Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և շրջել թշնամության էջը          Երկար անկումից հետո դոլարն ու եվրոն թանկացան       Որևէ ծնողին մեկը մոտենա, բոլորիս հետ է գործ ունենալու,եթե 1 ժամից Գարիկ Գալեյանն ազատ չարձակվի, ապա բոլոր ծնողներով ներս են մտնելու շենք    

14 մայիս 2022 16:55

ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունները մտել են վեճի մեջ, որն անմիջականորեն կապված չէ ԼՂ-ի հետ, սակայն վտանգում է դառնալ նոր լուրջ վեճի առարկա.Kommersant.ru

Kommersant.ru-ն գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները մտել են վեճի մեջ, որն անմիջականորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի հետ, սակայն, այնուամենայնիվ, վտանգում է դառնալ նոր լուրջ վեճի առարկա։ Դրա պատճառը այն փոքր անկլավային տարածքներ են, որոնք գոյություն են ունեցել խորհրդային տարիներին սահմանի երկու կողմերում, սակայն 1990-ականների սկզբին հակամարտության բռնկումից հետո դե ֆակտո անցել են այն պետությունների վերահսկողության տակ, որոնց տարածքները շրջապատում են դրանց: Բացի ամենամեծ էքսկլավային տարածքից՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից, որի նկատմամբ Բաքուն երբեք չի կորցրել վերահսկողությունը, կան ևս հինգ նման անկլավներ։ Արծվաշեն գյուղը համարվում է Հայաստանի տարածքը, սակայն օկուպացված է ադրբեջանական զորքերի կողմից, իսկ Քյարքի, Բարխուդարլի, Յուխարի Ասկիպարա և Յարադուլլա գյուղերը եղել են ադրբեջանական, բայց հայկական ուժերի ձեռքին են։


Թեմային առաջինն անդրադարձել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 5-ին: «Անկլավների հարցը չի բարձրացվել,- ասել է նա պատասխանելով Երևանի և Բաքվի միջև երկխոսության մասին հարցին,- և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում կան անկլավներ, որոնց տարածքը գրեթե հավասար է։ Հույս ունենք, որ հնարավոր լուծումը կլինի այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը թողնեն անկլավները երկրների տարածքներում այնպես, ինչպես որ կան»։


Մի քանի օր անց՝ մայիսի 10-ին, նույն թեմայով ելույթ է ունեցել Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։ «Այդ հողերը Ադրբեջանի տարածքն են,- ասել է նա նկատի ունենալով Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական անկլավները,- այդ տարածքների վերադարձը Ադրբեջանին պահանջում է սահմանազատման գործընթացը։ Ուստի հարցը կդիտարկվի դրա շրջանակներում»։ Ի վերջո, անկլավների հարցը մեկնաբանել է Հայաստանի հատուկ հարցերով դեսպան Էդմոն Մարուքյանը, ով անսպասելիորեն հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում կան հայկական անկլավներ, իսկ Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներ չկան։ «Այս պահին մենք չունենք որևէ իրավական հիմնավորում, որ Հայաստանում դե յուրե ադրբեջանական անկլավներ երբևէ եղել են։ Ընդհակառակը, Արծվաշեն գյուղը Հայաստանին պատկանելու իրավական հիմքեր կան։ Նույնը վերաբերում է Հայաստանին պատկանող մի շարք այլ տարածքներին, այդ թվում Սոթք-Խոզնավար հատվածին»,- ասել է նա։Նշենք, որ մինչև ապրիլի վերջ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների ստեղծումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում կայացած հանդիպման պայմանավորվածություններից է։ Կարելի է ասել, որ դա կատարվել է, բայց այն թե ե՞րբ կկայանա հանձնաժողովի առաջին նիստը, դեռ հայտնի չէ։


Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը համոզված է, որ անկլավների վերաբերյալ հնարավոր որոշումների ցանկացած քննարկում մինչև մասնագիտացված հանձնաժողովի աշխատանքի մեկնարկը հակաարդյունավետ է և կարող է խաթարել բանակցային գործընթացը։ «Ադրբեջանի համար կարևոր է, որ հանձնաժողովը, որի հարցը քննարկվել է և՛ Սոչիի, և՛ Բրյուսելի բանակցություններում, սկսի աշխատանքը,- «kommersant»-ին ասել է պարոն Մամեդովը,- հայկական կողմը, քննարկելով անկլավների ճակատագիրը, իրականում կասկածի տակ է դնում հանձնաժողովի աշխատանքը»:


Մեկ այլ ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն մեկնաբանելով ըստ էության տարածքների փոխանակման հայկական գաղափարը պնդել է նման գործարքի անարդարացի լինելը։ Փորձագետի կարծիքով, հայկական Արծվաշեն գյուղի և ադրբեջանական անկլավների տարբերությունն այն է, որ առաջինը ռազմավարական տեսանկյունից անօգուտ է, իսկ մյուսները վերահսկում են Հայաստանը Վրաստանի և Իրանի հետ կապող ճանապարհները և հաղորդակցությունները։ «Խաղաղ հարաբերությունների կառուցման առաջին փուլում այդ գյուղերում Ադրբեջանի ռազմական ներկայության ուժեղացումն անխուսափելի է,- ասել է պարոն Վելիզադեն «kommersant»-ին,- ապագայում դա կախված կլինի կողմերի միջև վստահության աստիճանից: Սակայն հարաբերությունների կարգավորումը, որին ձգտում է Բաքուն, ամեն դեպքում նշանակում է տարածքային ամբողջականության ամբողջական ճանաչում՝ ներառյալ թվարկված անկլավները»։


Ղարաբաղյան կարգավորման փորձագետ Թաթուլ Հակոբյանը «kommersant» ասել է, որ 1994 թվականից հետո, երբ կողմերը ստորագրեցին առաջին զինադադարը, ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր Ղարաբաղի վրա, իսկ անկլավների հարցը ընդհանրապես չի բարձրացվել, այն համարվել է լուծված։«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ադրբեջանական կողմը վերադարձավ այդ թեմային, քանի որ ցանկանում է լրացուցիչ լծակներ ունենալ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար և ստիպել նրան որոշակի զիջումների գնալ, - ասել է պարոն Հակոբյանը, - Ադրբեջանում լավ են հասկանում Հայաստանի համար այս տարածքների նշանակությունը,  դրանցով ճանապարհներ են անցկացվել, կապ է ապահովվել Վրաստանի և Իրանի հետ»։


«kommersant»-ի հայաստանյան մեկ այլ զրուցակից, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշել է, որ երկու երկրների սահմանին անկլավների վերականգնումն անխուսափելիորեն կհանգեցնի նոր հակամարտությունների։ «Կարծում եմ, որ սահմանազատման գործընթացը պետք է հիմնված լինի այն բանի վրա, որ սահմանը արդյունքում չդառնա  լարվածության պատճառ,- ասել է նա, - ԽՍՀՄ-ի օրոք այդ սահմանը ոչինչ չէր փոխում բնակչության կյանքում, բայց նույնիսկ այն ժամանակ թյուրիմացություններ են եղել: Այժմ, երբ կողմերը վերապրել են տարիների հակամարտություն, ցանկացած անկլավ անխուսափելիորեն խնդիրների աղբյուր է դառնալու: Այդ հարցը պետք է վերացվի ինչ որ տարածքային այնպիսի փոխանակումների միջոցով, որը չի ենթադրում այս կամ այն ​​կողմից զիջում»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր