Քոչարյանի գույքի ցուցակը կարդացել եմ «Մարտ 1»-ի գործում, ճնշումս բարձրացավ, ինչպես է այս ալաֆն արվել, իսկ դրսում ունեցա՞ծը...
Առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի անդամների գույքի ցուցակը կարդացել եմ «Մարտ 1»-ի գործում։ Այն գործի նյութերում կցվել էր Արթուր Վանեցյանի կողմից, ինչի համար էլ Սասուն Խաչատրյանի հետ հայտնի համատեղ ասուլիսում նա վստահ հայտարարում էր ընդամենը մի քանիսի մասին։ Այդ 6.5 Էջ տեղեկանքը հասցեների ամբողջություն է:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով.
«Պատկերացնո՞ւմ եք: Ամբողջական շենքեր, հարկեր’ բնակարանների համարներով, շահաբաժիններ տարբեր բիզնեսներում։ Ասենք’ Հյուսիսային պողոտա, X շենք, բնակարաններ 66,67, 68, 69…… 99, 100, 101, 102, 103….
Այսպես շարունակ.. Կարդալիս, առանց չափազանցության, ճնշումս բարձրացավ… Հիշեցի ծնողներիս, իմ, ժողովրդիս, հատկապես սահմանամերձ գյուղերի մարդկանց կրած զրկանքները, վատ ապրելը, տասնամյակներով տուն չվերանորոգելը, չամրացնելը, չկառուցելը, վարկով ու պարտքով մի կերպ առած մեր բոլորիս բնակարանները, միջակ ավտոները, նայեցի իմ 4 բարձրագույն դիպլոմներին, ստացած, շատ տեղերում չստացած (ինչպես Հանրային խորհրդում 2 տարի կամ այլ տեղեր) աշխատավարձին ու իմ ունեցածին, հետո նայեցի Քոչարյանի, իր զավակների անցյալին, կրթական ցենզին, կուտակած միլիոններին, ու անասելի տխրեցի իմ, ժողովրդիս ապրած չարքաշ կյանքի համար.. Թե ինչպես է մեր թիկունքում այս ալաֆն արվել, «օդից», իսկ իրականում Հայաստանի ու Արցախի հաշվին հարստությունը դիզվել…
Արցախ-Հայաստան հանրային համերաշխությունը հենց այդ կերպ դագաղի մեջ դրվեց ի դեմս «ղարաբաղյան կլանի», որի առաջին պլան ու Հայաստան իշխանության բերելը ամենամեծագույն ողբերգություններից մեկն է եղել, հիմք դնելով ապագա ողբերգություններին…
Ասես մի ամբողջ կյանք անիմաստ ապրած լինես…
Ու չեմ հավատում, որ ապօրինի ծագման գույքի քանակներն ու չափը հայտարարվածն է…
Անգամ այն ժամանակ համոզիչ չէր, որ ողջ հարստությունն այդ 6.5 Էջ հասցեների ցանկն է, որը երեք անգամից կարդացի… Իսկ Հայաստանից դուրս ունեցա՞ծը»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը երեկ հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ՝ հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքերի նկատմամբ: