Մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում.Ստամբուլում գործող «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցը որպես հայկական կառույց կորցնելու վտանգ կա

«Շատ մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում: Խոսքը 2013 թվականից Թուրքիայի կողմից չեղարկված կարգի մասին է՝ այն պատճառաբանությամբ, որ նոր կանոնագիր պետք է պատրաստվեր: Այդ ժամանակ «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցում, որը հիմնադրամի կարգավիճակ ունի, ընտրություններն առկախվեցին: Մինչև հիմա նոր կանոնագիր չկարողացան պատրաստել: Հիմա շշուկներ կան, որ նոր կանոնագիր կարող է լինել, սակայն միևնույն է, չենք կարողանալու հիվանդանոցի գործադիր խորհրդի ընտրություններ անցկացնել: Սա մեր ամենամեծ հաստատությունը գրավելու փորձ կարող է լինել: Խոսքը 188 տարվա հաստատության մասին է, որը համայնքը համարում է ազգային հիվանդանոց: Այն իր մեջ ունի նաև տարեցների խնամքի բաղադրիչ»,-ասաց Բագրատ Էստուկյանը:
Բագրատ Էստուկյանի խոսքով՝ «Սուրբ փրկիչ» հիվանդանոցը պոլսահայ համայնքի մեծագույն հաստատությունն է: Եվ եթե չկարողանան ընտրություն անցկացնել, ապա մտավախություն կա, որ դա կկորցնեն որպես հայկական կառույց:
«Թուրքիայի ամբողջ հայությունը գնում է և հիմնադրամի կարգավիճակով գործող հիվանդանոցի հոգաբարձուներին է ընտրում: Հիմա, եթե այս իրավունքից զրկվում ենք, ապա դա նշանակում է, որ այն այլևս հայկական հիվանդանոց չէ»,-ասաց նա
Օրերս հայ համայնքը նախաձեռնել էր առցանց ստորագրահավաք՝ ընդդեմ այնպիսի կանոնակարգի, որը կարող է հիմնադրամը դուրս թողնել ընտրական գործընթացից: Ստորագրահավաքին միացել էր 250-ից ավելի մարդ:
Բագրատ Էստուկյանը տեղեկացրեց, որ այս խնդրին առնչվում են նաև Թուրքիայի մյուս ազգային փոքրամասնությունները: Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է ազգային փոքրամասնությունները միասնական գործեն վերը նշված հարցի հետ կապված, Բագրատ Էստուկյանը նշեց, որ դեռ այդ ուղղությամբ զարգացումներ չկան: