Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

11 հուն 2022 12:15

Ադրբեջանը դիտարկվում է որպես ՌԴ-ին փոխարինող գազամատակարար երկրներից մեկը. ԵՄ-ն կգնա Հայաստանի և Արցախի շահերի դեմ

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
«Եվրոպան ձգտում է ամեն գնով ձերբազատվել ռուսական էներգետիկ կախվածությունից, այն աստիճանի, որ պատրաստ է նույնիսկ աչքերը փակել ժողովրդավարության ու մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա: Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը ԵՄ-ում դիտարկվում է, որպես ՌԴ-ին փոխարինող գազամատակարար երկրներից մեկը:
 
Պատահական չէր, որ 2018թ.-ին ակտիվ աջակցություն ստացած, իսկ հետագայում նաև ողջունված «թավշյա հեղափողությունը» ԵՄ-ի սրտով էր: Պատահական չէր, որ Նիկոլի քաղաքական հիմարությունների և դրա արդյունքում Ադրբեջանի ստացած քարտ բլանշով հրահրված 44-օրյա պատերազմի ընթացքում, ժողովրդավարական Եվրոպան առ այսօր չի դատապարտել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառված անմարդկային ագրեսիան: Պատահական չէր, որ Հայաստանի իշխանությունը զավթած մի շարք սորոսածին պաշտոնյաներ, պատերազմի նախօրեին, «կրծքով» պաշտպանում էին ադրբեջանական նավթամուղերն ու գազամուղերը: Պատահական չեն այն խոսակցությունները, որ 2021թ. արտահերթ ընտրություններում, ՀՀ-ում ԵՄ դեսպանները շունչները պահած հետևում էին Նիկոլի հաղթանակին, որպեսզի շարունակեն ԵՄ շահերից բխող և Ադրբեջանին սիրաշահող քաղաքականաությունը: Պատահական չէ, որ բրյուսելյան բանակցություններով ստիպում են, որպեսզի դավադրության մեջ թաթախված Նիկոլը հրաժարվի Արցախի կարգավիճակի հարցից ու կեղծ խաղաղության պայմանագիր ստորագրի: Պատահական չէ, որ ոստիկանները բիրտ ուժով ճնշում են Արցախի և Հայաստանի շահերի համար պայքարող քաղաքացիներին, իշխանության քննադատները բանտարկվում են, երկրում ընդդիմադիրների նկատմամբ իրականացվում է պատվիրված դատավարություններ իսկ ԵՄ ներկայացուցչությունը ողջունում է ՀՀ կառավարությանն ու հայկական «ժողովրդավարությունը»:
 
Այս ամենն իհարկե մենք շատ լավ հասկանում ենք, որովհետև մի փոքր պատկերացում ունենք աշխարհում տեղի ունեցող գլոբալ զարգացումներից, բայց մեր խդնիրն է դիմանալ և մինչև վերջ չզոհաբերվել օտար քաղաքական, էներգետիկ, կոմունիկացիոն և տնտեսական շահերին: Պատմության ընթացքում շատ ենք տուժել՝ հենց զոհաբերվելու պատրաստակամության արդյունքում, ինչպես նաև ներքին դավաճանների շնորհիվ: Բավական է, որքան զոհաբերվեցինք՝ տարածքներ, մարդկային կյանքեր, սեփական անվտանգություն և այլն:
 
Ուկրաինայի պատերազմից հետո, այս գործընթացն ավելի ցայտուն է դարձել: ԵՄ-ում գտնում են, որ Ադրբեջանը կարող է փոխարինել ՌԴ-ից ստացվող գազի որոշ ծավալը: Մինչ այս ձմեռ, Ադրբեջանի պատճառով Արցախը շուրջ երկու շաբաթ սառչում էր առանց գազի, այդ ընթացքում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հայտարարեց, որ պատրաստ է 30%-ով ավելացնել դեպի Եվրոպա գազամատակարարումը: Միայն այս տարվա առաջին եռամսյակում այն կազմել է 2,6 մլրդ խ/մ:
 
Բրյուսելի համար ադրբեջանական այդ առաջարկը գտնված երազ էր: Մայիսի 18-ին Եվրահանձնաժողովի նոր էներգետիկ պլանով առաջարկվում է 30%-ով կրճատել Ռուսաստանից ստացվող գազի ծավալները, այն փոխարինելով այլ աղբյուրներով:
 
2021թ-ին ԵՄ-ն ՌԴ-ից ստացել է 155 մլրդ խ/մ գազ: Ադրբեջանը մոտակա տարիներին, դեպի ԵՄ իր գազային մատակարարումները կարող է հասցնել մինչև 20 մլրդ խ/մ, ինչը կազմում է ՌԴ-ից ԵՄ գազի կախվածության 1/8-րդ մասը, այնուամենայնիվ ԵՄ-ն կարծես թե պատրաստ է հանուն դրա կատարել Ադրբեջանի բոլոր ցանկությունները և համագործակցել դիկտատոր Ալիևի հետ, ինչպես նաև աջակցել դիկտատորի վերածված Նիկոլին:
 
Երկու ամիս առաջ Եվրախորհրդարանը 635 կողմ ձայնով դատապարտեց Ադրբեջանին՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար, սակայն կարճ ժամանակ հետո՝ մայիսին այդ բանաձևը մոռացվեց, ԵՄ-Ադրբեջան բարձր մակարդակով անցկացված էներգետիկ քննարկումների ֆոնին: Ադրբեջանն անկասկած շարունակելու է օգտագործել էներգետիկ լծակները՝ Հայաստանի և Արցախի նկատմամաբ իր բոլոր պահանջները մեկ առ մեկ կատարելու համար: ԵՄ-ն հանուն գազի և հանուն ՌԴ-ից էներգետիկ կախվածության թուլացման՝ գնալու է Արցախի ու Հայաստանի շահերի դեմ:
 
44-օրյա պատերազմից մեկ տարի հետո, 2022թ. Բաքուն ավելացրել է իր ռազմական ծախսերը՝ հասցնելով այն 2,6 մլրդ դոլարի, ինչն իր ՀՆԱ-ի 5%-ից ավելի է: Այսօր էլ մեծ թափով այն վերազինվում է, ձեռք բերելով սպառազինություն և ռազմական տեխնիկա: Ակնհայտ է, որ Ադրբեջանի նկրտումները չեն սահմանափակվելու և օգտվելով իր դերակատարությունից ու Թուրքիայի անմիջական աջակցությունից՝ շարունակելու է անմիջական սպառնալիք հանդիսանալ նիկոլիզմի պատճառով թուլացած ու անօգնական դարձած Հայաստանի ու Արցախի համար»: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր