Ալիևը Հայաստանին սպառնում է նոր պատերազմով. Ռազմական փորձագետ

««Միջանցք» նշանակում է որևէ պետության որևէ ստորաբաժանման ներկայացվածություն, այնպես, ինչպես հիմա Բերձորի կամ Լաչինի միջանցքում է. այնտեղ կա ՌԴ խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի ներկայություն՝ համապատասխան կարգավիճակով։
Հիմա, կրկին խոսելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին՝ Իլհամ Ալիևը հերթական անգամ բարձրաձայնում է իր ցանկության մասին։ Բնականաբար, նրա ցանկություններն ու հայտարարությունները որևիցե ձևով չեն կարող փոխել 3 հիմնարար փաստաթղթերի բովանդակությունը։ Նա դա հրաշալի գիտի։
Ինչո՞ւ է ուրեմն նա միջանցի մասին խոսում. ո՛չ ներսում, ո՛չ դրսում Ալիևը ինքնահաստատվելու խնդիր չունի։ Ասում է միայն մեկ բանի համար՝ դա հոգեբանական ճնշման միջոց է Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարող անձի նկատմամբ», - ասաց Հայկ Նահապետյանը։
Ռազմական փորձագետը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահը երեկ խոսել է նաև տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ հիշեցնելով, որ եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն իր հերթին կասկածի տակ կդնի ՀՀ տարածքային ամբողջականությունը։
«Իսկ դա նշանակում է, որ Ալիևը Հայաստանին սպառնում է նոր պատերազմով», - ասաց ռազմական փորձագետը։