Տասնյակ տարիներ Հայաստանը եղել է մեր հուսալի գործընկերը, օգնել է զարգացնել ու կատարելագործել հոգեբուժության ոլորտը. Աֆզալ Ջավեդ

Համաժողովը նախագահում էր Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) նախագահ Աֆզալ Ջավեդը: Հայաստանյան կազմակերպիչն էր Հայկական հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ):
Բացման խոսքով հանդես եկան Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդը, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը ևՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Աֆզալ Ջավեդը իր խոսքում նշեց, որ հայ գործընկերները Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի կարևորագույն մաս են կազմում.«Տասնյակ տարիներ Հայաստանը եղել է մեր հուսալի գործընկերը և ամեն կերպ օգնել է զարգացնել ու կատարելագործել հոգեբուժական բժշկության ոլորտը»,-ասաց նա։
Աֆզալ Ջավեդը, կարևորելով տարածաշրջանային համաժողովը, ընդգծեց, որ սա լավ հնարավորություն է ծանոթանալու միմյանց փորձին՝ հասկանալու համար, թե ինչպես է պետք պայքարել, առաջ շարժվել դժվարություններին և արտակարգ իրավիճակներին զուգահեռ առաջ եկած հոգեբանական խնդիրների ժամանակ.«Շատ ուրախ ենք, որ համաժողովն անցկացնում ենք մի երկրում, որտեղ մեզ մեծապես օգնել են խթանել հոգեկան առողջության պահպանումը: Մեր նպատակն է բարձրացնել ոլորտում գիտելիքների և հմտությունների ծավալը, ինչպես նաև բարձրացնել մասնագետների իմիջը։ Մենք ցանկանում ենք խթանել հոգեթերապիան ՝ որպես կարևոր բժշկական ուղղություն: Սա կարևոր է մասնագետների մասին կարծրատիպերը ցրելու համար։ Մենք ստեղծել ենք ուսանողների աշխատանքային խմբեր բժիշկների շրջանում, քանի որ կարևոր է ուսանողներին փոխանցել գիտության առաջընթացը: Երիտասարդների շրջանում ուղղությունը հանրահռչակելու համար մենք անցկացնում ենք նաև ուսանողական էսսեներ գրելու մրցույթ և հաղթողներին առաջարկում ենք 20 հազար դոլար»,-ասաց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդ:
Հավելենք, որ համաժողովը Երևանում անցկացվելու է հունիսի 8-10-ը ընկած ժամանակահատվածում: