Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային          էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք       Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել    

17 սեպ 2022 14:45

Իրավիճակը կարող է սրվել ցանկացած վայրկյան․ Գերմանիայում ՀՀ դեսպանը զգուշացնում է Ադրբեջանի նոր ագրեսիայի մասին

Բեռլինում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը զգուշացնում է, որ ժամանակավոր զինադադարից հետո Ադրբեջանը կարող է նոր հարձակում ձեռնարկել։ «Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր ագրեսիայի»,- RedaktionsNetzwerk Deutschland-ին ասել է դիվանագետը։ Հայաստանը կոչ է անում հարևան երկրին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և ապավինում է Գերմանիայի դիվանագիտական աջակցությանը։
Հայկական աղբյուրների համաձայն՝ Հարավային Կովկասում երկօրյա ծանր մարտերից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնեցվել է հրադադար։ Հինգշաբթի օրը Հայաստանի մայրաքաղաք Երևանում պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ իրավիճակը համեմատաբար հանգիստ է։  Ավտորիտար ռեժիմով ղեկավարվող Ադրբեջանը երեքշաբթի գիշերը հարձակվել էր Հայաստանի վրա՝ հիմնավորելով այն հայկական կողմից դիվերսիայի ենթադրյալ փորձով։
Այնուամենայնիվ, շատ միջազգային դիտորդներ ենթադրում են, որ Բաքուն օգտվում է իրավիճակից, որ Հայաստանի պաշտպանիչ ուժ Ռուսաստանը ներկայումս զբաղված է Ուկրաինայի դեմ պատերազմով։ Հայաստանն իր գոյությանը սպառնացող վտանգ է զգում Թուրքիայի աջակցությունը վայելող հարևան Ադրբեջանի կողմից։ Պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմից զոհվել է 105, իսկ ադրբեջանական կողմից՝ 71 զինծառայող։ RedaktionsNetzwerk Deutschland-ը (RND) զրուցել է Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ։
-Ի՞նչ եք ակնկալում Գերմանիայից կամ ԵՄ-ից՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր բռնկված մարտերը:

-Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան մարտահրավեր է միջազգային իրավունքի և Եվրոպայում առանց այն էլ փխրուն անվտանգային համակարգի համար։ Այն ուղիղ հարձակում է ոչ միայն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա, այլև ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի խախտում։ Ագրեսիան տեղի է ունեցել հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ, ընդ որում ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում, այլ նաև Սոթք, Վարդենիս, Ջերմուկ, Գորիս, Կապան, Արտանիշ և Իշխանասար բնակավայրերի և քաղաքների ուղղությամբ։ Այսօրվա դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սոցիալական ցանցերում ադրբեջանցիները տեսահոլովակներ են տարածում, որտեղ կան նոր հայ ռազմագերիներ։ Այս համատեքստում կարևոր է միջազգային հանրության արձագանքը՝ թույլ չտալու 44-օրյա պատերազմի օրինակով հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվող կտտանքները, բռնությունները, արտադատական սպանությունները և բռնի անհետացումները: Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն, այդ թվում՝ Գերմանիան, կգործադրի ակտիվ դիվանագիտական ջանքեր և, հնարավոր է, այլ քայլեր՝ դադարեցնելու այդ հարձակումները։
-Ձեր կարծիքով՝ հարկավո՞ր է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։
-Ադրբեջանին պետք է ակտիվ քայլերով հասկացնել, որ հարևան երկրի վրա հարձակումը չպետք է անպատիժ մնա: Պատժամիջոցների կիրառումը ևս կարող է նպաստել դրան։ Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը կդադարեցնի ագրեսիան Հայաստանի դեմ, կվերադարձնի իր զորքերը մինչև 2021թ. մայիսի 12-ի դիրքեր, այսինքն՝ Հայաստանի սահմաններից դուրս, և կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։
-Արևմտյան լրատվամիջոցներում մշտապես խոսք է գնում «Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտերի» մասին։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

-Ցանկացած հայտարարություն, որը հավասարության նշան է դնում ագրեսորի և հարձակման ենթարկված կողմի միջև, «կանաչ լույս» է ագրեսորի համար։ Ժողովրդավարական ընտրությունների արդյունքում խաղաղություն հաստատելու մանդատ ստացած Հայաստանի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում խաղաղ կարգավորման համար։ Մենք գործուն քայլերով ապացուցել ենք, որ պատրաստ ենք ապաշրջափակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունը, սակայն Ադրբեջանը ևս պետք է համաձայնի Հայաստանի համար Նախիջևանի տարածքով դեպի Ռուսաստան և Իրան տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը։
 Մենք պատրաստ ենք նաև սահմանազատման իրականացմանը և ձգտում ենք բոլոր խնդիրների կայուն կարգավորմանը։
-Ռուսաստանը մինչ այժմ Հայաստանի միակ պաշտպանիչ ուժն է։ Կցանկանայի՞ք արդյոք օգնություն Արևմուտքից, օրինակ ԵՄ-ից կամ ՆԱՏՕ-ից:

-Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը, որոշում է կայացրել օգտագործել դիվանագիտական ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան և վերադարձնելու ադրբեջանական զորքին իրենց ելման դիրքեր։ Ըստ այդմ, Հայաստանը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ անվտանգության խորհրդին։ Մեր կառավարությունը նաև սերտորեն հաղորդակցվում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։ Մեր միջազգային գործընկերների ակտիվ ներգրավվածության շնորհիվ այժմ հաստատվել է հրադադար, բայց իրավիճակը կարող է ամեն վայրկյան սրվել. մենք տեղեկություններ ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր ագրեսիայի: Իհարկե, մենք ակնկալում ենք մեր արևմտյան գործընկերների հնարավորինս ակտիվ ներգրավվածությունը մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ճանապարհին։






 factor.am






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր