«Եկել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք».Մի քիչ էլ որ «շարժվի», ոչ միայն Արցախից, այլև Հայաստանից բան չի մնա .«Փաստ»
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-10/1539852576_7777.jpg)
Առհասարակ, ուղերձում Փաշինյանը նշում է «Լեռնային Ղարաբաղ»: Ավելին, չի նշում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Համեմատության համար նկատենք, որ նույն Նիկոլ Փաշինյանը, օրինակ՝ 2021թ. փետրվարի 20-ին նույն առիթով տարածած ուղերձում ոչ միայն ամենուր հիշատակում է Արցախ բառը, այլև ուղերձը 2 տարի առաջ ավարտում է, ի մասնավորի, հետևյալ կոչով. «Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը» (կասկածողները կարող են համոզվել «ՀՀ վարչապետի» պաշտոնական կայքէջում, ինչպես ասում են, քանի դեռ չեն ջնջել): Իսկ հիմա՝ միայն «Լեռնային Ղարաբաղի հայություն», շատ-շատ՝ «Արցախի հայություն, արցախցիներ» ու ոչ մի «Արցախի Հանրապետություն», առավել ևս՝ ոչ մի «կեցցե՜»: Նիկոլ Փաշինյանը շարունակում է «աճել», հատկապես Մյունխենից հետո կամ Մյունխենի խորապատկերում, որտեղ նրա ներկայությունը դիպուկ բնորոշվում է հինավուրց ասացվածքով, այն է. «Կաղ էշով քարավանին էր խառնվել»:
Վերադառնանք Փաշինյանի երեկվա ուղերձին, որտեղ նաև կոպիտ սխալ կա, մասնավորապես հետևյալ սխալը. «...1988 թվականի փետրվարի 20-ից սկիզբ առած բողոքի ինքնաբուխ ու բազմամարդ ցույցերը...»: Միայն միտումնավոր խեղաթյուրման նպատակ ունեցողը կարող է Արցախյան շարժման ծավալման մեկնակետ համարվող 1988թ. փետրվարի 20-ի ցույցն անվանել որպես բողոքի ցույց, ավելին՝ այն նշել որպես ինքնաբուխ: Ի՞նչ ինքնաբուխի մասին է խոսքը, եթե շարժման խմորումը ու ստորագրահավաքը սկսվել էին շատ ավելի վաղ: Ավելին, Արցախյան շարժման առաջին ցույցերում շեշտը ոչ թե բողոքն էր, այլ պահանջը, կոնկրետ Արցախի ու Հայաստանի վերամիավորման, ավելի կոնկրետ՝ ԼՂԻՄ-ը ադրբեջանական ենթակայությունից հանելու և Հայկական ԽՍՀ ենթակայությանը հանձնելու պահանջը: Իսկ Նիկոլ Փաշինյանը երեկվա ուղերձում, օրինակ՝ նշում է. «35 տարի անց էլ Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ»:
Բայց համեստորեն լռում է այն մասին, որ նման իրավիճակի գլխավոր պատասխանատուն ու հիմնական պատճառը ի՛նքն է, հիշատակված 35-ից վերջին 5 տարին ի՛ր վարած անպատասխանատու քաղաքականությունը, քայլերն ու որոշումները: Նիկոլ Փաշինյանն ուղերձում անդրադառնում է Արցախից մնացած բեկորի շրջափակված լինելուն և ապաշրջափակելու եղանակ է համարում... «Լեռնային Ղարաբաղում ծայր առած հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրությունը կենտրոնացնել»-ը, որի ուղղությամբ, իբր, ինքն ու իր կառավարությունը ջանքեր են գործադրում: Այսինքն, իրենք, իբր, միջազգային հանրությանն անընդհատ բզում են, որ վերջինս ճնշի Ադրբեջանի վրա, որ Ալիևը շրջափակումը դադարեցնի: Հա՜, չափազանց իրատեսական ու գործնական եղանակ է: Չտեսա՞ք, թե Ալիևն ինչպես էր լքլքում, ահուդողից կափկափում Մյունխենում: Իսկ Փաշինյա՜նը... Փաշինյանն ի՞նչ: Ուղերձներ շարադրելու փոխարեն, էն է՝ գնացել էիր, Մյունխենում բլբուլ կտրեիր:
Վերջում էլ Փաշինյանը Արցախի հայությանը կոչ է անում ամուր ու անկոտրում լինել, իսկ ինքն էլ ուժերը պիտի կենտրոնացնի «խաղաղության օրակարգի» վրա: Կարելի է վերծանել այսպես՝ «եկել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք»: Հա, ի դեպ, Արցախյան շարժման էությունը ազգային ինքնորոշման իրավունքն ու այդ իրավունքի իրացումն է: Ըստ Նիկոլ Փաշինյանի, «Մեծ հաշվով, խաղաղ, արժանապատիվ և անվտանգ կյանքն է եղել Ղարաբաղյան շարժման բովանդակային նպատակը, և մենք պիտի շարժվենք այդ նպատակին ընդառաջ»: Տեսնում ենք, թե ինչպես է նրա իշխանությունը «շարժվում» այդ նպատակին ընդառաջ, հատկապես անվտանգության պահով: Մի քիչ էլ որ «շարժվի», ոչ միայն Արցախից, այլև Հայաստանից բան չի մնա: Իսկ առհասարակ, ուղերձ հղելու փոխարեն ավելի լավ կլիներ, որ Ն. Փաշինյանը բացեիբաց հայտարարեր, թե կոնկրետ է՛լ ինչեր է պայմանավորվել Ալիևի հետ: Ինքն էր, չէ՞, ասում, որ հենց համաձայնելու տարբերակ տեսնի, կգա, հրապարակում կասի, որ «ժողովուրդը որոշի»...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում