ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

30 մար 2023 15:31

2 երիտասարդ գումարի դիմաց տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ են տեղադրել Երևանի տարբեր հատվածներում

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել են իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության նոր դեպքի էական հանգամանքներ։


ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, 2023թ. մարտի 23-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ սպիտակ գույնի «Նիսսան», մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Կենտրոնական գերեզմանատան տարածքում տեղադրում է թմրամիջոցներ:


Նույն օրը, ստացված տվյալներն իրացնելու արդյունքում, Կենտրոնական գերեզմանատան մուտքի դիմաց նկատվել, ապա հարակից շենքերից մեկի մոտ կանգնեցվել է նշված մակնիշի ավտոմեքենան, որի ուղևորը դիմել է փախուստի։


Վարորդը, որը Երևան քաղաքի 28-ամյա բնակիչ է, տեղում խոստովանել է, որ ավտոմեքենայի սրահում առկա են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ փաթեթներ, որոնք ինքը և փախուստի դիմած ընկերը ձեռք են բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով և գումարի դիմաց տեղադրում են Երևան քաղաքի տարբեր վայրերում։


2023թ. մարտի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:


Դեպքի վայրի զննության ընթացքում 28-ամյա երիտասարդը մատնացույց է արել Երևան քաղաքում գտնվող 3 տարբեր վայրեր, որտեղ, փախուստի դիմաց 26-ամյա ընկերոջ հետ տեղադրել են փաթեթներով թմրամիջոցներ:


Տեղադրված փաթեթները հայտնաբերվել են, ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածի պարունակությամբ թվով 33 փաթեթ՝ ընդհանուր՝ 52,14 գրամ քաշով: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ փաթեթներում առկա զանգվածը եղել է «Մարիխուանա» թմրամիջոց:


Փախուստի դիմած 26–ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, երկու երիտասարդները ձերբակալվել են հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։


Քննիչի կողմից դատախազին ներկայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդության բավարարման արդյունքում երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման աղբյուրները, ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։


ՀՀ քննչական կոմիտեն անհրաժեշտ է համարում հատկապես դեռահասներին և երիտասարդներին զգուշացնել, որ ապօրինի թմրամիջոցների առցանց վաճառքով զբաղվող անձանց կողմից ձեռք բերված թմրամիջոցները, ֆինանսական վարձատրության դիմաց, այլ վայրերում տեղադրելը շահադիտական նկրտումներով թմրամիջոցների ապօրինի իրացում է։ Վերջինս հանդիսանում է ծանր հանցագործություն, որի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ մինչև ազատազրկում 8 տարի ժամկետով։

Հորդորում ենք ձեռնպահ մնալ հանցագործներին օժանդակելու վարքագծից, ինչը հանգեցնելու է անխուսափելի քրեական պատասխանատվության։    

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր