Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

07 հուն 2022 11:48

Քոչարյան Անդոն «փուռն է տվել» Մեքսիկայից հաղթանակած վերադարձող բռնցքամարտիկներին, օդանավից դուրս գալով, բերման են ենթարկվել․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում գոյություն ունի Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիա, որի սաները՝ 11 մարզիկ, մի քանի օր առաջ մեկնել էին Մեքսիկա՝ մասնակցելու բռնցքամարտի միջազգային մրցաշարի, որտեղ պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու-մենամարտեր են անցկացվել։ Այնտեղ մեր մարզիկները գրանցել են լուրջ հաջողություններ ու հաղթանակած վերադարձել Հայաստան։ Սակայն Երևան վերադարձի ճանապարհին նրանք բախվել են ՔՊ-ական պատգամավորներից մեկի նենգությանն ու հայտնվել ոստիկանության բաժանմունքում։
Ահա թե ինչ է տեղի ունեցել Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի օդանավի մեջ, որով Հայաստան են վերադառնալիս եղել հայ մարզիկները։ Օդանավում է եղել նաեւ ՔՊ-ական պատգամավոր Քոչարյան Անդրանիկը, ով մայիսի 26-31-ը գործուղման էր՝ մեկնել էր Վիլնյուս՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին։ Մարզիկները թեև հոգնած են եղել, բայց քանի որ հաղթանակած են վերադառնալիս եղել հայրենիք, բարձր տրամադրություն են ունեցել ու, հավանաբար, օդանավի մեջ մի փոքր ակտիվ և աշխույժ են պահել՝ բարձրաձայն զրուցել, ուրախացել իրենց հաջողությամբ։ Դա դուր չի եղել ՔՊ-ական պատգամավորին, ով ինքնաթիռում լռել է, սակայն «Զվարթնոց» օդանավակայան հասնելուն պես, դեռ օդանավից չիջած՝ զանգահարել է ոստիկանություն, «փուռը տվել» հայ մարզիկներին։ Մասնավորապես, դժգոհել է նրանց պահվածքից ու ձեռքի հետ էլ, որպեսզի արդարացնի իր զանգը ոստիկանություն, կասկած է հայտնել, թե «հնարավոր է նրանք գողություն կատարած լինեն օդանավում»։ Եվ մարզիկները, որոնց օդանավակայանի սպասասրահում մեծ թվով երկրպագուներ, ընկերներ ու հարազատներ են սպասելիս եղել, սպասասրահ դուրս գալու փոխարեն՝ օդանավից դուրս գալով, բերման են ենթարկվել։ Ոստիկանության «Զվարթնոցի» բաժնի աշխատակիցները նրանց թույլ չեն տվել դուրս գալ սպասասրահ՝ մոտեցել են հայ մարզիկներին ու նրանցից երեքին, Քոչարյան Անդոյի «դանոսով», տարել են ոստիկանություն։


Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին միջադեպի վերաբերյալ մեր տեղեկությունը՝ նշելով․ «Հունիսի 1-ին միջադեպ է եղել օդանավում, և քաղաքացու ահազանգի հիման վրա ոստիկանության «Զվարթնոցի» բաժին է բերման ենթարկվել երեք անձ։ Նրանք բացատրություն են տվել ու բաց են թողնվել»։


Այլ մանրամասներ, մասնավորապես, թե ով է եղել տվյալ քաղաքացին, ինչ ահազանգ է տվել, և եթե ահազանգը կեղծ է եղել, ինչու նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, ոստիկանությունից չհայտնեցին։ Մենք խոսեցինք Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանի հետ։ Նա հաստատեց մեր տեղեկությունը, որ իրենց մարզիկներից երեքին հունիսի 1-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի օդանավից միանգամից բերման են ենթարկել ոստիկանություն, ապա բաց թողել։ Իսկ թե որն է եղել պատճառը, չգիտեր, ասաց՝ իրենց համար էլ մինչ այս պահն անհասկանալի է մնում, թե ինչ էին արել մարզիկները, որ նրանց տարել են ոստիկանություն։


«Մենք մինչև էսօր տեղեկացված չենք, թե պատճառը որն է եղել, ով է զանգել ու ինչ առիթով։ Ուղղակի օդանավից անմիջապես իջնելուց հետո իրենք հրավիրեցին, հարցրին՝ եղե՞լ է, արդյոք, միջադեպ, ու պատասխանը բացասական ստանալուց հետո բաց թողեցին»,- ասաց ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը։ Փորձեցինք նորից ճշտել՝ օդանավում որեւէ մեկի հետ որեւէ միջադեպ, առհասարակ, չի՞ եղել, Հարությունյանը կրկնեց․ «Մենք, առհասարակ, բացի Հայաստանի դրոշը բարձրացնելուց, երկիր ներկայացնելուց ուրիշ որևիցե բանով չենք զբաղվում»։ Իսկ իրենք որևէ պատգամավորի նկատե՞լ են օդանավում, Հարությունյանը նախ ասաց, որ ինքը չգիտի՝ արդյոք պատգամավորներն էկոնոմ դասո՞վ են թռչում, թե՞ ոչ, քանի որ, իր խոսքերով, «հիմիկվա պատգամավորներն ինչով ասես՝ կարող է գնան-գան»։ Հետո ավելացրեց, որ դժվար թե իրենց մարզիկներից որևէ մեկը ճանաչեր որևէ պատգամավորի։ «Ես անձամբ չեմ ճանաչում, ինչքան էլ Ձեզ համար հայտնի լինի»,-ասաց նա։


Ֆեդերացիայի նախագահը նաև ասաց այն մարզիկների անունները, որոնց տարել են ոստիկանները՝ Ռուբեն և Ռուդոլֆ Գարբոյան եղբայրներ և Տիգրան Մելքոնյան։ Երեքն էլ՝ 19 տարեկան ու երեքն էլ բոլոր մենամարտերը ժամանակից շուտ են ավարտել, բնականաբար՝ հաղթանակով։ Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ իրենց համար տարակուսելի է նաև այն, թե ինչու են հենց այդ երեքին ընտրել ոստիկանները, իր կարծիքով՝ հավանաբար, ոստիկաններին ահազանգած անձը նրանց է մատնացույց արել։


«Տրամադրությունները, բնականաբար, լավ է եղել, բայց արտաքնապես շատ հոգնած ու տանջված են եղել։ Ես անձամբ եմ նրանց հարցրել՝ ի՞նչն է եղել խնդիրը, իրենք ասել են՝ մենք անտեղյակ ենք, ընդհանրապես՝ անակնկալի ենք եկել, թե ինչի մասին է խոսքը։ Բացարձակապես որևիցե մեկը որևիցե բանից տեղյակ չի եղել ու մինչև էսօր չի կարողանում հասկանալ՝ ինչի մասին է խոսքը։ Մենակ կանգնեցրել են, ասել են՝ եկեք, ձեր մասին ինչ-որ վատ բան են ասել, հետո էլ ոչ մի պարզաբանում չեն տվել»,-ասաց Գառնիկ Հարությունյանը։


Փաստորեն, ՔՊ-ական տխրահռչակ պատգամավորը, որը պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում հատկապես լրագրողների հետ «մենամարտերի» և տարատեսակ այլ բացասական դրսևորումների պատճառով, այս անգամ էլ որոշել է «ուժերը փորձել» իր երեխաներից փոքր տարիքի բռնցքամարտիկների հետ՝ նրանց ոստիկանության ձեռքը տալով։ Ըստ էության, սա սուտ մատնություն է, քանզի ակնհայտ է, որ տղաները որևէ հակաօրինական քայլ չեն արել, և ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի հաղորդումը կեղծ է եղել, կասկածն էլ՝ միտում ունեցող։ Եթե նրա փոխարեն մի որևէ ընդդիմադիր պատգամավոր այդպիսի բան աներ, նրան հիմա վաղուց ձերբակալել ու կալանավորել էին սուտ մատնության հոդվածով։ Բայց ՔՊ-ականին, առավել եւս՝ Քոչարյան Անդոյին, ամեն ինչ կարելի ու ներելի է։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր