Բնակարանները մոտ 10 տոկոսով կթանկանան․ սկսել են «քերել» կառուցապատողներին.«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. Երեւանի ավագանին կառուցապատողների համար նոր ֆինանսական ծախսեր է սահմանել, որոնք կհանգեցնեն բնակարանների գների էական բարձրացումների։ Ավագանու որոշմամբ ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար գործակիցներ են սահմանել, որոնցով հաշվում են դրա դիմաց վճարվող տուրքը, եւ Երեւանում կառուցվող շենքերի պարագայում այդ գումարը կարող է հասնել 100 եւ ավելի մլն դրամի, մինչդեռ հայտնի չէ, թե քաղաքապետարանն այդ ինչ ծառայություն է մատուցում կառուցապատողներին, որ դրա դիմաց գումար է պահանջում, այն էլ՝ այսքան մեծ գումար։
Թեմայի առնչությամբ զրուցեցինք Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանի հետ։ Հարցին, թե ինչ վճարի մասին է խոսքը, նա պատասխանեց․ «Կա «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենք, որով սահմանվում են համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարներ։ Դա կոնկրետ բովանդակություն պետք է ունենա, թե համայնքն ինչ ծառայություն է մատուցում։ Օրինակ՝ աղբահանության դեպքում աղբահանության ծառայություն է մատուցվում, եւ յուրաքանչյուր քաղաքացուց գանձվում է 200 դրամ տեղական վճար։
Ըստ օրենքի տրամաբանության, ցանկացած տեղական վճար պետք է ունենա հաշվարկ, այսինքն՝ դա չի կարող դիտարկվել որպես կոմերցիոն ծառայությունների մատուցում, եւ վճարի գինը չի կարող գերազանցել ինքնարժեքը, եթե կլինի ինքնարժեքից ցածր, ապա կսուբսիդավորվի համայնքի բյուջեից, ինչպես աղբահանությունը, որի մի մասը սուբսիդավորվում է։ Հիմա Երեւանի ավագանին հունիսի 27-ին ընդունել է մի որոշում, որն ընդհանրապես չի քննարկել մասնագիտացված որեւէ համայնքի հետ, ավելին՝ ըստ մեր տեղեկությունների, չի քննարկել նաեւ Քաղաքաշինության կոմիտեի հետ, որովհետեւ դա Երեւան քաղաքի քաղաքաշինությանը վերաբերող խնդիր է, այսինքն՝ այո, ավագանին ինքնուրույն է եւ անկախ է որոշումներ կայացնելիս, բայց, որպես կանոն, նմանատիպ նախագծերը քննարկվում են Քաղաքաշինության կոմիտեի հետ, որովհետեւ հանրապետության ողջ շինարարության շուրջ 70-80 տոկոսը Երեւան քաղաքում է իրականացվում, եւ այդ փոփոխությունն էական ազդեցություն կարող է ունենալ քաղաքաշինական ոլորտի եւ դրա քաղաքականության վրա։
Չհամաձայնեցնելով որեւէ մարմնի հետ՝ ընդունել են մի որոշում, որից առաջին հերթին պարզ չէ, թե այդ ծառայությունն իրենից ինչ է ներկայացնում։ Ձեւակերպման մեջ գրված է՝ «ճարտարապետահատակագծային փաստաթղթերի կազմում»։ Այդ կազմումը սովորաբար իրականացնում է տնտեսվարող սուբյեկտը եւ համապատասխան էսքիզային նախագիծը ներկայացնում է քաղաքապետարանին՝ հաստատման համար։ Հիմա այս ծառայության կազմն անհայտ լինելու պայմանում, պարզ է, հնարավոր չի լինում որոշել, թե ինչ է դրա գինը։ Ինչ-որ գին են սահմանել, որը ոչ մի հաշվարկ չունի, ոչ մի տրամաբանություն չունի եւ անհասկանալի մեծ ծախսեր է ենթադրում կառուցապատողների համար։ Այս առումով այդ որոշումն իրավաչափ չէ, որովհետեւ նմանատիպ տեղական տուրք իրենք չեն կարող սահմանել, որովհետեւ չգիտենք, թե ինչն է այդ ծառայության առարկան։ Երկրորդը՝ այս պայմաններում պարզ չէ, թե ինչ տրամաբանությամբ է հաշվարկվել այդ ծառայության գինը, որովհետեւ չի կարող Երեւանի կենտրոնում մի գին կազմել, մյուս վարչական շրջաններում այլ գին կազմել, նույն գործողությունն են կատարում, բովանդակային նույն բանն են կատարում, հետեւաբար՝ գործակիցներ կիրառելու տրամաբանությունն էլ է անհասկանալի։
Մյուս կարեւոր խնդիրն ընդհանրապես դրա համար որեւէ վճար սահմանելն է, որովհետեւ դա օրենքից չի բխում, երրորդ՝ ամենակարեւորը, որ նմանատիպ փոփոխությունները՝ դա կլինի տեղական տուրք թե վճար, կարող են կիրառվել բյուջետային տարվա սկզբից, որովհետեւ պետք է սահմանվեն նախքան բյուջեի ընդունումը եւ կարող են կիրառվել հունվարի 1-ից։ Այսինքն՝ խաղի կեսից խաղի կանոններ են փոխվում ոչ իրավաչափ ձեւով, եւ բոլոր կառուցապատողները մի խայտառակ, անելանելի վիճակի մեջ են հայտնվել՝ թե՛ անորոշություն եւ թե՛ անհիմն ծախսեր իրենց համար»։
Սաքապետոյանի խոսքով՝ քաղաքապետարանը շատ վատ ծառայություն մատուցող է, եթե նախկինում դիմումներին չէին պատասխանում ամիսներով, ապա այժմ անբովանդակ պատասխաններ են ուղարկում՝ իբրեւ թե պատասխանել են․ «Սա իրավական բովանդակային մասն էր։ Հիմա գանք մյուս կողմից․ ցանկացած մարդ օգտվում է որեւէ ծառայությունից, դա կլինի ռեստորան, ճարտարապետին դիմել կամ ավտոմեքենա վերանորոգել։ Յուրաքանչյուր մարդ ծառայության դիմաց վճարում է մատուցված ծառայության որակին համապատասխան։ Երեւանի քաղաքապետարանը, որպես համայնք, շատ վատ որակի ծառայություն է մատուցում։ Օրինակ՝ դիմում ես, ասում են՝ 15-օրյա ժամկետում կպատասխանենք, բայց դեպքեր ունենք, որ ամիսներ կամ տարիներ են տեւում։ Մենք հաշվարկ ենք ունեցել, ներկայացրել ենք կառավարությանը եւ քաղաքապետարանին, թե ժամկետների չպահպանման առումով քաղաքաշինական այդ պրոցեսներում ինչ խզումներ են տեղի ունենում, եւ ինչ վնասներ են կրում կառուցապատողները։ Մի կարեււոր բան եւս կուզեմ նշել, որ հիմա քաղաքապետարանը ձեւական իմաստով շուտ պատասխանում է, վերջին 1 շաբաթվա մասին է խոսքը, բայց բովանդակություն չկա այդ պատասխանի մեջ, այսինքն՝ էնքան, որ նամակը փակում են, ինչ-որ մի ոչ բովանդակային պատասխան գրելով պատասխանում են քաղաքացու կամ ընկերության դիմումին»։
Սաքապետոյանին հարցրինք՝ ինչքա՞ն լրացուցիչ ֆինանսական ծախս է ենթադրում կառուցապատողների համար այս որոշումը, եւ հնարավո՞ր է, որ դա հանգեցնի բնակարանների գների բարձրացման։ «Կենտրոնում 16 հարկանի շենքի հաշվարկով կարող է դառնալ մինչեւ 100 մլն դրամ լրացուցիչ ծախս կառուցապատողի մոտ։ Գազը մի կողմից թանկացավ, որովհետեւ հիմա մենք առանձին գազամուղներ ենք քաշում, որպեսզի կարողանանք բնակարանները հանձնել։ Գազի թանկացումը, օրինակ, 70 քմ մակերեսով բնակարանի մեջ բերեց 1000 դոլարի թանկացում։ Մոտ 1500 դոլարի թանկացում բերել է հոսանքը, հիմա սա էլ որ բաժանենք կառուցապատվելիք բնակարանի մակերեսի վրա, մի էական թանկացում էլ դա է բերելու։ Այսինքն՝ պայմանականորեն այն բնակարանը, որն արժեր 70 հազար դոլար, հիմա կարող է դառնալ 78 հազար դոլար, ինչը մոտ 10 տոկոս թանկացման է բերում։ Բնականաբար, բնակարանների թանկացումով շուկան է փչանում, չի դառնում գրավիչ, եւ այն մարդիկ, որոնք ընտանեկան բյուջեում ունեին 600 հազար դրամ եկամուտ, այդ մարդկանց համար բնակարանի գնումն այլեւս հասանելի չէ, արդեն 800 հազար եկամուտ ունեցողի համար է միայն մատչելի դառնում»,- պատասխանեց Սաքապետոյանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 15․ 07․ 23 թ համարում։