Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

10 սեպ 2022 15:15

Տեսանյութ.Փաշինյանի ասածը վտանգավոր է՝ ՌԴ-ն վատ դաշնակից է, բայց ՀՀ-ն դատապարտված է՝Արևմուտքի վրա հույս չենք դնում

Լոնդոնում գործող Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով IHS հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը Factor TV-ին տված հարցազրույցում թերահավատություն է հայտնում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ենթադրաբար կնքվելիք խաղաղության պայմանագիրը կբերի իրական խաղաղություն։ Ըստ նրա՝ Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը ՀՀ-ի թուլացումն ու հպատակեցումն է իրեն։ Այս իմաստով փորձագետը վտանգված է համարում նաև Սյունիքի ապագան։ ՌԴ-ի գործելաոճը գնահատելով՝ Գևորգյանը պնդում է, որ պաշտոնական Մոսկվայի նպատակն Ադրբեջանի ձեռքով ՀՀ-ն ֆորպոստ դարձնելն է և կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմանը հասնելը։
Վլադիմիր Պուտինի կազմակերպած Վլադիվոստոկի համաժողովում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները նա վտանգավոր է համարում․ ըստ Լիլիթ Գևորգյանի՝ ՀՀ վարչապետի խոսքի ենթատեքստն այն էր, որ ՌԴ-ն վատ դաշնակից է, բայց ՀՀ-ն դատապարտված է մնալ ՌԴ-ի ազդեցության ներքո, և Արևմուտքի վրա հույս դնել չի կարող։ Փաշինյանն ասել է, որ իրենք միտք չունեն դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից և անդմակցել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին։ Ըստ փորձագետի՝ ՀՀ-ն պետք է ԱՄՆ-ի միջոցով շփվի Թուրքիայի հետ, մինչդեռ, նրա տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է դիմում սահմանի բացմանն աջակցելու խնդրանքով։
Լիլիթ Գևորգսյանը հերքում է նաև Ադրբեջանին վերագրվող այն նպատակը, թե ուզում է ՀՀ-ի հետ պայմանագիր ստորագրելով՝ հասնել տարածաշրջանից ՌԴ-ի հեռացման։ Նա հիշեցնում է, որ Ադրբեջանն ու ՌԴ-ն ռազմական և ռազմավարական դաշնակցության հռչակագիր են ստորագրել, և Ալիևը հրաժարվել է Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորումից՝ նախընտրելով ՌԴ-ի հետ միասին հաղթել Արցախին և ռուս խաղաղապահների տեղակայմանն է համաձայնվել։ Փորձագետը քննադատության ենթարկեց ոչ միայն ՀՀ ներկա իշխանությանը, այլ ողջ քաղաքական էլիտային, որը, ըստ նրա գնահատականի, անընդունակ եղավ ձևավորել այլընտրանքային ելք՝ ռուսամետ դիրքորոշումից անդին, ինչն էլ ներկա ճգնաժամային իրավիճակի հիմնական աղբյուրն է։
-Հենց այս պահին ակտիվ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ․ թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Ալիևի թիմերի կողմից նշվում է այն մտադրության մասին, որ, միգուցե, մինչև տարեվերջ կնքվի խաղաղության պայմանագիր։ Այդուհանդերձ, Փաշինյանն օրերս Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպմանը խոստովանեց, որ Բրյուսելում իր և Ալիևի վերջին հանդիպման ժամանակ չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել կարևորագույն հարցերի վերաբերյալ։ Այս հանդիպմանը Փաշինյանը հիշեցրեց իր և Պուտինի կողմից ստորագրված 30 կետանոց փաստաթուղթը, որտեղ նշված էր, որ ՀՀ-ն և ՌԴ-ն պետք է գործակցեն ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ, այսինքն՝ Մոսկվան ևս կարծում է, որ այն լուծված չէ։ Արդյո՞ք հնարավորություն կա ՀՀ-Ադրբեջան նշյալ տարակարծությունը հաղթահարելու, և ինչպիսի՞ն պետք է լինի պայմանագիրը, որ կապիտուլյացիոն չորակվի։
-Խաղաղության պայմանագրի հասնելու համար բազմաթիվ քայլեր են անհրաժեշտ, որոնցից ամենակարևորը Հայաստանի սահմանների և Արցախի վերջնական կարգավիճակի հարցն է, բացի այդ՝ Ադրբեջանի կողմից տարվող ռասայական քաղաքականության կազմաքանդումն է, պատասխանատվության կանչելն է պատերազմական հանցագործությունների համար։ Այսինքն՝ Ադրբեջանը պետք է կամք ցուցաբերի և միջազգային պրոցեսների միջոցով պատժի ռազմական հանցագործներին․ երկու պատերազմ է տեղի ունեցել, և հայկական կողմը չէ, որ դրանում մեղավոր է։ Սա պետք է փաստել։
-Վերջերս ՄԱԿ-ի ռասայական խտրականության դեմ կոմիտեն կարևոր փաստաթուղթ ընդունեց, որտեղ Ադրբեջանը մեղադրվում է ռասայական խտրականության մեջ։
-Այո՛, այնտեղ Հայաստանի մասին նշված չէ, միայն Ադրբեջանն է մեղադրվում։ Պետք է հասկանալ հակամարտության արմատները, և ամենակարևորը՝ Հայաստանի սահմաններն ինչպես են գծվել, սա մեզ տանում է անցած դարի սկիզբ։ Մի քանի միջազգային փաստաթղթեր կան, որոնք կասկածելի լեգիտիմություն ունեն։ Երկրորդ կարևոր ասպեկտն այն է, թե ի՞նչ ասել է խաղաղություն հայկական պատկերացմամբ և ադրբեջանական պատկերացմամբ։ Ադրբեջանի կողմից խաղաղությունը Հայաստանին իր հսկողության տակ դնելն է, և վերջնական նպատակը Հայաստանի թուլացումն է։ Սյունիքի ապագան վտանգի տակ է, գուցեև Սյունիքը Հայաստանից պոկվի և դառնա համատեղ օգտագործման տարածք և այնտեղ ադրբեջանական ներկայացուցչություն ապահովվի։ Ադրբեջանը, որպես Հայաստանի հպատակեցման մաս, տեսնում է նաև իր փախստականների վերադարձը, ինչպես նաև ՀՀ տնտեսական և քաղաքական կյանքում կարևոր դեր ունենալը։ Հստակ պետք է հասկանալ, թե ի՞նչ տեսլական ունեցող պետության հետ ենք բանակցում և ի՞նչ ենք բանակցում։ Այս պայմաններում Հայաստանը կարող է ստորագրել միայն ու միայն կապիտուլյացիա։ Այստեղ կարևոր է նաև ՌԴ-ի դերը․ Ռուսաստանի համար Հայաստանի նկատմամբ վերահսկողությունը կարևոր նպատակներից մեկն է, և Ադրբեջանը ՌԴ-ի համար այն երկիրն է, որը Հայաստանն իջեցնում է Աբխազիայի մակարդակին։ Ռուսաստանի համար Հայաստանը պետք է լինի ֆորպոստ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր