Աննա Հակոբյանը վարկեր ունի, Փաշինյանի աշխատավարձը՝ 11 մլն 931 հզր դրամ․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Փաշինյանի ընտանիքը

Ըստ ներկայացված հայտարարագրի՝ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, որպես միանձնյա սեփականություն Շենգավիթ համայնքում հայտարարագրել է բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, ձեռք է բերվել գնման միջոցով, ձեռքբերման տարեթիվ նշված չէ։ Որպես կեցավայր նշել է Կառավարական առանձնատները։
Աննա Հակոբյանը հայտարարագրել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի 3 միջոց՝ RENAULT, NISSAN, VAZ, ձեռք բերված համապատասխանաբար 2009, 2010 և 2009 թթ․։
2021–ի սկզբում Աննա Հակոբյանը իր բանկային հաշվին ունեցել է 168,263 ՀՀ դրամ, տարվա վերջում 90 000 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,000 ԱՄՆ դոլար՝ տարվա սկզբում և տարվա ավարտին։
Վարչապետի տիկինը «Մեր տպարանը» և «Դարեսկիզբ» ՍՊԸ-ներից կամ որ նույնն է՝ «Հայկական ժամանակ» օրաթերթից որպես աշխատանքի դիմաց վարձատրություն ստացել է 3 մլն 289 հզր ՀՀ դրամ։
Աննա Հակոբյանը ունի 2 սպառողական վարկ՝ 164,300 և 1,141,410 մնացորդային գումարով։
Ծախսերի հայտարարագրի մեջ հանգստի համար նախատեսված գումարը կազմել է 1,000,000 ՀՀ դրամ և 2,000,000 ՀՀ դրամ։
Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի անունով բացի բանկային հաշվին առկա դրամական միջոցներից և աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունից, այլ բան հայտարարագրված չէ։
Աշոտ Փաշինյանի բանկային հաշվին տարեսկզբին եղել է 1695 դրամ, տարեվերջին՝ 3292 ՀՀ դրամ։
Որպես աշխատանքի դիմաց վարձատրություն Աշոտ Փաշինյանը ԱԿՈՏԵՔ ՍՊԸ-ից, «Սվետլանա Մովսիսյան» ԱՁ-ից և Webiz Georgia-ից միասին ստացել է 238 հզր դրամ և 1․100 ԱՄՆ դոլար։
Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, տարվա սկզբին բանկային հաշվին ունեցել է 438 հզր դրամ, տարվա ավարտին՝ 511 հզր դրամ։
Մարիամ Փաշինյանը նախորդ տարի «Դիջիթեյն» ՍՊԸ-ից աշխատանքի դիմաց ստացել է 6 մլն 693 դրամ։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարագիրը ներկայացրել էր նախորդ շաբաթ։
Որպես բանկային ավանդ Փաշինյանը 2021–ի սկզբին նշել է 2 մլն 550 հզր դրամ, իսկ տարվա ավարտին՝ 3 մլն 15 հզր դրամ։ Ըստ հայտարարագրի՝ չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող նվեր չի ստացել, բանկային հաշիվներին հայտարարագրել է 1 մլն դրամ տարվա սկզբին, որը տարվա ավարտին զրոյացված է, 3,84 դոլար, ինչպես նաև 27 հզր դրամ։ Կանխիկ հայտարարագրել է 1800 դոլար և 790 հզր դրամ։
Որպես աշխատավարձ նշել է 11 մլն 931 հզր դրամ, վարկային գծով փոխառություն ունի 1 մլն 259 հզր դրամ։