Տեսանյութ.Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին          Մերսման սրահներից մեկում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ       Իրանն ու ԱՄՆ–ն կվերսկսեն բանակցությունները նոր միջուկային համաձայնագրի շուրջ    

13 դեկ 2022 15:50

Գոնե հիմա ճանաչեք Արցախի անկախությունը.Հուշեմ նաեւ ընդունելի բանաձեւերից մեկը

«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Հայաստանի իշխանություններին առաջարկում է ճանաչել Արցախի անկախությունը։


«Խոսքս ուղղում եմ ՀՀ իշխանություններին. գոնե հիմա ճանաչեք Արցախի անկախությունը։ Հուշեմ նաեւ ընդունելի բանաձեւերից մեկը. «ՀՀ-ն ճանաչում է Արցախի հանրապետության անկախությունը, ինչպես նաեւ ցանկացած այլ կարգավիճակ, որով Արցախը դուրս է Ադրբեջանի հանրապետության կազմից»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրանտ Բագրատյանը։


Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Մեկ օրից ավելի է՝ ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:


Արցախի ՆԳՆ–ի հաղորդմամբ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։


Այսօր՝ դեկտեմբերի 13–ին, Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին։


«Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական եւ գործուն քայլեր` Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ անխափան ցամաքային կապի վերականգման եւ Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով:


Ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնությունից` որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավոր, անհապաղ միջոցներ ձեռնարկել սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության եւ իր հայրենի հողում ապրելու իրավունքը , ինչպես նաեւ ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը:


Կոչ ենք անում միջազգային կառույցներին եւ ՄԱԿ-ի անդամ երկրներին դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, իսկ կանխարգելման նպատակով հրատապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար»,– ասվում է հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր