև են նշել, բայց ամենակարևորն այն էր, որ այն ժամանակ համայնքները ավելի շատ էին կապված եկեղեցու հետ քան այսօր.«Եթե նույնիսկ նրանք չգիտեին ծեսերը, ապա քահանան ամբողջ օրվա համար, պատրաստում էր նրանց՝ բոլոր ծեսերին: Այսօր էլ, մեր արևմտահայ Սփյուռքի մեջ, չենք հանդիպի ոչ մի հայի, ով չի տիրապետում այդ ամեն ծեսերին, քանի որ այնտեղ եկեղեցին համարվում է գլխավոր մարմինը և կարգավորում է ամեն ինչ, դրանից ելնելով, բոլոր հայկական ժողովրդական, ազգային, եկեղեցական տոները ենտեղ նշում են պարտադիր: Լիբանանի հայկական համայնքներում, օրինակ, Անճարում Բարեկենդանը նշվում է այնպես, ինչպես նշվել է 100 տարի առաջ Մուսալեռի բարձունքում: Իսկ օրինակ Լոս Անջելեսի Հայ Առաքելական եկեղեցում, կարմիր և կանաչ լույսեր կան, որպեսզի ժողովուրդը իմանա Պատարագի ժամանակ, երբ պետք է կանգնի, իսկ երբ նստի, ինչը նշանակում է, որ շատ ենք հեռացել եկեղեցուց»:
Բանախոսները անդրադարձան նաև ձուն կարմիր գույնով ներկելու ավանդույթին, չամիչով, բրինձով փլավի, ձկան, գինու խորհուրդներին.
Կարմիր ձուն-ըստ Գրիգոր Տաթևացու, ձուն աշխարհի օրինակն էր, իսկ կարմիր գույնը, Քրիստոսի թափած արյունը՝ ամբողջ աշխարհի կյանքի համար: 
Կարմիր գույնով ձվի ներկելը, նաև գալիս է դեռևս Մարիամ Մագդալենացուց, երբ նա ձուն կարմիր գույնով ներկեց և նվիրեց թագավորին ասելով, որ Քրիստոսի արյամբ ներկվեց աշխարհը:
Իսկ, թե, երբ է պետք ձուն ներկել, ծիսական առումով, ոչինչ չկա սահմանված, սակայն տրամաբանորեն, եթե ձուն աշխարհն է, կարմիր գույնն էլ Քրիստոսի արյունը, իսկ քանի որ Քրիստոսի արյունը հեղվել է Ավագ ուրբաթ, ապա ճիշտ կլինի ուրբաթ օրը ներկել ձուն և շաբաթ երեկոյան արդեն ճաշակել: Կարմիր գույնի ձուն պետք է ներկեն բոլորը նաև հանգուցյալ ունեցողները:
Բույսեր-շատ կարևոր է եղել վայրի բույսերի առատությունը սեղանին, ինչը կապվում էր ավելի շատ գարնան զարթոնքի հետ: Նույնիսկ Ավագ շաբաթը ավելուկով էր սկսվում:
Ձուկը-հունարեն Իխտյուս բառն էր, որը հապավումն էր, Հիսուս Քրիստոս Աստծո որդի թագավոր, բառակապակցության:
Ձուկը, գինին կապված են նաև Քրիստոսի հրաշագործությունների հետ՝ երբ Քրիստոս, ձկան առատության միջոցով, առաջին անգամ ցույց տվեց իր հրաշագործությունը: 
Նաև կա այն փասը, որ Հիսուս Հարությունից հետո ձուկ կերավ, որը գրված է Ավետարանի մեջ: Երբ  հուսալքված Առաքյալները գնացել էին Գալիլեայի լիճ, ձուկ որսալու, Հիսուս հայտնվում է նրանց, նրանց հետ ճաշակում է ձուկը:
Իսկ այն քննարկումը, թե արդյոք Պահքի ժամանակ պետ է գործածել ձուկը, ապա Հայոց եկեղեցու ավանդության մեջ, Պահոց շրջանում, ձուկ երբեք չի օգտագործվել:
Բրինձով փլավի-չամիչները խորհրդանշում են քրիստոնյաներին, իսկ բրինձը աշխարհի մարդկությանը:
Մատաղ-շատ կարևոր է եղել նաև մատաղը, այն գրեթե բոլոր ազգագրական համայնքներում տարածված է եղել: Եղել են համայնքներ, որ նախապես գումար են հավաքել և ամբողջ համայնքով մասնակցել են եզմորթեքի արարողությանը:
Ներկայացնում ենք նաև Ավագ շաբաթվա բոլոր օրերի խորհուրդը.
Ավագ երկուշաբթի: Արարչագործության, անիծված թզենու և տաճարը վաճառականներից մաքրելու հիշատակության օր:
Առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են «Անիծված թզենու» պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենուն՝ վկայելով. «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21:22): Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու՝ թզենին «թլպատված» ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս և պտուղ չգտավ, այլ միայն՝ ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով՝ թզենին չորացավ:
Ավագ երեքշաբթի: Տասը կույսերի հիշատակության օր: (Մատթ. 25:1-13):
Ավետարանական առակը հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը:
Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին:
Ավագ չորեքշաբթի: Հիշատակ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության:
Ավագ չորեքշաբթի հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով՝ կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11): Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը, միշտ հիշել մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:
Ավագ հինգշաբթի: Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին՝ իբրև Ս. Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի կարգ: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, անարգվելը, Պետրոսի ուրանալը:
առավոտյան ժամերգություն: Ավարտին` ապաշխարողների արձակման կարգ: 
 Ս. Պատարագ:
Ոտնլվայի արարողություն: Ավարտին` յուղի օրհնություն: 
Խավարման կարգ: Արարողության ընթացքում խորանի վրա վառվում է 13 մոմ, 12-ը` փոքր, և 1 մեծ մոմ՝ կենտրոնում: Ավետարանական ընթերցումների ժամանակ հերթով հանգցվում են 12 առաքյալներին խորհրդանշող մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը` խորհրդանշելով մենակ մնացած Քրիստոսին:
Ավագ ուրբաթ: Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:
Խաչելության կարգ: Ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` Գողգոթայում խաչվելը, արեգակի խավարումը, մահը:
Թաղման կարգ: Հավատացյալների բերած ծաղիկներով զարդարվում է խորհրդանշական գերեզմանը, որը թափորով պտտվում է եկեղեցում կամ եկեղեցու շուրջ: Արարողության ավարտին հավատացյալները խոնարհվում, համբուրում կամ անցնում են գերեզմանի տակով` Տիրոջից իրենց հոգիների փրկություն ու առողջություն խնդրելով:
Ավագ շաբաթ: Ավագ շաբաթ օրը հիշատակվում է Հիսուսի՝ դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Ըստ եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:
Ճրագալույցի Ս. Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի կտրվի Ս. Հարության Ավետիսը` «Քրիստոս Յարյաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Մարդիկ վառված ճրագներ են տանում տուն` ի նշան Քրիստոսի օրհնաբեր լույսի:
Սուրբ Զատիկ. Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոն:Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ դեպի Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրեցին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սաղոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ ողջին մեռելների մեջ եք փնտրում: Այստեղ չէ, այլ՝ հարյավ» (Ղուկ. 24:5-6):
Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուս երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում է տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոն: Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:
Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:
Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Սուրբ Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր