Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունն օրինակ է ողջ աշխարհի համար և ՀՀ-ի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը հնարավոր է միայն մեր եղբայրների շահերը հաշվի առնելով          Տեսանյութ.Ադրբեջանի տարածքում Իսրայելի հետախուզական նոր բազաների ստեղծումը լուրջ սպառնալիք կարող է լինել Հայաստանի համար       ՀՀ-ից հերքում են, թե իբր BBC-ի թղթակիցներին չի թույլատրվել այցելել ադրբեջանական ագրեսիայից տուժած շրջաններ, ընդհակառակը իրենք չեն ընդունել ՀՀ-ի այդ առաջարկըլ    

11 օգոս 2022 13:18

«Իրևան» և «Զանգեզուր».Մուստաֆան առաջարկել է հայկական տեղանուններով անվանակոչել ֆուտբոլային ակումբներ

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուսթաֆան առաջարկում է ստեղծել «Իրևան» և «Զանգեզուր» անունները կրող ֆուտբոլային ակումբներ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Haqqin.az» լրատվականը։
Մուստաֆան առաջարկել է հայկական տեղանուններով անվանակոչել ֆուտբոլային ակումբներ կամ փողոցներ՝ Հայաստանի վրա բարոյահոգեբանական ճնշում գործադրելու համար․ «Ստեղծվել է Արևմտյան Ադրբեջանի համայնք։ Տրվել է գովելի գործընթացի մեկնարկը։ Մենք պետք է անընդհատ իրականացնենք Հայաստանի համար բարոյահոգեբանական խնդիրների ստեղծման աշխատանքը։ Մենք պետք է անընդհատ վերահաստատենք մեր հավակնությունները հայկական տիրույթում և պետք է ամեն անգամ արդիականացնենք դրանք դիվանագիտական շրջանակներում և միջազգային կազմակերպություններում, որ Արևմտյան Ադրբեջանը բանակցային սեղանին է»։


Հիշեցնենք, որ Ադրբեջանում շրջանառվող այպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպման տակ ենթադրվում է ՀՀ ներկայիս սուվերեն տարածքը։


Անդրադառնալով տեղանունները որպես քարոզչության և հասարակության վրա հոգեբանական ազդեցության միջոց օգտագործելու քաղաքականությանը՝ Մուստաֆան նշել է․«Մենք ունենք «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբ, որը հանդիսանում է երկրի հպարտությունը։ Մինչ այսօր աշխարհում չի եղել այնպիսի հասարակական-քաղաքական կառույց, որը կքարոզեր Ղարաբաղն այնպես, ինչպես դա արել է այս ակումբը։ ․․․ Չեմ խոսում այն մասին, թե ինչպես է հայերի տրամադրությունը փոխվում ամեն անգամ, երբ հնչում է այդ ակումբի անունը»։


Մուստաֆան «դեռևս» անիրական է համարել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» կյանքի կոչվելը քաղաքական տիրույթում, սակայն, ըստ նրա, կան մշակութային, դիվանագիտական ոլորտները, իսկ փնտրելու դեպքում հնարավոր է գտնել նաև այլ ոլորտներ։


Տեղանունների կիրառումը որպես քարոզչության և հասարակությանը «հոգեբանորեն պատրաստելու» միջոց Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող պետական քաղաքականություն է։ Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության մեջ ՀՀ ներկայիս սուվերեն տարածքում գտնվող տեղանունների մեծամասնությունը փոխարինվում է ադրբեջանական տարբերակներով՝  դրանք հասարակությանը որպես «պատմական ադրբեջանական տարածքներ» ներկայացնելու և դրանց նկատմամբ պահանջատիրություն ապահովելու համար՝ կառուցարկելով նաև հստակ հանրային լեգիտիմություն այդ տարածքները հետագայում գրավելու համար։ Սա նաև բարոյահոգեբանական ճնշում է հայ հասարակության վրա՝ դիմադրողականությունը կոտրելու և հուսալքելու նպատակով։


Նույն քաղաքականությունը տասնամյակներ շարունակ տարվել է նաև Թուրքիայում, որտեղ ոչ միայն թուրքացվել են հայկական տեղանունները, այլև անվանափոխությունների մի մասը «սիմվոլիկ սպառնալիք» են պարունակում։ Նման վերջին դրսևորումներից էր ապրիլի 25-ին թուրքական ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ մեջլիսին ներկայացրած նախագիծը Կարսի նահանգում ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետի անունը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին։


Հավելենք նաև, որ մշակութային յուրացման գործընթացը Արցախյան երրորդ պատերազմից հետո նոր՝ ավելի մեծ մասշտաբներ է ընդունել։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը  հուլիսի 14-ին հրամանագիր էր  ստորագրել պետական մակարդակով նշելու Իրևանի (Երևանի) պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի 140-ամյակը՝ փաստացի ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության, մասնավորապես՝  ՀՀ մայրաքաղաք Երևանի նկատմամբ։


Նմանօրինակ մեկ այլ դրսևորում էր  «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամասը «հնագույն Իրևան քաղաքի» պատմական թաղամասերից մեկը հայտարարելը. մի շարք ադրբեջանցի գիտնականներ դիմել էին  ՅՈՒՆԵՍԿՕ-ին Երևանի «Թեփեբաշի» թաղամաս առաքելություն ուղարկելու խնդրանքով, քանի որ այնտեղ «ոչնչացվում են ադրբեջանական պատմական հուշարձանները»։


2020 թ․ դեկտեմբերի 10-ին Բաքվի շքահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Երևանը, Սևանը և Սյունիքը «պատմական ադրբեջանական տարածքներ են»։ Սակայն սա նպանատիպ առաջին հայտարարությունը չէր։ Ադրբեջանական իշխանությունը հետևողականորեն ներարկում է իր հասարակությանը հայկական պատմական տարածքների՝ ադրբեջանական պատկանելության մասին թեզը՝ այդ գործընթացը ուղեկցելով քարտեզների ստեղծումով, որոնց վրա Սյունիքը, Սևանը և Երևանը պատկերված են իբրև Ադրբեջանի մի մաս, համապատասխան պատմական զեղծարարությունների կատարմամբ։ Պետական բարձր մակարդակում Ադրբեջանի իշխանությունների կողմից ՀՀ նկատմամբ տարածքային հավականությունների վառ դրսևորում կարելի է համար պաշտոնական հռետորաբանության մեջ «Արևելյան Զանգեզուր» և «Արևմտյան Զանգեզուր» եզրերի կիրառումը։


Ադրբեջանի կողմից այս և նմանատիպ այլ հայտարարությունները, իրադարձություններն ու նախաձեռնությունները փորձ են լեգիտիմացնելու ոչ միայն արդեն իսկ 2020 թվականի նոյեմբերից հետո ՀՀ սուվերեն տարածքի ավելի քան 70 քառակուսի կմ հատվածի գրավումը Ադրբեջանի ԶՈՒ կողմից, այլև հող են նախապատրաստում Սյունիքի մարզի և ՀՀ սուվերեն այլ տարածքների դեմ ադրբեջանական նոր ագրեսիայի համար՝ ընդհուպ մինչև լիարժեք գրավում։
hayaliq.com

 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր