Անվտանգության ամենակուռ երաշխիք կարող է լինել մեզ թիրախավորող թշնամական յուրաքանչյուր կրակակետի ոչնչացումը.վտանգավոր պատրանքներին չտրվել
Թշնամին կրկին գնդակոծել է Հայաստանի ինքնիշխան տարածքի Երասխ ավանի մոտակայքում ամերիկյան ներդրմամբ կառուցվող մետաղագործական գործարանը։ Այս մասին տելեգրամում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.
«Բազմիցս նշել եմ, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը և դրա աներկբա հովանավոր էրդողանական Թուրքիան ոչ թե ցանկանում են Հայաստանի հետ խաղաղություն, այլ Հայաստանի խաղաղեցում կամ, այլ խոսքերով, մեր հայրենիքի զարգացման և հզորացման բացառում ու դրա գաղութացում հնարավոր բոլոր միջոցներով։
Ըստ այդմ, պետք է կրկին արձանագրել, որ սին են և մանկամիտ այն բոլոր «հավաստիացումները», թե նշված երկու վարչախմբերի հետ հնարավոր է հաստատել «փոխշահավետ գործակցություն»՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու հզորացման։
Նույնքան պատրանքային է այն մտայնությունը, թե օտարերկրյա կապիտալով ընկերությունների գործունեությունը Բաքվի բարբարոսսկան վարչախմբի զինված բաշիբոզուկների դիտարկման և հասանելիության գոտում գտնվող սահմանամերձ տարածքներում կարող է ապահովության և անվտանգության երաշխիք լինել։
Մինչդեռ կոնկրետ օրինակներով պարզ է, որ թշնամին հաշվի չի նստում ո՛չ Սոթքում ռուսական կապիտալով գործող և ո՛չ էլ Երասխում ամերիկյան կապիտալով կառուցվող գործարանների գոյության փաստի հետ։
Հայաստանի սահմանամերձ ցանկացած տարածքում անվտանգության ամենակուռ երաշխիք կարող է լինել մեզ թիրախավորող թշնամական յուրաքանչյուր կրակակետի ոչնչացումը և, ընդհանրապես, թշնամու հնարավորին հեռու ետ շպրտումը, ուստի անվտանգային օրակարգերը պետք է ճիշտ ձևակերպվեն՝ վտանգավոր պատրանքներին չտրվելու նկատառումներով»։